Դժվար է ալեւս հանդուրժել ու լռել, երբ հոգիդ է արդեն ցավից տանջվում ու ըմբոստանում, տեսնելով, որ հայրենի երկիրդ է աչքերիդ առաջ աղքատանում ու դատարկվում, որ հայրենասիրական հոգին է ընկճվում ու խամրում, որ անբարոյականությունն է տարածվում ու մարդկային արժանապատվությունը նվաստանում, որ ընչաքաղցությունն է աճում ու անձնականն առաջնային դառնում: Ինչպե՞ս կարելի է այս ամենին դիմանալ, ինչքա՞ն համբերել...
Համբերությունն էլ չափ ու սահման ունի, անհատնում չէ: Ինչքա՞ն կարելի է խեղճացնել ու խոնարհեցնել հայ մարդուն, որը հողից ու քարից տանջանքներով բարիքներ է ստեղծում բյուջեն լցնում, երկիրը պահում, նրա պաշտպանությունը ապահովում, թոշակառուներին ու հաշմանդամ-անկարողներին էլ բաժին հանում, իսկ ամենագլխավորը ` բարեկեցիկ կյանք ստեղծում չգիտես ինչով զբաղվող աթոռանիստ պաշտոնյաների, ժողովրդական պատգամավորներ կոչվածների եւ այլ վարչարարների համար, իսկ ինքն ապրում է աղքատ, հազար ու մի հոգսերի մեջ:
Բա դա արդարացի՞ է կամ քրիստոնավայե՞լ է: Էլ ո՞ւմ են պետք հազարավոր ձրիակեր պետպաշտոնյաները, որոնց սրբազան պարտքը պետք է լինի համապատասխան աջակցություն ցույց տալը աշխատավոր մարդուն, որպեսզի նա էլ մի քիչ թեթեւանա հոգսերից ու կարողանա էլ ավելի շատ բարիքներ ստեղծել: Իսկ ներկա պետական համակազմը պարզապես էական ոչինչ չի կարողանում անել, բայց առոք-փառոք ապրում է ժողովրդի հաշվին: Այդ պատճառով էլ նա կորցնում է ժողովրդի վստահությունն ու հարգանքը: Դժգոհությունն աստիճանաբար աճում է ու լցնում համբերության դառը բաժակը: Ասում են, թե համբերությունը կյանք է, մոռանալով ավելացնել` դառնացած ու նվաստացած կյանք: Իսկ նման կերպ ապրելն ի՞նչ իմաստ ունի: Մարդ պիտի գործի, ապրի արժանավայել ու հպարտ, եւ արժանապատիվ մարդիկ պիտի ղեկավարեն ու կարգավորեն պետական համակարգը: Եթե դա անտեսվում է , ապա պետական պաշտոններին են գալիս նստում անպատասխանատու, ընչաքաղց ու շահամոլ մարդիկ, որոնք էլ վերջիվերջո քայքայում են երկիրը, ժողովրդին աղքատության հասցնում ու ստիպում հեռանալ հայրենիքից;
Ահա 20 տարի այդ վիճակում ենք եւ դրա համար էլ մարդավայել չենք ապրում: Շատերը գործազուրկ են, աշխատողներն էլ հիմնականում ցածր վարձատրություն են ստանում: Նորավարտ ուսանողները, մասնագիտական աշխատանք չճարելով, համալրում են գործազուրկների շարքերը կամ պատահական գործեր կատարում: Սոցիալական ծանր իրավիճակից ոմանք հոգեկան են դառնում եւ ինքնասպանության դիմում կամ տարբեր տեսակի հանցագործություններ կատարում: Նման դեպքերը տարեցտարի ավելանում են եւ վտանգավոր դառնում:
