ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների ղեկավարների հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Լիսաբոնյան գագաթաժողովը հանդիսանալու է ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենակարեւոր գագաթաժողովներից մեկը: Այն որոշումները, որոնք կընդունվեն Պորտուգալիայում, մեկ անգամ եւս կհաստատեն, որ ՆԱՏՕ-ն դարձել է առավել արդյունավետ եւ առավել գործուն, քան երբեւէ:
«Առավել արդյունավետ, քանի որ ՆԱՏՕ-ն կներդնի այնպիսի առանցքային կարեւորություն ունեցող կարողություններ, ինչպիսիք են հակահրթիռային պաշտպանությունը, կիբեռանվտանգությունը եւ հեռահար փոխադրումները: Առավել գործուն, քանի որ կապեր է հաստատում գործընկերների, ամենատարբեր պետությունների եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ ամբողջ աշխարհի մասշտաբով: Այս ամենը ամրագրված է լինելու ռազմավարական նոր հայեցակարգում, որը կուղղորդի ՆԱՏՕ-ին առաջիկա տասնամյակում», նշել է գլխավոր քարտուղարը:
Ըստ Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի, Ռասմուսենը նաեւ հայտարարել է, որ գագաթաժողովը կազդարարի նոր փուլի սկիզբ աֆղանական հարցում, քանի որ Լիսաբոնում դաշնակիցները սկիզբ կդնեն այնպիսի ընթացակարգի, որի արդյունքում աֆղանական տարածքում անվտանգության ապահովման առավել մեծ դերակատարությունը հատկացված կլինի հենց աֆղանական կառավարությանը: «Մենք գործողությունները կսկսենք հաջորդ տարի», ընդգծել է գլխավոր քարտուղարը, «եւ նպատակի վերջնական իրականացումը կլինի մինչ 2014 թ.»:
Ա. Հ.