Շատ հաճախ ենք ընթերցում եւ լսում, որ հյուրասեր ենք, մարդասեր, օտարների հանդեպ հոգատար եւ բարեհամբույր: Փաստերը, սակայն, գալիս են ապացուցելու, որ այդ ընդհանուր հասկացություններից զուրկ են որոշ պատասխանատու անձինք, որոնք իրենց վարվելակերպով ոչ միայն ստվեր են գցում, այլեւ խայտառակում ամբողջ մի ժողովրդի անունը: Նման վարքի տեր մարդկանց համար սեփական գրպանն է առաջնահերթ, եւ այդ գրպանը համապատասխան գումարով լցնելու համար նրանք պատրաստ են ամեն տեսակի դժվարություններ հարուցել եւ հետո դրանք լուծելու համար փորձել «համաձայնության գալ» գումարային առումով: Իսկ եթե անձը, որի հետ համաձայնության են գալիս, օտարերկրացի է կամ սփյուռքահայ, ապա «շորթելու» մեխանիզմն է ի գործ դրվումՙ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հոգեվիճակում է տվյալ անձնավորությունը: Ասվածի լավագույն օրինակ կարող է ծառայել Մ. Նահանգներից խմբագրությանը հասցեագրված տիկին Անի Սավինսկու «Իմ փորձառությունը Հայաստանում» չափազանց վրդովեցուցիչ նամակ-հոդվածը, որից թարգմանաբար քաղվածքներ ենք ներկայացնում ստորեւ:
Տիկին Սավինսկին դուստրն է հոկտեմբերին Հայաստանի սփյուռքահայ շրջանավարտների համաժողովին մասնակցելու համար Կալիֆոռնիայից (Բըրբենք) Հայաստան ժամանած ինժեներ Հովսեփ Ուզունյանի եւ տիկնոջՙ Զվարթի, որոնց տեղափոխող ավտոմեքենան ԼՂՀ-ից վերադարձի ճանապարհին ավտովթարի էր ենթարկվել: Տիկին Զվարթը տեղնուտեղը մահացել էր, իսկ Հովսեփը ծանր վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց (տես «Ազգի» 8 հոկտ. 2010-ի համարը):
«Երեսուներկու տարի առաջ էի այցելել Հայաստան, եւ մտքովս չէր անցնում, որ հասուն տարիքում իմ առաջին հայրենիք այցս կայանալու էր հիվանդանոցում վիրավոր հորս տեսնելու եւ վաղամեռիկ մորս դիակը Մ. Նահանգներ տեղափոխելու համար:
Ծնողներս Հայաստանում էին բարձրագույն կրթություն ստացել եւ շրջանավարտ եղել: Հայրենիքի սերը երբեք չէր լքել նրանց: Միշտ գովասանքով եւ հպարտությամբ էին խոսում այդ մասին եւ ամեն ինչ անում Ամերիկայում ծնված իրենց երեք զավակների հոգում սերմանելու հայրենիքի սերը:
Ավելին, նրանք Հայաստանում տուն եւ հողատարածք էին գնել, եւ ամեն առիթով փորձում էին օժանդակել իրենց հայրենակիցներին: Իրենց վերջին այցելությունը նույն նպատակն էր հետապնդում. նեցուկ կանգնել կազմակերպված միջոցառմանը: Ավա՜ղ դա ճակատագրական վախճան ունեցավ. մայրս վախճանվեց Ղարաբաղից վերադառնալու ճանապարհին, իսկ հայրս ծանր վիրավորվեց: Հեռախոսազանգով (ոչ ոքի չեմ ցանկանում նման փորձառություն) գույժը լսելուց հետո, ցնցված ու անօգնական զգալով մեզ, քույրս ու ես անմիջապես ուղեւորվեցինք Հայաստանՙ որպես մխիթարանք զգալով միայն այն փաստը, որ մայրս երջանիկ պետք է լիներ իր պաշտած հայրենիքում վախճանված լինելու համար:
Հայաստանյան փորձառությունս, սակայն, եկավ հաստատելու նրա երբեմն-երբեմն արտահայտած այն միտքը, որ հակառակ հայրենիքը պաշտելուն, նա Հայաստանում շատ մարդկանց չէր վստահում:
«Նաիրի» բժշկական կենտրոնում հորս այցելելուց, դիարանում մորս ինքնությունը հաստատելուց եւ «մի անհանգստացեք, մենք լավ հոգ կտանենք» հավաստիացումներից հետո հուզախառն զգացմունքներով պետք է սկսեի նրա անշնչացած մարմինը Ամերիկա փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմամբ զբաղվելՙ առանց դույզն չափով իսկ մտածելու, որ դա կարող էր ահավոր վհատեցնող գործընթաց լինել:
Իմ ձեռքում բժշկական եզրակացությունն էր միայն: Պարզվեց, որ անհրաժեշտ է ունենալ մահվան «պաշտոնական» վկայական, որը պետք է թարգմանվի անգլերեն: Այնուհետեւ պահանջվեց նաեւ դատաբժշկական փաստաթուղթ, որը կհաստատեր, որ մայրս հիվանդություններ չէր ունեցել: Դա էլ պետք է թարգմանվեր անգլերեն: Այս բոլոր պահանջներին զուգահեռ ոչ ոք չէր բարեհաճում բացատրել, թե որտեղից կարելի էր ձեռք բերել այդ փաստաթղթերը կամ կոնկրետ ում կարելի էր դիմել:
