ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանում կրոնական հողի վրա կատարված սպանությունների ու ինքնասպանությունների վերաբերյալ վիճակագրական որեւէ տվյալ չկա: Թեպետ Հայաստանում աղանդավորների թիվը բավական մեծ է, սակայն մինչ այսօր պետական մակարդակով սոցոլոգիական որեւէ հարցում չի անցկացվել` պարզելու, թե հանրությունն ինչպես է տրամադրված աղանդների հանդեպ, ինչու են նախընտրում այդ խմբավորումների մեջ մտնել, սոցիալական կամ տարիքային ո՞ր խավն է առավել հակված աղանդավորական խմբավորումների մեջ մտնելու:
Ընդհանուր առմամբ ստացվում է, որ Հայաստանում պետական մակարդակով գործունեություն չի իրականացվում աղանդների դեմ պայքարելու համար: Կրոնական կառույցների վերաբերյալ օրենքները ուղղակի չեն գործում, հոգեորսության մասին օրենքն էլ «օդում կախված» վիճակում է:
Եթե Ռուսաստանում օրենքով արգելվում է քայքայիչ պաշտամունքների վերաբերյալ գրականության տարածումը, ապա Երեւանի գրախանութներում բավական մատչելի գներով կարելի է գտնել Մալախովի հեղինակած «Скрытый гипноз» գիրքը, որտեղ հաջորդաբար ներկայացվում է, թե ինչպես պետք է մշակել մարդուն:
Ներկայացրած հարցերը եթե մինչ այժմ չեն գտնվել, ապա ժամանակն է, որ արժանանան ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուշադրությանը, որովհետեւ «յուրաքանչյուր 10-րդը աղանդավոր է» արտահայտությունը սարսափեցնող է:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի գնահատմամբՙ Հայաստանում կրոնական հողի վրա սպանությունների եւ ինքնասպանությունների կոնկրետ թիվը չկա, որովհետեւ բացակայում են համապատասխան մասնագետները, կրոնագետ-հոգեբաններն ու կրոնագետ-իրավաբանները:
2004-ին սատանայապաշտ երկու երիտասարդ դաժանաբար սպանեցին խանութում աշխատող ոսկերչին: Սպանությունը կատարվել էր սատանայական պաշտամունքին համապատասխան կանոնակարգով, սակայն իրավապահ մարմիններն այն գրանցեցին որպես կենցաղային սպանություն` մեղսագործներին ցմահ պատիժ նշանակելով:
2004-ին 12-ամյա Անուշիկի դիակը հայտնաբերեցին Հրազդանի ձորում` ծառից կախված: Հատկանշական փաստ էր, որ աղջկա ձեռքերը մեջքին էին կապած:
Այս փաստն արդեն պետք է իրավապահ մարմիններին հուշեր, որ աղջիկը չէր կարող ձեռքերը կապել, բարձրանալ ծառն ու կախվել: Նրա սենյակում, բացի հոգեգալստականների մասին գրականությունից, որեւէ այլ բան չկար, սակայն որակվեց ինքնասպանություն, պատճառը` մոր հանդեպ կարոտը:
Մի քանի տարի առաջ Անրի անունով երիտասարդը ծեծել էր մորը` ջարդելով ողնաշարը: Պատճառն այն է, որ մայրը հրաժարվել էր տունը վաճառել, որպեսզի որդին գումարը տրամադրեր խարիզմատիկ եկեղեցուն:
Այս տարի նոյեմբերի 8-ին Սեւան քաղաքի Նալբանդյան 33 շենքի 10-րդ բնակարանում 23-ամյա Արման Թորոսյանը դաժանաբար սպանեց ծնողներին` 64-ամյա Խաչիկ Թորոսյանին եւ 57-ամյա Մարիետա Թորոսյանին: Հարեւանների փոխանցմամբՙ երիտասարդը «Եհովայի վկա» էր եւ մշտապես վեճեր է ունեցել ծնողների հետ: Նա իր այդ վարքը պատճառաբանում էր, թե կատարում է Եհովա «աստծո» պատվիրանը:
Սա առաջին դեպքն է, երբ իրավապահ մարմինները հայտարարում են, որ հանցագործությունը կրոնական հիմքի վրա էր: Զուգադիպության կարգով հարեւանները կարող էին չհիշատակել Արմանի` Եհովայի վկա լինելու փաստն, ու այս հանցագործությունն էլ կենցաղային սպանությունների շարքին կդասվեր:
