ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
70 տարի Խրհրդային Մությունում իշխած աթեիզմի գաղափախոսության պատճառով հասարակությունը ծանոթ չէր Արեւմուտքում գործող այլ կրոններին եւ ուսմունքներին: ԽՍՀՄ փլուզումից հետո, «Արեւմուտքի վարդապետերի» համար հետխորհրդային երկրներում ավելի հեշտ էր գործունեություն ծավալելը, որովհետեւ հանրությունը պատրաստ չէր նրանց դեմ պայքարելու: Սոցիալական ծանր կացության մեջ հայտնվածներն էլ հեշտությամբ էին հավատում լավ ապագայի եւ սատանիզմի մասին աղանդավորների քարոզներին, մինչդեռ օտարերկրյա «բարի քեռիների» հիմնական նպատակը մարդկությանը զոմբիացնել ու կործանման տանելն է:
Զարմանալին այն է, որ 6 դար մուսուլմանական պետության իշխանության տակ ապրած, սակայն հավատքը պահպանած հայ ժողովուրդը վերջին 20 տարվա ընթացքում չի կարողանում պայքարել աղանդավորների դեմ:
Ըստ վիճակագրական տվյալների, 3.5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում պաշտոնապես գրանցված է 350.000 աղանդավոր: Թիվն աղետալի է. ստացվում է, որ հանրապետությունում յուրաքանչյուր 10-րդ անձը աղանդավոր է:
Աղանդների ներկայացրած իրական սպառնալիքի եւ նրանց դեմ պայքարի ձեւերը երեկ քննարկվեցին «Նովոստի» կենտրոնում կայացած «Երեւան-Մոսկվա-Թբիլսի-Կիեւ» հեռուստակամուրջի ժամանակ:
«Հանուն սուրբ Մարտիրոս Իրինեյ Լիոնսկու» կրոնագիտական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ալեքսանդր Դվորկինի ներկայացմամբ Ռուսաստանում գործող աղանդների թիվը գերեզանցում է 80-ը, ոչ պաշտոնական տվյալներովՙ այդ ուսմունքների հետեւորդների թիվը կազմում է 800.000: «Եթե 90-ականներին նախկին Խորհրդային Միության երկրների տարածք աղանդները թափանցեցին Արեւմուտքից, ապա այսօր աղանդավորական շարժումներ տեղում են ձեւավորվում: Օրինակ, Ռուսաստանում գործում են բազմաթիվ աղանդավորական կազմակերպություններ, որոնց սկիզբը դրվել է Հայաստանում: Համոզված եմ, որ իրենց Հայաստանում լավ չեն զգացել կամ գործունեության շրջանակները շատ նեղ են եղել ու այժմ իրենց ուսմունքները տարածում են Ռուսաստանում», ասաց Դվորկինը: Նրա ներկայացմամբՙ Ռուսաստանում կրոնական հիմքի վրա մահացած երեխաների թիվը 16-ն է. «Նրանց ծնողները «Եհովայի վկա» աղանդի հետեւորդ էին, եւ հրաժարվել էին արյան փոխներարկում կատարել: Համոզված եմ, որ նման դեպքերն ավելի շատ են, քան ներկայացվում է»:
Վրաստանի ներկայացուցիչ Կախաբար Կուրդանաձեի փոխանցմամբՙ Վրաստանում գործում է 2-3 աղանդավորական կազմակերպություն, եւ նրանք մեծ վտանգ չեն պարունակում:
Կիեւի «Պաշտամունքներ եւ հասարակություն» համաուկրաինական ՀԿ-ի ղեկավար Վալերի Չաբանենկոն էլ նշում է, որ Ուկրաինայում գործող սահմանադրության համաձայնՙ աղանդավորական կազմակերպությունները կարող են գործել առանց պաշտոնական գրանցման, հետեւաբար վիճակագրական որեւէ տվյալ չկա, թե Ուկրաինայում որքան են կազմում աղանդավորները: Սակայն կատարված սոցոլոգիական ուսումնասիրություններով պարզվել է, որ կրոնական այլ ուսմունքներին հետեւողների թիվը չի անցնում 1 տոկոսի նիշը:
Ալեքսանդր Դվորկինը համոզված է, որ աղանդավորական շարժման դեմ պայքարելու համար պետք է քայլեր ձեռնարկի ոչ միայն եկեղեցին, այլեւ պետությունը:
Հոգեբան Ալինա Վինոգրադովայի համոզմամբՙ աղանդավորներ են դառնում հատկապես սոցիալական վատ պայմաններում ապրող մարդիկ:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի գնահատմամբՙ աղանդավորական կազմակերպությունների հիմնական նպատակը մարդկանց «վերամշակումն է»:
Կան գրքեր, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչպես պետք է ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա, որպեսզի նրանք դառնան զոմբի:
«Կան դեպքեր, երբ մարդիկ աղանադավորական խմբավորումների շարքերն անցնելով տարիների ընթացքում զոմբիանում են, ղեկավարները տղամարդկանց օգտագործում են որպես ստրուկների եւ աշխատեցնում, իսկ կանանց դրդում զբաղվել մարմնավաճառությամբ»:
Ամարյանը նշում է, որ Հայաստանում չկան համապատասխան մասնագետներ, չկան անկախ կենտրոններ, ովքեր կկարողանան պայքար ծավալել քարոզիչների դեմ: «Երեւանի գրախանութներում վաճառվում են աղանդավորական ուսմունքների մասին բազմաթիվ գրքեր, մինչդեռ դրանց հակակշիռ գրականություն չի հրատարակվում»:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի» ղեկավարը փաստում է, որ հաճախ աղանադավորական կազմակերպությունները համագործակցում են տարբեր կուսակցությունների հետ եւ բեղմնավոր աշխատանք ծավալում հատկապես քարոզարշավների ժամանակ:
Նրա ներկայացմամբ` 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների նախօրեին Ազատության հրապարակում կային աղանդավորական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ:
Մասնագետը փաստում է, որ աղանդավորներ կային, երբ Կիեւում «Նարնջագույն», իսկ Թբիլիսիում` «Վարդերի» հեղափոխություն էին իրականացնում:
Վիճակագրական տվյալները բացակայում են, թե որքան են կազմում կրոնական հիմքերի վրա սպանություններն ու ինքնասպանությունները: Պատճառը իրավապահ մարմիններում մասնագետների բացակայությունն է: Ամարյանը փաստում է, որ խնդրի մասին պետք է մշակվի պետական ծրագիր, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքար իրականացնել աղանդների դեմ: