Եռօրյա պայքարից հետո Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի հերթական առաջնությունը: Բավական համառ մրցապայքարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լեւոն Արոնյանը, որը մրցաշարում իրեն հիանալի դրսեւորեց ու փայլուն ելույթներ ունեցավ:
Հիշեցնենք, որ երկօրյա պայքարից հետո Լեւոն Արոնյանը 18,5 միավորով միանձնյա գլխավորում էր աղյուսակը: Նրան 1,5 միավորով էր զիջում Մագնուս Կառլսենը, 16-ական միավոր էին վաստակել Թեյմուր Ռաջաբովը, Յան Նեպոմնյաչնին եւ Վլադիմիր Կրամնիկը:
Ստացվեց այնպես, որ ավարտական օրը չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճում Արոնյանի գլխավոր մրցակիցն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն էր: Այս անգամ էլ Արոնյանը սկսեց ոչ-ոքիովՙ հաշտություն կնքելով Բորիս Գրաչովի հետ: Այնուհետեւ Լեւոնը կարծես թափ առավ ու մեկը մյուսի հետեւից պարտության մատնեց Դմիտրի Անդրեյկինին, Բորիս Սավչենկոյին, Յան Նեպոմնյաչնուն եւ Հիկարու Նակամուրային: 33-րդ տուրից հետո Արոնյանը 23 միավորով վստահորեն գլխավորում էր աղյուսակըՙ 3 միավորով գերազանցելով մոտակա մրցակիցներ Թեյմուր Ռաջաբովին եւ Մագնուս Կառլսենին:
Գուցե այդ ահռելի առավելությունն էր պատճառը, որ հետագայում Արոնյանը թուլացրեց խաղը: 34-րդ տուրում նա հաշտություն կնքեց Վլադիմիր Կրամնիկի հետ, իսկ հաջորդ տուրում պարտվեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին: 36-րդ տուրում հայ շախմատիստը կարեւոր հաղթանակ տոնեց Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ եւ միավորների քանակը հասցրեց 24,5-ի: Անընդմեջ հաղթանակներ տոնած Ռաջաբովից Արոնյանը 1,5 միավորով առաջ էր անցել:
Ամեն ինչ վճռվեց 37-րդ տուրում: Արոնյանին օգնության եկավ իր հայրենակից, Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը, որին հաջողվեց սպիտակներով կանգնեցնել Ռաջաբովի հաղթարշավըՙ պարտության մատնելով ադրբեջանցուն: Իսկ դա նշանակում էր, որ Արոնյանն անկախ վերջին 2 պարտիաների արդյունքից, արդեն ապահովել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դա, իհարկե, ազդեց Արոնյանի ելույթի վրա, որը Սերգեյ Կարյակինի եւ Պյոտր Սվիդլերի հետ պարտիաներում պարտվեց:
Եվ այսպես, Լեւոն Արոնյանը 38 հնարավորից վաստակեց 24,5 միավոր եւ հռչակվեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, որի առթիվ շնորհավորում ենք տաղանդավոր հայ շախմատիստին: Հիշեցնենք, որ Արոնյանը 2 անգամ Հայաստանի հավաքականի կազմում դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Նա աշխարհի գավաթակիր է, արագ շախմատի եւ Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի չեմպիոն, հաղթող է ճանաչվել Գրան պրիի մրցաշարում եւ այլ հեղինակավոր մրցաշարերում: Մնում է, որ այս տիտղոսին Լեւոնն ավելացնի աշխարհի չեմպիոնի տիտղոսը դասական շախմատի վարկածով:
Լեւոն Արոնյանը կես միավորով գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած Թեյմուր Ռաջաբովին: 23,5 միավորով 3-րդ տեղում Մագնուս Կառլսենն է: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Բորիս Գելֆանդըՙ 21,5, Հիկարու Նակամուրանՙ 21,5, Սերգեյ Կարյակինըՙ 20,5, Վլադիմիր Կրամնիկըՙ 20,5, Շահրիյար Մամեդյարովըՙ 19,5, Պյոտր Սվիդլերըՙ 19,5, Պավել Էլյանովըՙ 19: Սերգեյ Մովսիսյանը 17,5 միավորով գրավեց 15-րդ տեղը: