Զավեն Անդրեասյանը գերազանց հանդես եկավ Բելգորոդում անցկացված շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկությունումՙ նվաճելով գլխավոր մրցանակը: Պատվավոր մրցանակի համար վճռորոշ մրցախաղում Անդրեասյանը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Արտյոմ Տիմոֆեեւին: Մրցակիցների առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի: Եվ ահա երեկ կայացած 2-րդ պարտիայում Զավեն Անդրեասյանը հիանալի խաղաց ու սպիտակներով 59-րդ քայլին հաղթեց Տիմոֆեեւին եւ դարձավ Ռուսաստանի գավաթակիր: Նշենք, որ Անդրեասյանն իր վարկանիշով (2585) 16-րդն էր գավաթի խաղարկության 32 մասնակիցների մեջ: Իսկ ահա Տիմոֆեեւն իր վարկանիշով (2686) 2-րդն էր:
Հարկ է նշել, որ Զավեն Անդրեասյանը շատ վստահ անցկացրեց մրցաշարըՙ չկրելով ոչ մի պարտություն: Առաջին փուլում նա 2-0 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Պավել Պոնկրատովին, այնուհետեւ միեւնույն 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Վիորել Բոլոգանի, Սանան Սյուգիրովի եւ Վլադիմիր Պոտկինի նկատմամբ: