«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2010-11-10 | #207, 2010-11-11 | #208, 2010-11-12


ՀԱՅ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԱ՞ՆԴ Ե՞Ն ՊԱՀԵԼ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հայ-վրացական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի օրինակով ցույց է տրվում, թե Վրաստանի իշխանությունները ինչպես են կրկին Հայաստանի եւ Ջավախքում բնակվող հայերի նկատմամբ լկտի կեցվածք դրսեւորել:

«Ոսկե աշնան» ամսօրյակի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ախալքալաքում կայանալիք գլխավոր միջոցառմանը պետք է որպես հրավիրյալ ներկա լիներ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, որի վերաբերյալ Վրաստանի պատկան մարմինները դիվանագիտական պատշաճ իրազեկում են ստացել: Սակայն նշված օրը Բավրայի սահմանային անցակետում վրացական կողմի աշխատակիցները Արսեն Քարամյանին թույլ չեն տվել ազատ տեղաշարժվել դեպի Վրաստանի տարածք եւ երկար ժամանակ սպասեցրել են: Իսկ որոշ ժամանակ անց Թբիլիսիից ժամանած հատուկ ավտոշարասյունը, ներառելով փոխնախարարի ավտոմեքենան, շարժվել է Թբիլիսի, արգելելով փոխնախարարի մուտքը Ախալքալաք: Փաստորեն` մեկ-երկու օր Արսեն Քարամյանը պատանդի կարգավիճակում է գտնվել, որից հետո Բագրատաշենի անցակետով վերադարձել Հայաստան:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնության հայտարարությամբ` Վրաստանի իշխանությունների այս պահվածքի առումով մինչեւ օրս հրապարակային որեւէ կեցվածք չեն դրսեւորել Հայաստանի իշխանությունները` քար լռություն պահպանելով տեղի ունեցածի մասին, ինչից նախաձեռնությունն իր հայտարարության մեջ եզրակացնում է, թե այս փաստը խոսում է Վրաստանի իշխանությունների կողմից ՀՀ-ի ու հայերի նկատմամբ ցուցաբերվող ակնհայտ արհամարհական եւ նվաստացուցիչ դրսեւորման, իսկ Հայաստանի իշխանությունների էլ` Վրաստանի նկատմամբ պարտվողական եւ մշտական զիջողական քաղաքականության, ինչպես նաեւ` Ջավախքում բնակվող հայերի նկատմամբ աններելի կեցվածքի անփոփոխ շարունակման մասին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4