ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը , որ ժամանակ առ ժամանակ հասարակությանը ցնցում է այս կամ այն կառույցում, նախարարությունում ՎՊ-ի ստուգումներով արձանագրված ֆինանսական զեղծարարությունների մասին հրապարակումներով, երեկ այդ բոլորն արեց, ինչպես ժողովրդի մեջ են ասում` «բիրիքով», երբ 2009 թվականի հաշվետվությունն էր ներկայացնում Ազգային ժողովում: Ներկայացված խախտումների գումարային հանրագումարի թվերն ավելի քան խոսուն են, որպես մեր երկրում տարածված եւ արմատներ գցած կոռուպցիայի ցուցիչ, իսկ ստուգումներից հետո վերականգնված գումարները ցույց են տալիս, որ մեր համարյա բոլոր նախարարությունների եւ կառույցների չինովնիկները միայն ականջ քաշելուց հետո են ձեռքը տանում սեփական գրպանները եւ «զաստավիտից» հետո միայն բյուջեից գողացվածը վերադարձնում:
42 հաշվետվության ստուգումներով արձանագրվել է 6 մլրդ 380 մլն դրամ վերականգնման ենթակա գումար, որից 1 մլրդ 307 մլն-ը անարդյունավետ ծախս է, 2 մլրդ 619 մլն 335 հազարը վերականգնվել է` հետ ուղարկվել պետական եւ համայնքային բյուջեներ, 608 մլն դրամն աշխատանքով է վերականգնվել, 1 մլրդ 727 մլն դրամի մասով գործերը գտնվում են դատախազությունում եւ դատարաններում, 133 մլն դրամի վերադարձման համար ժամանակացույց կա: Ի. Զաքարյանն ասում էր, որ որոշ գումարների հետ կապված հստակեցումների, օրենսդրական փոփոխությունների, կառավարության որոշումների փոփոխման անհրաժեշտություն կա: 1 մլրդ գումարի չհավաքված տեղական տուրքեր են հայտնաբերվել, որը հայտնաբերելուց հետո 850 մլն դոլարը հավաքվել է (սա հատկապես անհասկանալի էր Ի. Զաքարյանին եւ, կարծում եմ` բոլոր նորմալ մարդկանց` եթե չվերահսկեին, ուրեմն չէ՞ր վերականգնվելու):
Բնականաբար` Ի. Զաքարյանը ոչ միայն թվեր էր բերում, այլեւ խոսում էր վերահսկողության ժամանակ նկատված խնդիրների մասին, անում առաջարկներ կառավարությանն ու օրենսդիրներին, ընդհանրացումներն օրինակներով էին: Ասենք` երբ շատ փոքրիկ գումարներով օտարված հողերը որոշ ժամանակ անց վաճառվում են հարյուրապատիկ ավելի գումարներով` Փարաքարի ճանապարհին հողն օտարվում է քմ-ը 6 դրամով, հետո վաճառվում այդ գնի համեմատ աստղաբաշխական գումարով: Կամ, ասենք, Քաղավիացիայի վարչությանը սպասարկող 20 ընկերություններ, որոնք արտերկրում ինքնաթիռներ են շահագործում, միայն 36 մլն դրամի շահութահարկ են մուծել պետությանը, մինչդեռ պաշտպանության նախարարության 1 ուղղաթիռը միայն 44 մլն դրամ շահութահարկ է վճարում: Կամ` ի՞նչ է նշանակում հաշվետու ժամանակաշրջանի համար ստուգված պետական եւ համայնքային մարմինների, գերատեսչությունների արձանագրված 1 մլրդ 307 մլն 446 դրամի անարդյունավետ ծախսը, մի օրինակով պատկերացրեք` տասնյակներով ավտոտնակ է կառուցվում, որոնց նեղ դռնից մեքենա չի կարող մտնել:
Սոցիալական ոլորտի ծրագրերի վերահսկման արդյունքում այնպիսի զավեշտական օրինակներ կան, երբ 250 գլուխ անասուն ունեցող կամ արտասահմանյան մակնիշի մեքենաների տեր գյուղացիք հայտնվել են նպաստառուների ցուցակներում, կամ գրանցվել են համայնքային մանկապարտեզների եւ դպրոցների օտարման դեպքեր` հաճախ հետագայում տոնավաճառ կամ այլ առեւտրաշահ օբյեկտ դառնալով, երբ դրանք միայն ԱԺ որոշմամբ կարող են օտարվել:Կամ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում 50 մլն դրամ է տրվել մոտ 200 70-91 տարեկան աշխատողի` 0,25, 0,50 գոյություն չունեցող դրույքաչափերով եւ գոյություն չունեցող աշխատողների:
Հասարակության համար ավելի բաղդատական ենք համարում բոլոր նախարարությունների ստուգման պատկերը տալ, որ հասարակությունը լավ պատկերացնի` ո՞վ, ե՞րբ, ի՞նչ եւ ինչպե՞ս է արել 2009 թվականին:
