Նոյեմբերի 13-ին, ժամը 17-ին գերմանական 64 քաղաքներում միաժամանակ կմեկնարկի «1 միլիոն աստղ» Կարիտասի բարեգործական նախագիծը, որի 4 եվրո արժողության մոմերի վաճառքից ստացված հասույթի մի մասն այս անգամ կուղղվի Վանաձորի մանուկների եւ պատանիների կենտրոնին, մյուս մասը տարածքում ապրող կարիքավորների հոգսերը կթեթեւացնի: Այս տեղեկությունը հայտնում են գերմանական մի շարք լրատվամիջոցներ: Մասնավորապես «Մայն փոստից» իրազեկ ենք դառնում, որ քաղաքների հրապարակներում, շենքերի բակերում Կարիտասի աստղ պատկերող վառվող մոմերով համերաշխության այս նախագիծը երկար տարիներ նույն նպատակն է հետապնդումՙ ուշադրություն սեւեռել Եվրոպայում տիրող աղքատությանը:
2 շաբաթ է, ինչ Կարիտասի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Անահիտ Մխոյանը եւ սոցիալական աշխատող Գուրգեն Բալասանյանը իրենցՙ 2006 թվականից մեկնարկած Վանաձորի պատանիների հետ վերականգնողական ծրագրի հաջողություն գրանցած փորձն են ներկայացնում գերմանացի գործընկերներին:
Հայաստանի բնակչությունը կրթված է (անգրագետները 20 տոկոսից էլ ցածր թիվ են կազմում), բայց 3 միլիոն բնակչության 80 տոկոսը ապրում է աղքատության ստորին շեմը չհաղթահարելով: Աղքատությունը ծնունդ է տալիս հարբեցողության, բռնության եւ քրեածին իրավիճակի: Հաջողակ հեռանկար է ուրվագծում Կարիտասի Վանաձորի կենտրոնում տարվող վերոհիշյալ նախագիծը, որի բյուջեն 139 999 եվրո է կազմում: Սիրո, նվիրվածության, անհատական օգնության, ուսումնական եւ ժամանց կազմակերպելու ծրագրի շնորհիվ հաջողվել է 435 պատանիների ինտեգրել հասարակությանը: Այժմ կենտրոնի խնամքի տակ են 12-22 տարեկան 150 պատանի ու երիտասարդ: Հայաստանի Կարիտասի 75 աշխատակիցներ եւ 70 կամավորներ հաջողությամբ են իրականացնում իրենց առջեւ դրված խնդիրը: Կարիտասի ֆինանսական միջոցների 25-30 տոկոսը գերմանական կողմն է ապահովում:
Ան. Հ., Գերմանիա