Նոյեմբերի 12-16-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը մասնակցել է Վարշավայում վեհաժողովի տարեկան նիստին: Նիստի ժամանակ պետք է քննարկվեր նաեւ Ադրբեջանի ներկայացրած ԼՂՀ հակամարտությանը նվիրված բանաձեւը, սակայն վերջին պահին այն հանվել է օրակարգից:
«Հայկական պատվիրակությունը հանդես էր եկել առաջարկությամբ, որպեսզի բանաձեւը չքննարկվի, ադրբեջանական կողմն էլ` վերջին կապելով ընտրությունների հետ, նմանատիպ առաջարկությամբ հանդես եկել, ինչի արդյունքում բանաձեւի քննարկումը հետաձգվել է», ասաց հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը :
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում տեղի են ունեցել ընտրություններ եւ վեհաժողովի նախագահ է դարձել այն հանձնաժողովի ղեկավար, որտեղ պետք է քննարկվեր ԼՂՀ հակամարտության բանաձեւը, իսկ վեհաժողովի գլխավոր զեկուցողը, որ պետք է ներկայացներ բանաձեւը, ընտրվել է հանձնաժողովի նախագահ: «Ենթադրությունները, որ նախկին ղեկավարությունը տուրք է տվել ադրբեջանական կողմի ցանկություններին եւ օրակարգում ներառել բանաձեւի նախագիծը, շարունակում է մնալ մեր մեջ: Այս առումով վերջին շրջանում տեղի ունեցածը, երբ ՆԱՏՕ-ի կառույցները տեսան հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը, նոր ղեկավարությունը բավական զգայուն եւ նրբանկատ կլինի` նման հարցեր նման ձեւով օրակագրում չներառելու առումով», ասաց պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը :
«Որեւէ մեկի մեջ կասկած չի առաջացել, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կփորձի նմանատիպ նախագծեր առաջարկել, սակայն մեր պատվիրակությունը որեւէ խնդիր չունի առաջարկություն անելու, ուղղակի պետք է հնարավորինս մոտ լինի այն քաղաքականությանը, որ իրականացնում է ՆԱՏՕ-ն: Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հարցը չի քննարկվի, սակայն եթե քննարկվի, մեր դիրքորոշումներում հստակ ենք», ասաց Կարեն Ավագյանը :
Թե ինչո՞ւ հայկական կողմը սեփական նախաձեռնությամբ հանդես չի գալիս, եւ միշտ հայտնվում է հակադարձողի դերում, Ավագյանն ասաց, որ ՆԱՏՕ-ն մշտապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանալին պետք է գտնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում, հետեւաբար հայկական կողմը որեւէ քայլ անելուց առաջ պետք է վերլուծի, թե որքանով է այն մոտ տվյալ միջազգային կազմակերպության քաղաքականությանը:
Ստեփան Սաֆարյանն էլ հակադարձեց, որ հայկական կողմը անընդհատ հայտարարում է ԵԱՀԿ ՄԽ գործունեության մասին, սակայն բանակցային գործընթացի վրա լեգիտիմ ճնշում կարելի էր ապահովել այլ կառույցների միջնորդությամբ: «Այսօր Ադրբեջանն այդ գործունեությունն իրականացնում է, սակայն Հայաստանը դա չի իրականացնում` պայմանավորված ներքին եւ արտաքին գործոններով»:
Հ. Հ.