«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2010-11-11 | #208, 2010-11-12 | #209, 2010-11-13


«ԵՍ ԵՐԳՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՒՆ ԵՐԳԵՐ»

«Սիրուն» երգեր` Մարզահամերգային համալիրում

Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Հարութ Բալյանը հիմա Հայաստանում է: Երեկ նա «Հայելի» ակումբի հյուրն էր: Ասում է ԱՄՆ տեղափոխվել է 10 տարեկանում, 21 տարի է ապրում է այնտեղ. «Ուրախ եմ, որ իմ ժողովուրդն ինձ գնահատում է», նշեց երգիչը: Տպավորությունն այնպիսին է, որ Հարութ Բալյանն իրեն սիրված ու ճանաչված աստղ է համարում, բայց մինչեւ նրա համերգը գովազդող տեսահոլովակների երեւան գալը շատերս նրա մասին ո՛չ լսել էինք, ո՛չ էլ պատկերացնում էինք, որ Միացյալ Նահանգներում հայտնի հայ երգիչ է ապրում, որի երազանքը Հայաստանում մենահամերգ ունենալն է: Հարութ Բալյանի երազանքն այսօր կատարվելու է. երեկոյան ժամը 19.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հարութ Բալյանը: Իսկ թե ի՞նչ է երգում Հ. Բալյանը, լրագրողներն ուզեցին, որ այդ հարցին երգիչը պատասխանի: «Ավելի շատ ինձ տեսնում եմ ժողովրդի ոճի մեջ: Կոնկրետ իմ մակարդակը ժողովրդի մակարդակն է: Ես սիրուն երգեր եմ երգում», ասաց Հ. Բալյանը: Այսպիսի պատասխանից հետո ի՞նչ ոճի երգիչ համարենք Հարութին... Երբ անճաշակություն, կամ ինչպես ժողովուրդն է ասումՙ ռաբիս երգողներին հարցնում են, թե ի՞նչ ոճով եք երգում, նրանք պատասխանում ենՙ մոտավորապես Հարութ Բալյանի նման: «Ես երգում եմ իմ ժողովրդի համար, երգում եմ մաքուր, զուլալ: Դրանք հոգուցս ու սրտիցս դուրս եկած երգեր են», ասաց երգիչը:

Երեկվա ասուլիսը սովորականից ուրախ անցավ, սակայն ոչ թե «հանրահայտ» երգչի, այլեւ ԱՄՆ-ից Հայաստան եկած երգչուհի Շիոմայի շնորհիվ: Ասուլիսին ներկա էր նաեւ Շիոման: Երգչուհին այսօրվա համերգի ժամանակ երգելու է Հարութ Բալյանի հետ: Նրանք միասին ձայնագրած զուգերգ ունեն: Զուգերգի ամբողջ հմայքն այն է, որ սեւամորթ աղջիկը հայերեն է երգում: Որ Շիոմա անունով երգչուհի կա, այդ մասին էլ նոր ենք իմանում: Պարզվում է` Հարութ Բալյանի շնորհիվ Շիոման ճանաչվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում: «Դե ես արդեն 10 տարի է երգում եմ, զուգերգը ճանաչվածություն ավելի շատ Շիոմային բերեց», ավելացրեց Հարութ Բալյանը: Կատակը մի կողմ, փաստորեն, անհայտ Հարութ Բալյանի հետ երգելով հնարավոր է հայտնի դառնալ: Շիոման Հայաստան էր ժամանել երեկ, համերգից հետո մեկնելու է Նյու Յորք, որը նրա մշտական բնակության վայրն է: Հայաստանում ընդամենը մի քանի ժամ մնալով` Շիոման արդեն ասում էր. «Այստեղ ինձ զգում եմ ինչպես իմ ընտանիքում»: Շիոման ծանոթացավ ներկա բոլոր լրագրողների հետ, մի քանի անգամ կրկնեց մեր անունները, հետո երգեց հայերեն: Ըստ Շիոմայի` հայ աղջիկները շատ գեղեցիկ են: Պարզվեց, որ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին Շիոման գրեթե ոչինչ չգիտի, բայց դա չէր խանգարում նրան, որպեսզի իրեն սեփական տանը զգար: Խոսելով համագործակցությունների մասին` Հարութ Բալյանն ասաց, որ հետագայում արդեն աշխարհահռչակ երգչուհու հետ է երգելու: Ըստ պլանների` եկող տարի զուգերգը պատրաստ կլինի: Թե ո՞վ է աշխարհահռչակ երգչուհին, Հարութ Բալյանը, չգիտես ինչու, որոշեց գաղտնի պահել, երեւի թե այն պատճառով, որ աչքով չտանք կամ էլ... Անդրադառնալով շոու բիզնեսի խաղի կանոններին, Հ. Բալյանը նշեց, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի շոու բիզնեսի կանոնները շատ են տարբերվում իրարից. «Այնտեղ ավելի պրոֆեսիոնալ են: Շատ մանրուքներ կան, որոնք թվարկելը երկար կտեւի»: Վերջում երգիչը լրագրողներին ասաց, թե ինչ է մտածում հայ երգիչ-երգչուհիների մասին. «Որեւէ մեկին «անուն դնել» չեմ սիրում: Ամեն մարդ ինքը գիտի այս կյանքում ինչն է ճիշտ անում, ինչը սխալ»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4