«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2010-11-13 | #210, 2010-11-16 | #211, 2010-11-17


ԴԱՇՏԵՆՑԻ ԲՐԱԲԻՈՆ ԾԱՂԻԿԸՙ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Սասունի Խութ-Բռնաշեն գավառի Դաշտադեմ գյուղում է ծնվել գրող, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցը: Վեց տարեկան էր, երբ կորցնում է ծնողներին: Մանկուց բազմիցս վազել է ու բարձրացել Սեւ սարը, որի հետեւում Մշո դաշտն էր: Հոր մահվանից հետո հարազատները գաղթում են Մուշից ու մանուկ Խաչիկին տանում Բասենի որբակայան: Ապա Ալեքսանդրապոլի, Թբիլիսիի, Ղարսի, Լենինականի մանկատներ: 1926-ին ավարտել է միջ. դպրոցը: Առաջին բանաստեղծությունը գրել է դպրոցական տարիներին, իսկ հետոՙ ԵՊՀ-ում եւ Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում սովորելու տարիներին: 1940 թ.-ից ապրել է Երեւանում ու մինչեւ կյանքի վերջը ստեղծագործել, թողել արժեքավոր ժառանգություն, որը հայ գրական անդաստանում իր ուրույն տեղն է գտել: Այն ինչ տեսել, լսել ու ապրել է Դաշտենցը պատկերել է իր գրվածքներում, առանց փոփոխությանՙ շիփ-շիտակ: Դաշտենցի ինքնակենսագրականում գրել է «Անկուսակցական եմ: Սակայն կուսակցության մեջ, թե կուսակցությունից դուրսՙ կարեւորը ժողովրդին եւ հայրենիքին ազնվորեն ծառայելն է: Այն մարդը, որ իր գործով չի նպաստում այս վեհ նպատակին, մոլախոտ է աշխարհի վրա...»:

Խաչիկ Դաշտենցի 100-ամյակի հոբելյանը նշելու համար ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական տարում անց են կացվել հանդիսություններ, միջոցառումներ, հուշ-ցերեկույթներ նշանավոր գրողի անունը կրող միջնակարգ եւ հանրակրթական մի շարք դպրոցներում: ՀՀ մշակույթի նախարարության պատվերով նկարահանվել է գրողի կյանքի եւ ստեղծագործության նվիրված 2 փաստավավերագրական ֆիլմՙ «Բրաբիոն ծաղիկ որոնողը» եւ «Խաչիկ Դաշտենց»: Վերահրատարակվել է «Ռանչպարների կանչը» վեպը, «Ֆայտոն Ալեք» պոեմը, որին կից թողարկվել է խտասալիկՙ Հանրային ռադիոյի «ոսկե ֆոնդում» պահվող պոեմի ռադիոձայնագրությունըՙ ՀԽՍՀ ժող. արտիստ Ժան Էլոյանի ընթերցմամբ: Տպագրության ընթացքում է «Տիգրան մեծ» չափածո պատմական դրաման: «Ֆայտոն Ալեք»-ի խտասալիկ է թողարկել ՀՀ ժող. արտիստ Ազատ Գասպարյանըՙ իր իսկ ընթերցմամբ:

Հոբելյանական հանձնաժողովն ու գրական աշխարհի ներկայացուցիչները, Դաշտենցի երկրպագուները հիշատակի տուրք մատուցեցին այցելելով գրողի վերջին հանգրվանՙ Քաղաքային պանթեոն եւ խնկարկեցին նրա անմահ հիշատակը: Իսկ Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում, գրասեր հանրությունն ու երախտապարտ ժողովուրդը, թատրոնի ձմեռային այգում ծանոթացավ Չարենցի անվ. գրականության եւ արվեստի թանգարանում պահվող Խաչիկ Դաշտենցի ձեռագրերի, նամակների, գրքերի, թարգմանական աշխատանքների եւ լուսանկարների ցուցադրությանը: Խաչիկ Դաշտենցի հոբելյանական հուշ-երեկոն վարեց ու գրողի ստեղծագործություններից ընթեցեց ՀՀ ժող. արտիստ Ազատ Գասպարյանը: Դաշտենցի ստեղծագործական ուղին մանրամասն ներկայացրեց օրվա բանախոսՙ բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը: Վերջինս այսպես բնորոշեց գրողին. «Խաչիկ Դաշտենցը եղավ տարեգիրը արեւմտահայ գաղթականների այն սերնդի, որին ճակատագրով պարտադրվեց հավերժ կարոտելու իր կորուսյալ հայրենիքը, իր կորուսյալ երկիրը: Այդ սրտամաշ կարոտը նրանցից շատերին վաղաժամ գերեզման տարավ, իսկ շատերին էլ ուժ ու կորով հաղորդեց ապրելու 100 եւ ավելի տարիներ, տարտամ հույսով, որ երբեւէ մեկ անգամ էլ բախտ կունենան տեսնելու իրենց որբացած շեները: Այդ սերունդը իր կարոտը դարձրեց անվերջանալի զրույցների, պատմությունների շարան, որով եւ փորձեց փարատել այդ անդիմադրելի կարոտը...»: Հենց այդ պատմություններն էլ դարձան Դաշտենցի գրվածքների հիմնական հենքը: Այնուհետեւ անդրադառնալով «Խոդեդա» եւ «Ռանչպարների կանչը» վեպերին, «Ֆայտոն Ալեք» պոեմին, բարձր գնահատեց նաեւ Դաշտենցի թարգմանական աշխատանքները, որոնք արվել են Շեքսպիրից ու Բայրոնից եւ արժանացել բարձր գնահատանքի: Խաչիկ Դաշտենցը իր կարճատեւ կյանքի ընթացքում հասցրեց ստեղծագործել գրական գրեթե բոլոր ժանրերում: Դաշտենցի հերոսը հայրենասեր հայորդին է, թեմանՙ հայրենիքը:

