«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2010-11-13 | #210, 2010-11-16 | #211, 2010-11-17


ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ

Խմբագրատունը ստացել է Բեյրութում լույս տեսնող «Փթիթ» մանկապատանեկան պարբերաթերթի առաջին երկու համարները (N0 եւ N1): Գունավոր պարբերաթերթ-գրքույկների ընթերցանության տեքստերը եւ զանազան խաղ-մտավարժությունները նպաստում են հայ փոքրիկի լեզվական ընդունակությունների եւ տրամաբանության զարգացմանը: Առանձին դրվատանքի են արժանի տեքստերի թեմատիկ ընտրությունն ու գրագետ շարադրանքը, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ կրթա-դաստիարակչական, մանուկ հասակից մարդու բարոյական կերպարի ձեւավորմանն անհրաժեշտ մի տարր, մի խորհուրդ է կրում: Դրանք զանազան երեւույթների մասին օգտակար եւ ուսուցանող նյութեր են, առակների ու ասացվածքների միջոցով խրատներ, հորդորներ պարունակող (օրինակՙ «Խնձորենին»):

Պարբերաթերթի բովանդակությունը կազմում են հեքիաթ-տեքստերը, թվաբանական եւ հայերեն լեզվի խաղերը: Վերջիններից մի քանիսըՙ տարբեր երեւույթներին առնչվող հարցադրումներով, ինչ-որ տեղ հնարավոր է բարդացնեն աշխատանքը, սակայն ակտիվացնում են մտքի սրությունը եւ աշխուժություն հաղորդում խաղին: Պարբերաթերթը հետաքրքրական ու գրավիչ է դառնում ձեւավորման գունա-պատկերային ուրախ տրամադրության շնորհիվ նաեւ: «Փթիթը» Վերժին եւ Կարո Աբրահամյանների մտահղացման իրագործումն է:

Կարեւոր է նաեւ հրատարակիչների եւ փոքրիկ ընթերցողների ակտիվ փոխադարձ այն կապը, որ հաստատել է փորձում խմբագրությունը: Հատուկ հարցաթերթիկների վրա յուրաքանչյուր ընթերցող թողնում է իր նախասիրություններն ու ցանկությունները, նաեւ գնահատականը: «Փթիթը» ամսաթերթի վերածելու նրանց ցանկությունն առայժմ չի կարող իրականանալ, փոխարենը վերջին համարը լույս է տեսել նախորդից ավելի ընդարձակ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4