«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2010-11-13 | #210, 2010-11-16 | #211, 2010-11-17


«ՄԱՐՄԻՆ. ՆՈՐ ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՙ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-25-Ը

Մեզանում առաջին անգամ հինգ արվեստագետ-համադրողներՙ Արարատ Սարգսյան, Սարգիս Համալբաշյան, Արեւիկ Արեւշատյան, Արման Գրիգորյան եւ Դավիթ Կարեյան, նախաձեռնեցին յուրօրինակ ցուցադրությունՙ «Նոր պատկերային արվեստը Հայաստանում», որը կրում էր «Նատյուրմորտ» խորագիրը: Անցած տարվա այդ նախաձեռնությունը շատերի համար նորություն էր ու հետաքրքրականՙ վկան արձագանքներն ու կարծիքները: Եվ ահա ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ, Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ, «Ակադեմիա» պատկերասրահը անցկացնում է «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որը բացվեց նկարիչների միության ցուցասրահում նոյեմբերի 15-ին եւ կտեւի 10 օր: Ցուցահանդեսում ներկայացված են 41 նկարիչների 150 գործեր: Այդ ցուցահանդեսով, համադրողների կարծիքով, փորձ է արվել ներկայացնել պատկերային (ֆիգուրատիվ) արվեստի կարեւոր դերը հայկական կերպարվեստում:

Համադրողներին միավորել է կերպարվեստում կենտրոնական տեղ գրավող թեմաներից գլխավորը` մարմինը: Կերպարվեստն` իբրեւ առանձին արվեստի տեսակ, իր սկզբնավորման պահից մշակել է կանոններ, որոնք վերաբերել են մարդու մարմնի պատկերմանն ու ընկալմանը: Կերպարվեստի ոլորտում պրոֆեսիոնալ կրթությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հիմնվում է մերկ մարմնի ուսումնասիրության վրա, որն էլ հնարավորություն է ընձեռում նկարիչներին նորովի դիտարկել մերկությունը: Մինչ այդ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպեցին հինգ արվեստագետ-համադրողները, «Ակադեմիա» պատկերասրահի տնօրեն Գոռ Վարդանյանը , ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը: Նախարարության արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ իր թեմատիկ բնույթով այս ցուցահանդեսը առանձնանում է մերօրյա մյուս ցուցահանդեսներից եւ իր ուրույն տեղն ունի, դառնալով շարունակական: Պրն Վարդանյանը նշեց, որ մարմին գրեթե բոլոր նկարիչներն են նկարել, սակայն մեկ ցուցահանդեսով դրանք ամբողջական հնարավոր չէ ներկայացնել, ուստի հաջորդ տարի կազմակերպվող «Բնանկար» խորագրով ցուցահանդեսում կընդգրկվեն այն նկարիչների ստեղծագործությունները, որոնք այս մեկում չեն ներկայացվել:

Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը ցուցահանդեսին երեք գործ էր ներկայացրել եւ հանդիպման ժամանակ ասաց. «Ուրախ եմ, որ ինձ էլ հրավիրեցին մասնակցելու այս ցուցահանդեսին ու ընտրեցին իմ գործերից: Ցուցահանդեսը շատ կարեւոր է նկարչի համար, քանի որ այդքան շատ աշխատանքներ տեսնելով, նկարիչը ունենում է իր տեսակետը, իր մտածելակերպը, ու դրանք համադրելով նոր մտահղացումներ ու գաղափարներ են առաջ գալիս: Ողջունում եմ նման ցուցահանդեսի գաղափարը: Երկրի մեջ այնքան դժվարություններ կան, գոնե այս կերպ նկարիչները ուրախանան, ցույց տան, որ ստեղծագործում են ու հետաքրքրական մտահղացումներ իրականացնում: Նաեւ շնորհավորում եմ կազմակերպիչներին ու նախարարությանը արվեստագետներին նման հնարավորություններ ստեղծելու համար»:

ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը իր խոսքում նշեց. «Տարվա ընթացքում մոտ 50 ցուցահանդես է կազմակերպվում միության ցուցասրահներում եւ փառք Աստծո, որ առաջին անգամ մենք ներկայացնում ենք մի շատ օրինակելի սկիզբ ու գործընթաց, որը գնահատելի է»: Նկարիչ-համադրողները այցելելով արվեստանոցներ, ընտրել են 41 նկարիչների տարբեր մեթոդներով, տարբեր տենդենցներով, տարբեր տարիքի, տարբեր ժանրերիՙ Վարդգես Սուրենյանցից սկսած մինչեւ այսօրվա երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները, ու դրանք մեկտեղելով յուրօրինակ թեմատիկայով են ներկայացնում, որը կրում է. «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագիրը: Ցուցահանդեսը ուղեկցվում է կատալոգով, որի առաջաբանը գրել է մշակութաբան Հրաչ Բայադյանը : Վերջինս հետազոտելով Մարտիրոս Սարյանի աշխատանքները` անդրադաձել է հայ արվեստի մեջ մարդկային մարմնի եւ բնանկարի փոխհարաբերություններին:

Կատալոգում ընդգրկված է նաեւ համադրողների տեքստերը, որոնք տարբեր տեսանկյուններից դիտարկում են մարմին-մշակույթ-հասարակություն-արվեստ փոխհարաբերությունները: Ցուցահանդեսում ընդգրկված է նաեւ Արտաշես Էմինի անհատական հավաքածուն, որը ամբողջությամբ նվիրված է մերկ մարմնին, ուր տեղ են գտել 20-րդ դարի հայ հռչակավոր արվեստագետների` Վարդգես Սուրենյանցի, Ռուբեն Նաքյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի եւ այլոց գծանկարները: Ցուցահանդեսն ընդգրկելով ինչպես արդեն դասական, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողներին, շեշտում է պատկերային արվեստի ընդհանրական համայնապատկերը եւ թեմայի ավանդականությունը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


Նկար 2. Ալեքսանդր Գրիգորյան. «Կապույտ վարդ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4