«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2010-11-13 | #210, 2010-11-16 | #211, 2010-11-17


ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային երրորդ համաժողովը երեկ տեղի ունեցավ Երեւանում: Հանդես գալով բացման խոսքովՙ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ դեղագործությունը պետք է իր կարեւոր տեղը զբաղեցնի մեր տնտեսության մեջ: «Այս ոլորտը պետք է դառնա ներմուծման փոխարինման մեծ ներուժ, ներկրողները հիմա մի քիչ կնեղվեն, թե ոչ, այդ փոխակերպումը պետք է կատարենք, եթե ունենք այդ արտադրական ներուժը», ասաց նախարարը: Նա նաեւ ավելացրեց, որ դեղարտադրությունն ունի արտահանման մեծ հնարավորություն, կարեւորելով եվրոպական շուկա մուտք գործելը, որն անհնար է առանց եվորպական ստանադարտի ներդրման:

Խոսելով ցուցանիշների մասին, Ներսես Երիցյանը հայտնեց, որ տեղական շուկայում հայկական դեղերը կազմում են մոտ 12 տոկոս, եւ այդ ցուցանիշն ավելանալու միտում ունի: Արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է հետխորհրդային երկրներ: Եթե 2005-ին արտահանման ծավալը կազմել էր 1,5 մլն դոլար, ապա 2009-ինՙ ճգնաժամի տարում այդ ծավալը եռապատկվել էր:

Համաժողովի կազմակերպիչներիցՙ USAID/CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը նշեց, որ համաշխարհային շուկայում պարտադիր պահանջ դարձած Պատշաճ արտադրական գործունեություն (GMP) ստանդարտին անցնելու գործընթացը hայ դեղարտադրողները սկսել են, սակայն մրցունակության ցանկալի մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է օր առաջ ձեւավորել համապատասխան օրենսդրական միջավայրը: Նա շեշտեց, որ առանց այդ ստանդարտի հնարավոր չէ 2014-ի հունվարից հետո դեղ առաջարկել եվրոպական շուկային, եւ դա կարեւոր է նաեւ երկրի համար, քանի որ տեղական սպառողը եւս պետք է իմանա, որ տեղում արտադրվող դեղերի ամբողջ արտադրական գործընթացը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4