Խորհրդային տարիներին պետական խնայդրամարկղներում պահ դրած գումարները տերերին չեն վերադարձվում, նույնիսկ նրանց, որոնք մեծահասակ են` 80-90 եւ ավելի տարեկան, չնչին թոշակներով հազիվհազ ապրող, բայց հազար ու մի շոու-ներկայացումների, տոնակատարումների համար պետբյուջեից միլիոնավոր դրամ է հատկացվում: Աղքատներին զվարճախաղերով չեն ուրախացնում: Գոյություն ունեցող ու շարունակվող անարդարությունների մասին անընդհատ խոսվում է ու գրվում, բայց բոլորն էլ ապարդյուն է անցնում: Ասողին լսող չկա: Եթե լսում էլ են` բանի տեղ չեն դնում: Արհամարհած ունեն բոլորին: Իրենք են որ կան գիտուններն ու գործարարները, որ կարողանում են միայն ուրիշների հաշվին ուռճանալ:
Համբերատար առաքելական հայերը տիրող իրավիճակից բողոքելով` արդեն բողոքական են դարձել ու այլ աղանդների անցել: Հայ եկեղեցին էլ աչքաթող է արել ժողովրդին, իր հավատարիմ հոտին, որին ոչ միայն հոգեհանգստի արարողություններն են պետք, այլեւ ապրելու ու ստեղծագործելու ուժի ու կորովի ներշնչանք, ոչ միայն անվերջ համբերանքի քարոզչություն է պետք, այլեւ տանջանքներից ու հոգսերից թեթեւանալու ու ազատվելու խորհուրդ, որպեսզի այս կարճատեւ երկրային կյանքում էլ մարդիկ կարողանան երջանիկ ապրել:
Հարգարժան տեր հայրեր, հավանաբար գիտեք, թե ինչպես են աղանդները ներթափանցում Հայաստան ու գայլերի պես շատերին փախցնում ձեր հոտից, իսկ դուք չեք փորձում պաշտպանել հոտը, որովհետեւ նրանք քարոզելուց բացի կարողանում են մարդկանց այլ հոգսերի մասին մտածել: Դուք էլ լավ գիտեք թե ինչ է հարկավոր ժողովրդին: Եթե ինքներդ չեք կարողանում օգնել, ապա գոնե հորդորեք նրանց, ովքեր ի պաշտոնե պարտավոր են դա անել, բայց չեն անում: Եթե չեն անում, ապա մեղավոր են ու մեծ մեղք են գործում, իսկ դուք նրանց մեղքերը չտեսնելու եք տալիս: Տեր հայրեր, շուրջներդ նայեք, ձեր հոտի մեջ մարդագայլեր կան, չտեսնելու մի տվեք, դուրս հանեք, պախարակեք ու նզովեք նրանց: Ժողովրդին առաջնորդող մարդիկ պետք է լինեն հոգով ու խղճով մաքուր ու մարդասեր Աստծո նվիրյալներ:
Խոսելու եւ գրելու շատ բան կա, բայց չգիտեմՙ ինչո՞ւ եմ գրում այս ամենը եւ ո՞ւմ համար եմ գրում, ո՞վ է կարդալու, տեղ կհասնի՞, թե՞ չէ: Հոգու ընդվզումն է միայն, փոթորիկ բաժակի մեջ: Նման փոթորիկներ շատ կան, բազնաթիվ են, բայց չմիացած անզոր են: Միանալով էլ մեծ փոթորիկ կառաջանա ու մեծ վնասներ կտա, վտանգավոր է ու անցանկալի: Մնում է միայն մի հույս, թեեւ քիչ հուսադրական է: Դա նա է , որ ներկա իշխանավորները մի քիչ խիղճ ու գութ կունենան եւ հասկանալով, որ այս ձեւով կառավարելով երկիրը բարգավաճ չի դառնա, հրաժեշտ կտան իրենց պաշտոններինՙ ասելով. «Մենք արեցինք այն, ինչ կարող էինք, թող գան նրանք, ովքեր կարող են ավելին անել»:
Կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են անել ավելին, բայց լավը:
ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