«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2010-11-11 | #208, 2010-11-12 | #209, 2010-11-13


ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՕԿ-ՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեկ Երեւանում մեկնարկեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների օլիմպիական կոմիտեների տարածաշրջանային ֆորումը: Արդեն 2-րդ անգամն է, ինչ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այդ հեղինակավոր միջոցառումը հյուրընկալում են Հայաստանում: Մինչ ֆորումի բացումը, տեղի ունեցավ «Օլիմպիական Հայաստան» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հեղինակությամբ: Այս արժեքավոր աշխատության մեջ ներկայացված են ինչպես հայ մարզիկների օլիմպիական նվաճումները, այնպես էլ միջազգային օլիմպիական շարժման մեջ հայազգի ներկայացուցիչների ունեցած դերակատարումը:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կարեւորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը: «Մենք միշտ ուրախ ենք Հայաստանի հյուրընկալ հողում ողջունելու Ձեզ: Նմանօրինակ միջոցառումները մեծ կարեւորություն ունեն մեզ համար, քանի որ հնարավորություն են տալիս ծանոթանալ այլ երկրների օլիմպիական կոմիտեների աշխատանքներին, նպաստում փոխադարձ կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը», իր խոսքում նշեց ՀԱՕԿ-ի նախագահը:

Քննարկման շրջանակներում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը ներկայացրեց 2012-ին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման աշխատանքները: Նմանատիպ զեկուցումով հանդես եկան նաեւ 2014-ի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչները:

Ֆորումի օտարերկրյա մասնակիցների համոզմամբ, 20-ամյա կենսագրություն ունեցող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այլեւս կայացած կառույց է, որի հետ հաշվի են նստում աշխարհի բոլոր երկրների մարզական կառույցները: Իսկ այդ համբավն ու հեղինակությունը ձեռք են բերվել երկարամյա համառ ու հետեւողական աշխատանքի արդյունքում, որի լավագույն գնահատականը մեր մարզիկների փայլուն ելույթներն են միջազգային խոշորագույն մարզական ստուգատեսներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4