«Ազգը» ժամանակին տեղեկացրել էր ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայում ստեղծված լարված մթնոլորտի մասին, երբ անդամների մեծամասնությունն անվստահություն էր հայտնել կազմակերպության նախագահ Ալեքսան Ավետիսյանինՙ պահանջելով նրա հրաժարականըՙ մեղադրելով նրան ֆինանսական չարաշահումների մեջ:
Հոկտեմբերի 8-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայի արտահերթ նիստում, որին ներկա էին նաեւ միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերն ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որոշվել էր, որ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան գլխավորելու է Վիզերի ներկայացուցիչը: Նաեւ որոշում էր կայացվել արտերկրից հրավիրել բարձրակարգ մասնագետի, որը կգլխավորի ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը:
Եվ ահա երկու մասնագետներն էլ մոտ 20 օր է, ինչ Երեւանում են ու հասցրել են ծանոթանալ Հայաստանում ձյուդոյի ոլորտում կատարվող աշխատանքներին: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց մասնագետներին, որոնք բնակվելու են Երեւանում: ՀԱՕԿ-ի նախագահը նշեց, որ հարգելով ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի կարծիքը, հանրապետական ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրում են ռումինացի Կոնստանտին Բոգդանին: Նրա թեկնածությունն ընդունվեց միաձայն: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ նոր նախագահի աշխատավարձի հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է միջազգային ֆեդերացիան: Իսկ ահա ֆեդերացիայի նստավայրի, աշխատակազմի հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ՀԱՕԿ-ը: Կոնստանտին Բոգդանը դոկտոր-պրոֆեսոր է, նա պետք է ծանոթանա Ալիկ Ավետիսյանի գործունեությանը, ընդունի նրանից գործերը, պարզի վերջինիս հասցեին հնչած մեղադրանքների իսկությունը: Ծառուկյանը նշեց, որ եթե Ավետիսյանի գործունեությունում ամեն ինչ «մաքուր» լինի, ապա նրան աշխատանքի կընդունեն ՀԱՕԿ-ում: Հակառակ դեպքում նրանով կզբաղվեն համապատասխան մարմինները:
«Հարգելի գործընկերներ, ինձ համար մեծ պատիվ է գլխավորել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան: Հավատացնում եմ, որ ազնիվ կլինեմ, կաշխատեմ ձեր երկրում ձյուդոյի զարգացումն ապահովել: Մենք բոլորս պետք է մի թիմ դառնանք ու համատեղ աշխատենք ձյուդոյում լավ արդյունքների հասնելու համար», իր խոսքում նշեց ֆեդերացիայի նորընտիր նախագահը:
Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց ձյուդոյի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրիոտուրուին: Նա 39 տարեկան է, որպես ձյուդոյիստ մասնակցել է Բարսելոնի, Ատլանտայի եւ Սիդնեյի օլիմպիական խաղերին, որտեղ 2 անգամ զբաղեցրել է 5-րդ տեղը: Միջազգային մի շարք մրցաշարերի, աշխարհի գավաթի խաղարկությունների մրցանակակիր է: Մարզչական աշխատանքի է անցել 2001-ին Բուխարեստի «Դինամոյում», որտեղ աշխատում էր մինչ օրս:
Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ իրենց խնդրանքով է ձյուդոյի միջազգային ֆեդերացիան Ադրիան Կրիոտուրուին գործուղել Հայաստան: Նրա հետ պայմանագիր կկնքվի մինչեւ 2012-ի Լոնդոնի օլիմպիադայի ավարտը: Նա ամսական 7 հազար եվրո աշխատավարձ կստանա, որը կվճարի ՀԱՕԿ-ը: Գագիկ Ծառուկյանը հույս հայտնեց, որ նոր գլխավոր մարզիչը կկարողանա բարձր արդյունքներ ապահովել ու մեր ձյուդոյիստները միջազգային մրցաշարերից կվերադառնան մեդալների հարուստ ավարով: Ռումինացի մարզիչն էլ հավաստիացրեց, որ ամեն ջանք ու եռանդ կներդնի ապահովելու մեր ձյուդոյիստների առաջընթացը: ՀԱՕԿ-ի նախագահն էլ իր կողմից հավելեց, որ պատրաստ է ցանկացած հարցում աջակցել ձյուդոյիստներին, նպաստել նրանց հաջող մրցելույթներին: