«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2010-11-11 | #208, 2010-11-12 | #209, 2010-11-13


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԵՎՍ ԿՍՏԵՂԾՎԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Արցախում նախատեսվում է շուրջ 800 միլիոն դրամով ավելացնել առողջապահության ոլորտում ներդրվող պետական միջոցների չափը: Այս մասին նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի մի խումբ բժիշկների հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպման ժամանակ:

Ինստիտուտի տնօրեն Դ. Դումանյանը Արցախի նախագահին է ներկայացրել այցի արդյունքները: Նրա խոսքով, ինստիտուտի համապատասխան մասնագետները նոյեմբերի 9-ին լինելով Բերձորում, բժշկական օգնություն են ցուցաբերել ավելի քան 120 այցելուների, ինչպես նաեւ տեղի մասնագետների հետ անցկացրել են խորհրդատվություններ: Հաջորդ օրը բժիշկները եղել են Ստեփանակերտի մանկաբարձա-գինեկոլոգիական եւ մանկական բուժհաստատություններում, որտեղ ընդունել են 350 հիվանդների: Հետագա այցելությունների ցանկում ծրագրված է ընդգրկել նաեւ Հադրութի, Շահումյանի ու Մարդակերտի շրջանները:

Դ. Դումանյանը տեղեկացրել է, որ նույն ծրագրի շրջանակում իրենք արդեն բուժսպասարկում են իրականացրել ՀՀ բոլոր մարզերում: Հայաստանի հանրապետական կուսակցության 20-ամյակի պատվին իրականացվող ակցիայի նպատակը մարդասիրական կարգով ազգաբնակչությանը շարունակաբար բժշկական օգնություն ցուցաբերելն է: Արցախ գալով խումբն իր հետ բերել է դեղորայք, բժշկական պարագաներ, գործիքներ, վիրակապական նյութեր: Ինստիտուտի տնօրենը միաժամանակ իրազեկել է, որ Շիրակում, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում ստեղծել են տարածքային կենտրոններ, եւ նպատակ կա նման կենտրոն ստեղծելու նաեւ Ստեփանակերտում:

Բակո Սահակյանը գոհունակությամբ է ընդունել առաջարկությունը: Խոսելով առողջապահության համակարգում իրականացվելիք ծրագրերի մասինՙ նախագահը մասնավորապես շեշտել է Արցախում դատաբժշկական փորձաքննության ժամանակակից կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը, այս խնդրում դարձյալ ակնկալելով հայաստանյան մասնագետների աջակցությունը:

Հանդիպման ժամանակ Դ. Դումանյանը գոհունակություն է արտահայտել ստեփանակերտցի գործընկերների աշխատանքից` ընդգծելով նրանց մասնագիտական պատրաստվածությունը: Համամիտ լինելով այդ գնահատականին, ԼՂՀ նախագահը միեւնույն ժամանակ նշել է, որ հանրապետությունում ընդհանուր առմամբ իրականացվում է միջինից ցածր բժշկական սպասարկում. հատկապես հեռավոր շրջաններում դեռեւս ի վիճակի չեն մատուցել պատշաճ բժշկական ծառայություն: Իսկ պատշաճ մակարդակ ապահովելը հնարավոր է հայաստանյան մասնագետների գործուն մասնակցությամբ: Նա առաջարկել է նման հանդիպումները դարձնել եռամսյակը մեկ, քանզի տարվա կտրվածքով երկօրյա այցելությունները չեն կարող ցանկալի արդյունք ապահովել: Պատվիրակության անդամները հոժարությամբ են ընդունել նպատակային այցելությունները հաճախակի դարձնելու գաղափարը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4