«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2010-11-17 | #212, 2010-11-18 | #213, 2010-11-19


ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՆ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՑԻՆԻԶՄԸ

Ռուսաստանը պատրաստ է այսուհետեւ եւս աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանն ու ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Թե ինչ է նշանակում «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացում» Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մատուցմամբ, դժվար է ասել, սակայն, ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահը` Բաքվում Կասպիցի կարգավիճակի առնչությամբ երկրների նախագահների երրորդ գագաթաժողովից առաջ Ալիեւ կտրսերի հետ հանդիպմանը:

Մեդվեդեւի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է այսուհետեւ եւս ջանքեր գործադրել տարածաշրջանում անվտանգության ապահովման համար` շարունակելով օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման գործընթացին: Վերջին շրջանում, ըստ Մեդվեդեւի, կոնկրետ քայլեր են արվել այդ ուղղությամբ: ՌԴ նախագահի մատուցմամբ, ղարաբաղյան հարցի լուծումը միջազգային իրավունքի հարթության վրա է, ուստի համապատասխան աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով: Մեդվեդեւը չի հստակեցրել, թե ինչ ուղղությունների մասին է խոսքը:

Ռուսաստանի նախագահը Բաքվում հայտարարել է, թե որոշ չհամաձայնեցված սկզբունքներ դեռ կան կարգավորման առնչությամբ, սակայն եթե «կողմերը լավ աշխատեն այս ամիս, ապա դեկտեմբերի 1-2-ի Աստանայի գագաթաժողովի անցկացման ընթացքում հնարավոր կլինի անցնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակին»:

Ադրբեջանի նախագահը, որքան էլ ցինիկ թվա` նկատի առնելով բանակցային գործընթացի վերջին գրեթե բոլոր հանդիպումներում իր իսկ դրսեւորած վարքագիծը, շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` ակտիվ մասնակցության համար` ընդգծելով, թե Մեդվեդեւի անձնական «մասնակցությունը կարեւոր ու դրական դերակատարություն ունի այդ հարցում»: «Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի առաջ շարժվել ու խաղաղություն եւ անվտանգություն ապահովել այս տարածաշրջանում», փաստորեն ամենայն ցինիզմով հայտարարել է Ալիեւ կրտսերը` մոռանալով քչից շատից առկա կայունությունն ու անվտանգությունը վտանգելու եւ խախտելու իր հոխորտանքները:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4