Այնպես որ, ստիպված էի մի գրասենյակից մյուսը վազվզել: Ընթացքում ինձ տեղեկացրին, որ պաշտոնական վկայականը անհրաժեշտ էր ձեռք բերել պատահարի վայրից: Հասնում եմ վթարի վայրը եւ հանկարծ տեղեկանում, որ անձնագիրս պետք է թարգմանվի հայերենի եւ թարգմանությունը հաստատվի նոտարական գրասենյակում: Շատ ներողություն, բայց դա կարելի էր ինձ իրազեկել նախքան դեպքի վայր ուղեւորվելս: Ստիպված եմ լինում հետ դառնալ եւ կատարել պահանջվածը:
Հետո հասնում ենք դին Ամերիկա տեղափոխելու գինը իմանալու փուլին: Աշխատակիցներից մեկը պահանջեց 1 կգ-ի դիմաց վճարել 20 դոլար: Տեղացի բնակիչներից, ինձ հասած տեղեկությունների համաձայն, նա պահանջում էր 18 դոլար: Շնորհիվ ամերիկյան դեսպանատան փոխհյուպատոս Լորա Կոնաուեյի, որին տեղեկացրել էի իմ «ոդիսականը», հնարավոր եղավ 1 կգ-ի դիմաց 7,50 դոլար վճարելով, Մոսկվայի վրայով մորս մարմինը տեղափոխելու թույլտվություն ստանալ:
Բայց այդքանով չվերջացան իմ փորձությունները: «Աերոֆլոտի» բեռնափոխադրման բաժնում պարզվեց, որ այն բոլոր փաստաթղթերը, որոնք մինչ այդ անգլերեն եւ հայերեն էին թարգմանվել, այժմ էլ պետք է թարգմանվեին ռուսերեն: Այդ «գործընթացն» էլ ավարտելուց հետո ուղեւորվեցի դիարանՙ պարտքս վճարելու մայրիկիս «խնամքով» պահելու դիմաց, երբ ինձ տեղեկացրին, որ նրա «տեսքը այնքան էլ լավ չէր»: Չհասկացա, թե ինչ էր դա նշանակում: Չէ՞ որ ասել էին, որ «չանհանգստանամ, ամեն ինչի մասին հոգ կտանեն»: Այդուհանդերձ, որոշեցի վճարել գումարը եւ ինչքան հնարավոր է շուտ դուրս գալ այդտեղից: Բայց պահանջված 70 հազար դրամը չափից ավելի մեծ թվաց: «Օ՚քեյ, 60 հազար տվեք» լսեցի հանկարծ եւ ցանկացա իմանալ, թե մեկ օրվա դիարանում պահելու արժեքը որքա՞ն է: «5 հազար դրամ», ասաց աշխատողը:
Ինչքան էլ թույլ լինեին գիտելիքներս մաթեմատիկայից, կարող էի, այնուամենայնիվ, հաշվել, որ 9 օրվա դիմաց 60 հազար չպետք է վճարեի: Ինչպե՞ս կարող էին այդքան անպատկառ ու անմարդկային վերաբերվել մեկի հետ, որը նոր էր կորցրել իր մորը եւ վիրավոր հոր հետ պատրաստում էր մոր դին փոխադրել Մ. Նահանգներ:
Դրանից հետո, ուշքի չեկած, «Աերոֆլոտի» բեռնափոխադրման բաժնից տեղեկացրին, որ բոլոր ռուսերեն թարգմանված փաստաթղթերը պարտավոր էին նոտարական գրասենյակում հաստատել տալ կես ժամվա ընթացքում, այլապես հնարավոր չէր լինի տեղափոխումը կազմակերպել: Այստեղ էլ ինձ օգնության հասավ ԱՄՆ դեսպանատնից Լորա Կոնաուեյը: Բայց հետո պարզվեց, որ այդ բոլորի (նոտարական հաստատման կամ նույնիսկ ռուսերեն թարգմանելու) կարիք ոչ միայն չկար, այլեւ «հակաօրինական» էր: Եվ այս անգամ ոչ թե «Աերոֆլոտի» բեռնափոխադրման աշխատակիցն էր «մեղավորը» (նման պահանջ ներկայացնելու), այլ նրա վերադասը: Վերջինիս հետ «առճակատումից» եւ կծու խոսքերի փոխանակումից հետո իրավիճակը փոխվեց:
Երկու շաբաթվա նման «պայքարը» ստիպում է մտածել տալ, թե հաջորդ անգամ այդ երկիրը (Հայաստան) կայցելե՞մ արդյոք: Հասկանում եմ, որ մի քանի մարդկանց վարվելակերպով չի կարելի ամբողջ երկիրը կամ նրա բնակիչներին բնութագրել: Սակայն իմ իրավիճակում գտնվող անձի համար այս փորձառությունը այնպիսի «դառը համ թողեց բերանումս, որ նույնիսկ հայկական քաղցր մեղրը չի կարող վերացնել կամ փոխել»: Սա՞ է մեր առաջինը քրիստոնեությունը ընդունած լինելու ապացույցը: Այսպե՞ս պետք է հասկանալ «Սիրիր քո մերձավորին» ավետարանական պատգամը:
Որոշեցի գրել եւ տեղեկացնել այս բոլորի մասին, հույս ունենալով, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն իրավիճակը շրջելու ուղղությամբ, որովհետեւ ի հեճուկս ամեն դժվարությունների, ես հպարտ եմ, որ հայրենասեր զավակն եմ իմ հայրենասեր ծնողների եւ հավատացած եմ, որ խոսքի ազատությունը կարող է շատ բան վերափոխել»:
ԱՆԻ ՍԱՎԻՆՍԿԻ, ԱՄՆ