«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2010-11-17 | #212, 2010-11-18 | #213, 2010-11-19


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ «ՎԱՂՎԱ» ՆԿԱՏՄԱՄԲ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՍՏԱՀ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Երեկ ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա: «Ազգը» նախորդ համարում տեղեկացրեց որոշ մանրամասնություններ նախագահի Մոսկվայում ունեցած հանդիպումներից: Ամփոփելով այցը` Սերժ Սարգսյանը երեկ Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը հանդիպելով մի խումբ հայազգի գործիչների, որոնցից ոմանք պարգեւատրվել են ՀՀ պետական պարգեւներով, նշել է. «Քննարկել ենք կարեւոր նշանակության հարցեր: Մեր կողմից դրված բոլոր հարցերը դրական արձագանք են գտել: Ես վերադառնում եմ Հայաստան` վաղվա օրվա հանդեպ շատ ավելի վստահ»: Ի դեպ, հետաքրքական մի երկխոսություն, որը, անշուշտ, կարող է վստահություն ներչնչել, տեղի է ունեցել Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումից հետո, երբ նախագահները հանդիպել են լրագրողներին: Միանգամից նշենք, որ կոնկրետ ռուսական «Իզվեստիա» հայտնի պարբերականը հատուկ շեշտադրումներ է արել հենց այդ երկխոսության վրա: Այսպես` փակ դռների հետեւում հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը նշել է. «Հայաստանը գնահատում է Ռուսաստանի դերակատարումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում եւ հույս ունի, որ այն դրական լուծում կստանա առաջիկայում»: Նախագահ Մեդվեդեւն անմիջապես շեշտում է. «Մենք եւս ցանկանում ենք դա»: Թե այստեղից կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի պատկերացրած դրական լուծումն է ցանկանում Ռուսաստանը, դժվար է ասել, բայց «բառախաղը» բավական հետաքրքական է:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը, բացի ՌՀՄ 10-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելուց եւ ՌԴ ղեկավարության հետ հանդիպումներից, մասնակցել էր նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն ավանդական դարձած ընթրիքին, որի ընթացքում հայ գործարարներն ավելի քան 8 միլիոն դոլարի հանգանականության խոստումներ էին տվել:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4