«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2010-11-11 | #208, 2010-11-12 | #209, 2010-11-13


«ՓՅՈՒՆԻ՞ԿԸ», ԹԵ՞ «ԲԱՆԱՆՑԸ»

Այս հարցի պատասխանը կտրվի նոյեմբերի 14-ին, երբ վերջնագիծը կհատի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ առաջնությունը: 2001-ից սկսած սովորաբար փյունիկցիները մշտապես ժամկետից շուտ պաշտոնապես գրանցում էին իրենց չեմպիոնությունըՙ գործը չթողնելով ավարտական տուրին: Բացառություն էր միայն 2008-ի առաջնությունը, երբ փյունիկցիներին լուրջ դիմադրություն ցույց տվեց «Արարատը», որին մարզում էր Վարուժան Սուքիասյանը: Այդ տարի արարատցիներն առաջնության ընթացքում բավական առաջ էին անցել փյունիկցիներից, սակայն հետագայում թիմը «սայթաքեց» ու հնարավորություն տվեց չեմպիոնին գլխավորելու աղյուսակը: Հանգուցալուծումը տեղի ունեցավ առաջնության ավարտական տուրում: «Արարատը» 1-0 հաշվով հաղթեց «Փյունիկին» եւ միավորներով հավասարվեց մրցակցին: Հայաստանի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնին որոշեց «ոսկե» խաղը, որում 2-1 հաշվով հաղթեց «Փյունիկը»:

Ընթացիկ առաջնությունում թեեւ «ոսկե» խաղի անցկացումն արդեն բացառվում է, սակայն նման խաղ կարելի էր որակել 26-րդ տուրում կայացած «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը: Վերջին վայրկյաններին Կառլեն Մկրտչյանի խփած գոլի շնորհիվ հաղթելով, «Փյունիկը» մեկ միավորով առաջ անցավ «Բանանցից»: Այդ խաղն էլ գործնականում վճռեց ոսկե մեդալների հարցը հօգուտ «Փյունիկի»:

Ճիշտ է, առաջնության ավարտին դեռ մեկ տուր կա, սակայն դժվար թե գտնվի մեկը, ով հավատա, որ «Փյունիկն» ավարտական տուրում չկարողանա հաղթել «Կիլիկիային»: Այնպես որ նոյեմբերի 14-ին «Փյունիկը» հերթական շնորհավորանքները կընդունի 10-րդ անընդմեջ չեմպիոնության առիթով:

«Բանանցն» Իջեւանում մրցելու է «Շիրակի» հետ: Վերջինս այլեւս չի կարող խուսափել վերջին տեղից, իսկ ահա «Բանանցի» համար խաղը կարեւոր է այն հույսով, թե գուցե «Փյունիկը» կսայթաքի «Կիլիկիայի» հետ մրցավեճում:

Տուրի մյուս երկու խաղերն այլեւս ոչ մի նշանակություն չունեն: «Ուլիսն» արդեն իր համար ապահովել է բրոնզե մեդալները, իսկ մյուս թիմերը հաստատվել են 4-8-րդ տեղերում եւ ոչ մի տեղաշարժ նրանց չի սպառնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4