Ողջույնի խոսք ասաց Խաչիկ Դաշտենցի երեկոյի հյուր, Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ արվեստի վաստ. գործիչ Հասմիկ Կիրակոսյանը , հիշելով ու նշելով այն փողոցներն ու վայրերը, որտեղով «ֆայտոն Ալեքն» է անցել Դաշտենցի հետ ու ամենուր թողել հուշ: Տկն Կիրակոսյանը հայտնեց, որ մարզպետարանի որոշմամբ Գյումրիի թիվ 28 դպրոցը այսուհետ կրելու է Խաչիկ Դաշտենցի անունը: Իսկ երբեմնի ամերիկյան որբանոցի պատին կփակցվի հուշատախտակ, որտեղ հազարավոր մանուկների հետ հանգրվանել է Խաչիկ Դաշտենցը: Հուզիչ ու տպավորիչ էր ԵՊՀ հայոց լեզվի եւ գրակ. ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր Սամվել Մուրադյանի խոսքը. «Մենք դեռ մեր պարտքը չենք մարել Խաչիկ Դաշտենցի հանդեպ, որովհետեւ այսօր, երբ մենք ունենք ազատ պետականություն, անկախ պետություն, այդ անկախության հիմքերը սերունդների հոգիներում դրել է Խաչիկ Դաշտենցը մյուս հայ գրողների հետ միասին»: Այնուհետեւ նա հորդորեց, որ Դաշտենցի ստեղծագործությունները մտնեն ուսումնական ծրագրի մեջ, քանզի նրա յուրաքանչյուր վեպը մի մեծ կյանքի դպրոց է, հերոսական ու ողբերգական սերնդի գեղարվեստականացված պատմություն, որոնցով էլ դաստիարակվեցին հենց Արցախի հերոսամարտի ազատամարտիկները: «Նոր սերունդը պետք է դաստիարակվի Դաշտենցի հերոսներով» հորդորեց պրն Մուրադյանը:

«Տարոն-Սասուն» ՀԿ-ի նախագահ, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը Դաշտենցին ներկայացնելով ասաց. «Եկավ սպասված դասական պահը եւ աշխարհի հետ Մշո դաշտի ընտրյալը խոսեց աշխարհի գրականության լեզվով, տվեց հայ ժողովրդին գրականության տոն»: Հանրային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը ողջույնի խոսքից հետո գրողի դուստր Անահիտ Դաշտենցին (որը ժամանել էր ԱՄՆ-ից) հանձնեց «Հակոբ Մեղապարտ» մեդալը, որը հետմահու շնորհել է Խաչիկ Դաշտենցին գրադարանի տնօրենությունը:

Հուզված էր Անահիտ Դաշտենցը: Նա շնորհակալություն հայտնեց հոբելյանական միջոցառումներ կազմակերպելու համար, հուշեր պատմեց եւ «Ռանչպարների կանչը» գրքի նոր հրատարակությունը նվիրեց գրադարանին, իսկ գրողի «Ֆայտոն Ալեք» ձեռագիր օրինակըՙ Գյումրի քաղաքի որեւէ թանգարանին, որը Խ. Դաշտենցի ցանկությունն է եղել: Երեկոյի ընթացքում հնչեցին ազգագրական երգեր ու պարեր անվանի երգիչների ու համույթների կատարմամբ, ցուցադրվեց «Բրաբիոն ծաղիկ որոնողը» ֆիլմը: Հոբելյանական հուշ-երեկոյից ներկաները հեռացան Դաշտենցի փառավորված հոգին իրենց հետ տանելով ու մտքում կրկնելովՙ «Ես այն եմ, ինչպես եղա/ Սասունցի մի որբ տղա,/Արածիս համար կյանքում/ Չասացի երբեքՙ մեղա՛»:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4