Մեր իշխանությունները միշտ հայտարարում են, որ կրոնական փոքրամասնությունների հանդեպ առաջնորդվում են Եվրոխորհրդի չափանիշներով, սակայն Եխ-ն չի արգելում զեկույցներ հրապարակել եւ պատժամիջոցներ ձեռնարկել բոլոր այն աղանդավորական խմբավորումների հանդեպ, որոնք քայքայիչ գործունեություն են իրականացնում եւ դառնում մարդկանց մահվան պատճառ:
Ալեքսանդր Ամարյանի փոխանցմամբՙ նույն ԵԽ-ն` պահաջելով ճանաչել աղանդավորներին, թույլատրում է տեղեկատվական կենտրոնների, անկախ փորձագիտական կառույցների գործունեությունը, որոնք պետք է հանրության լայն խավերին տեղեկացնեն աղանդավորական խմբավորումների գործունեության մասին: Մինչդեռ Հայաստանում նման կենտրոններ ու մասնագետներ չկան:
«Աշխարհը ոտքի է կանգնել եւ պայքարում է աղանդների դեմ, բայց մեր իշխանությունները հոգեբանական պատերազմից իրենց քաղաքացիներին չեն պաշտպանում», նշում է նա «Արմատ» ակումբումՙ օրինակ բերելով Ֆրանսիայի Սենատի գործունեությունը, որ 3 անգամ քննարկել է աղանդների գործունեությունն ու զեկույցներ հրապարակել:
Ամարյանի ներկայացմամբՙ ուղեղների լվացման հետեւանքով մարդիկ պատրաստ են դիմել ամեն արարքի, ընդհուպ սպանել ծնողներին, երեխաներին: Աղանդավորական խմբավորումների շարքերը համալրածներին ստիպում են զբաղվել թմրավաճառությամբ, մարմնավաճառությամբ եւ մարդասպանությամբ: «Վերջերս արձանագրվեց նաեւ կանիբալիզմի դեպք, երբ Լենինգրադում հայ աղջկան սպանելուց հետո կերան»:
Թե ինչու հայ առաքելական եկեղեցի-պետական կառույցներ-ոստիկանություն-անկախ կենտրոններ համագործակցությունը չի ստացվում` աղանդների դեմ պայքարելու համար, Ամարյանը չգիտի, սակայն համոզված է, որ բազմաթիվ կուսակցություններ նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտվում են աղանդավորների գործունեությունից:
«Օրինակՙ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում, Գեղարքունիքի մարզում աղանդավորներն այնքան շատ են, որ կարող են իրենց թեկնածուին առաջադրել, եւ նա կհաղթի: Նրանց գոյությունից կուսակցություններն օգտվում են եւ ձայներ վաստակում: Նրանք 350.000 միանման մտածող մարդիկ են, որ դառնում են մի բռունցք եւ վտանգավոր են հասարակության համար, մեծ սպառնալիք», ընդգծեց նա:
Ամարյանի ներկայացմամբՙ Հայաստանում կան բազմաթիվ խմբավորումներ, որոնք կրոնի ու հավատքի հետ որեւէ առնչություն չունեն:
Դրանցից մեկն էլ New Age խմբավորումն է, որի շարքերում կան հոգեբաններ, հոգեբույժներ, գիտնականներ, մտավորականներ: Ամարյանը պատմում է, որ անդամներից մեկը տարիներ առաջ դատարանում խոստովանել է, որ խմբավորման որջը մտնելու ժամանակ իրենք պետք է կոշիկները հանեին եւ չորեքթաթ մոտենային խմբավորման «շեֆին»` Սոնա Ֆահրադյանին, եւ միայն նրա ոտքերը համբուրելուց հետո իրավունք ունեին կանգնելու: «Եթե այդ խմբավորումները որեւէ կապ ունեն հավատքի հետ, ապա ինչու են թաքուն գործում: Եթե այդ խմբավորման ղեկավարների նպատակը իշխանությունն ու փողը չէ, մարդկանց ստրուկ դարձնելն ու աշխատեցնելը, ապա ինչու են փախչում հասարակությունից եւ հարցերից: Հանրությունը գիտի, թե որտեղ են գտնվում մեր եկեղեցիները, ինչպես նրանց գտնել, ինչպես ճանաչել հոգեւորականին, մինչդեռ աղանդավորները գործում են որջերում ու թաքնվում, իսկ անմեղները չեն թաքնվում»: