«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2010-11-13 | #210, 2010-11-16 | #211, 2010-11-17


ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԿԱՌԼՍԵՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտից հետո երեկ Մոսկվայում մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի հերթական առաջնությունը: Մասնակցում են 20 շախմատիստներ, որոնցից 8-ըՙ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Պավել Էլյանովը, Բորիս Գելֆանդը եւ Հիկարու Նակամուրան հանդես էին եկել Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Մասնակիցների թվում են նաեւ Սերգեյ Մովսիսյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Պյոտր Սվիդլերը, Թեյմուր Ռաջաբովը, Ռուսլան Պոնոմարյովը, Ռաուֆ Մամեդովը, Բորիս Գրաչովը, Դմիտրի Անդրեյկինը, Բորիս Սավչենկոն, Յան Նեպոմնյաչնին եւ Մագնուս Կառլսենը:

Երկու շրջանով անցկացվող մրցաշարում երեկ կայացավ 14 տուր: Մեկնարկից առաջ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենին հանձնվեց 2009-ի շախմատային «Օսկարը»: Լեւոն Արոնյանն անհաջող մեկնարկեց: Առաջին տուրում նա ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ, ապա պարտվեց Շահրիյար Մամեդյարովին: Սակայն հետագայում Լեւոնը վստահ խաղաց: 3-րդ տուրում հայ շախմատիստն անդրանիկ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Պավել Էլյանովի նկատմամբ: Հետո հետեւեցին ոչ-ոքին Ալեքսանդր Գրիշչուկի հետ ու հաղթանակները Ռուսլան Պոնոմարյովի եւ Սերգեյ Մովսիսյանի նկատմամբ: 7-րդ տուրում Լեւոնը միավորը բաժանեց Բորիս Գելֆանդի հետ: Առաջին 7 պարտիաներում Արոնյանը վաստակեց 4,5 միավոր:

Մի փոքր հանգստանալուց հետո մրցաշարի մասնակիցներն անցկացրին հաջորդ 7 պարտիաները, որոնք ավելի հաջող դասավորվեցին Արոնյանի համար: 8-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Մագնուս Կառլսենի հետ, Արոնյանը հաջորդ 5 պարտիաներում հաջորդաբար հաղթեց Ռաուֆ Մամեդովին, Բորիս Գելֆանդին, Դմիտրի Անդրեյկինին, Բորիս Սավչենկոյին եւ Յան Նեպոմնյաչնուն: Միայն 14-րդ տուրում Հիկարու Նակամուրային հաջողվեց ընդհատել Լեւոնի հաղթարշավը` պարտության մատնելով մրցակցին:

Այսպիսով, երեկ կայացած առաջին 14 պարտիաներում Լեւոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ ցույց տվեց լավագույն արդյունքը: Երկուսն էլ վաստակեցին 10-ական միավոր: Նրանցից կես միավոր պակաս ունի Շահրիյար Մամեդյարովը: 8,5-ական միավոր են վաստակել Վլադիմիր Կրամնիկն ու Պյոտր Սվիդլերը, 8` Բորիս Գելֆանդը: 7,5-ական միավորով հաջորդ տեղերում են Պավել Էլյանովը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Հիկարու Նակամուրան: Սերգեյ Մովսիսյանը 5 միավորով 17-րդ տեղում է: Այսօր կկայանան մրցաշարի հաջորդ 14 պարտիաները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4