Մշակույթի նախարարությունում արձանագրվել է 191 մլն 918 հազար դրամի խախտում, որից արդեն 55 մլն 600 հազարը վերականգնվել է պետական բյուջե, 25 մլն 556 հազար աշխատանքներով է վերականգնվել, 41 մլն 427 հազար դրամի մասով դեռեւս վերականգնման ենթակա գումար կա` ժամանակացույցով եւ ըստ ժամանակացույցի վերականգնվելու է, 69 մլն 333 հազար դրամի մասով գործերը գտնվում են գլխավոր դատախազությունում եւ դատական ատյաններում:
Կրթության, գիտության նախարարության մասով արձանագրվել է 134 մլն 771 հազար դրամի խախտում: Գումարով վերականգնվել է 89 մլն 634 հազար դրամ, աշխատանքով` 15 մլն 561 հազար դրամ, դեռեւս 25 մլն 616 հազար դրամ ըստ ժամանակակացույցի պետք է վերականգնվի:
Առողջապահության նախարարությունում 71 մլն 252 հազար դրամի խախտում է հայտնաբերվել, որն ամբողջապես գումարով վերականգնվել է:
Էկոնոմիկայի նախարարությունում արձանագրվել է 66 մլն 154 հազար դրամի խախտում, որն ամբողջապես վերականգնվել է, 35 մլն 654 հազար դրամը` գումարով, 11 մլն 200 հազ. դրամն` աշխատանքով:
Ֆինանսների նախարարությունում 51 մլն 496 հազար դրամ է վերականգնվել, գյուղնախարարությունում` 11 մլն 643 հազար դրամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում` 12 մլն 452 հազար դրամ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունում արձանագրված 246 մլն 397 հազար դրամից վերականգնվել է գումար 65 մլն 38 հազարը, աշխատանքով` 164 մլն 635 հազարը, դեռեւս ենթակա է վերականգնման 6 մլն 724 հազարը: Քաղաքաշինության նախարարությունում արձանագրված 32 մլն 664 հազար դրամն ամբողջությամբ վերականգնվել է:Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում արձանագրված 60 մլն 774 հազար դրամն ամբողջությամբ վերականգնվել է: Արդարադատության նախարարությունում արձանագրված 69 մլն 442 հազար դրամը եւս ամբողջությամբ վերականգնվել է, որից 21 մլն-ը` գումարով, 48 մլն 372 հազարն` աշխատանքով:
Քաղավիացիայի գլխավոր վարչությունում 12 մլն 994 հազար դրամն ամբողջությամբ վերականգնվել է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում թերահավաքված 419 մլն գումարից 274-ն արդեն հավաքվել է պետբյուջե, 145 մլն-ի վերականգնման համար դեռեւս կա ժամանակացույց:
Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեում 285 մլն 514 հազար գումարից վերականգնվել է 3 մլն 285 հազարը, 282 մլն դրամ գումարը դեռ պետք է վերականգնվի: Ջրային տնտեսության պետկոմիտեում արձանագրված է 65 մլն 458 հազարից գումարով վերականգնվել է 37 մլն 456 հազարը, աշխատանքով` 28 մլն դրամը:
Պետեկամուտների կոմիտեի արձանագրված 23 մլն 685 հազար գումարը վերականգնվել է:
Պետական գույքի վարչությունում 267 մլն գումար է արձանագրվել, որից 111 մլն 182 հազար դրամը վերականգնվել է գումարով, 155 մլն 921 հազար դրամի մասով գործերը գտնվում են տարբեր դատարաններում:
Երեւանի քաղաքապետարանի մասով` 2007-2008 թվականներին արձանագրած 2 մլրդ 30 մլն դրամից վերականգնվել է. «Ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 700 մլն արձանագրված խախտումից` 336 մլն-ը, 2 ընկերությունից հետ են վերցվել ավտոբուսները, մնացածների գործերով նյութերը գտնվում են դատարարաններում:
Շինարարությունում արձանագրած 82 մլն դրամից 26 մլն-ը վերականգնված է, մնացածի գործընթացը ժամանակացույցով ընթանում է:
Հայցում ենք ընթերցողի ներողամտությունը` այսքան թվախեղդ անելու համար, բայց դրանք մեր փողերն են, արժե իմանալ դրանց օգտագործման ու շարժի մասին չինովնիկների ձեռամբ:
Ի դեպ, ՀՀԿ խմբակցությունից Սպարտակ Մելիքյանը երեկ իր ելույթում անհամաձայնություն է հայտնել ՎՊ-ի մի շարք ստուգումների արդյունքներին: Այս մասին` այսօր: