Սույն խոսքս (որը առաջացած իրավիճակի հարկադրանքով եմ գրում) այս վերնագրով ընթերցողին ներկայացնելը պայմանավորված է 1998-2006 թթ. Ադրբեջանի եւ Նախիջեւանի հանրապետությունների կողմից պետականորեն եւ վանդալ արարքներով կազմակերպած նախիջեւանյան հայկական ողջ ժառանգությունը (եկեղեցիներ, վանքեր, գերեզմանատներ, խաչքարեր, վիմագրեր, տապանաքարեր, քանդակներ եւ այլն) հիմնահատակ ոչնչացման փաստը մեր պետական-պաշտոնատար գործիչների, լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես եւ առանձին հեղինակների կողմից պարբերաբար աղավաղումներով ներկայացնելու հանգամանքով:
Օրինակներ կարելի է բերել տասնյակներով, որի վերջը այդպես էլ չի երեւում: Օրերս էլ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գ. Մինասյանը , օրինակ, ելույթ ունենալով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդանային վեհաժողովի վերջին` 36-րդ նիստում, արձանագրել է, որ Ջուղայի կործանված խաչքարերի թիվը 100-ից անցել է (տրված ասուլիսի տեղեկատվությունը տե՛ս «Ազգ» , 11.11. 2010):
Եվ այսպես, մի քանի տարի է ինչ մեր պետական-պաշտոնական գերատեսչությունների բողոք-նամակներում, միջազգային զանազան լսարանների առջեւ ունեցած ելույթներում, լրատվամիջոցներին տված հարցազրույցներում եւ այլ առիթներով` անտեղյակ լինելով լրատվամիջոցներով եւ առանձին աշխատություններով առկա (այստեղ ստիպված եմ նշել` իմ) կատարված բազմաթիվ պարզաբանումներին, մասնավորապես անգիտությամբ.
ա) Պատմական Ջուղան կամ Հին Ջուղան նույնացնում են Իրանի տարածքի Նոր Ջուղայի հետ, որտեղ հայկական խաչքարերով գերեզմանատուն չկա եւ առավել եւս չի եղել:
բ) Հին Ջուղա քաղաքատեղիում 1998-2006 թթ. Նախիջեւանի իշխանությունների կողմից ոչնչացված 1000-10.000 խաչքարերի իրարամերժ թվաքանակի պարբերաբար նշումների փոխարեն հստակորեն պետք է փաստել, որ այդ ժամանակ ոչնչացման է ենթարկվել այդտեղ մինչեւ 1998 թ. մնացած 4500-4800 խաչքարերը (2700-ից ավելին հենց միայն քաղաքի գլխավոր գերեզմանատանը),
գ) Ի վերջո անհրաժեշտ է փաստել, որ Հին Ջուղայի հուշարձաններից` խաչքարերից եւ երկու եկեղեցիներից բացի Նախիջանի տարածքում ավերված հայկական ժառանգության թիվը (Ջուղայի խաչքարերը ներառյալ) անցնում է 27.000 միավորից:
Միով բանիվ, մի՞թե դժվար է օգտվել առկա հրատարակված գրականությունից եւ մտապահել այս մի քանի փաստերը եւ զանազան աղավաղումներով չներկայացնել-տարածել դրանք, որոնք ոչ միայն պատմական ու գիտական, այլեւ նախ եւ առաջ քաղաքական նշանակություն ունեն: Այս խնդրում մի քիչ եղեք տեղեկացված, զերծ մնացեք այսպիսի կամովին ու մեր ձեռքերով աղավաղելու մեր պատմության ու պահանջատիրության խնդիրները: Եվ մեզ էլ մի ստիպեք Ձեր անտեղյակություններին ու անհեթեթություններին հարկադրաբար անդրադառնալու: Պարոնայք, մինչեւ խոսելը, մի քիչ էլ մտածեք Ձեր խոսքի ու բերած փաստերի արժեքի մասին:
ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ, Հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Հ.Գ. Սույն խոսքս տրամադրելով «Ազգ»-ին, խնդրում եմ հայաստանյան եւ սփյուռքահայ մյուս լրատվամիջոցների խմբագրերին այն արտատպել` դրանով իսկ աջակցել շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին հետայսու գոնե զերծ մնալ վերոնշյալ աղավաղումներից: