«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2010-11-18 | #213, 2010-11-19 | #214, 2010-11-20


ԱՆԱԿՆԿԱԼ, ՈՐ ԱՇԽՈՒԺԱՑՐԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողների հետաքրքրության շրջանակում էր Սպարտակ Մելիքյան-Վերահսկիչ պալատ հակադրությունը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ի պատասխան «Ազգի» հարցին` նկատեց. «Էդ հակադրությունը մի քիչ վերամբարձ խոսք ասացիք... Բնութագրեմ որպես անակնկալ, որը բավականին աշխուժացրեց նաեւ մամուլն ու խորհրդարանի աշխատանքը»: Խոսելով այն մասին, թե արդյո՞ք քննարկվել է Ս. Մելիքյանի ելույթը ՀՀԿ խմբակցությունում, Գ. Սահակյանը հիշեցրեց. «Մեր ֆրակցիայի անդամներից մեկն է, ԺԱԿ կուսակցության նախագահը, եւ հանրապետական չէ: Իհարկե, ֆրակցիոն գործողությունների տեսակետում սխալ է թույլ տվել, որովհետեւ նման խնդիրները կարելի է քննարկել, հետեւություններ անել եւ այնպես մատուցել, որ արդյունքներն առավել լինեն: Բայց ես չեմ էլ տեսնում, որ Մելիքյանը ինչ-որ միտում է ունեցել: Դա վերագրում եմ խորհրդարանականի անփորձությանը, որովհետեւ երկու-երեք տարի է պատգամավոր, եւ կարող են նաեւ այդպիսի զեղումներ լինել, որոնք ինձ համար անընդունելի են»: Ըստ Գ. Սահակյանի` հասարակության մեջ «ստուգում» բառն ընկալվում է այնպես, կարծես Վերահսկիչ պալատը գնում է կոռուպցիա բացահայտելու, այդ լիազորությունը չունի Վերահսկիչ պալատը: Նա փաստորեն նայում է բացթողումները` թերություններ, որը շտկվում են ընթացքում: Չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի բացառում, որ ստուգող մարմիններում էլ մարդիկ են աշխատում եւ կարող են լինել սուբյեկտիվ եւ անթերի չաշխատել, բայց նման ամբիոնից ամեն ինչը պետք է փաստարկված ներկայացվի. «Մենք բոլորս էլ կարող ենք կասկածել, իսկ կասկածելով չես կարող գործընթացները սկսել», նշեց Գ. Սահակյանը` հավելելով, թե պետք է աշխատել, որ հասարակությունն իմանա Վերահսկիչ պալատի լիազորությունների շրջանակը, իսկ ընդհանարապես, նրա կարծիքով, արդեն տարիներ շարունակ Վերահսկիչ պալատը կարողանում է նպատակային իր գործը կատարել:

ՕԵԿ խմբացության ղեկավար Հեղինե Բիշարյանը Վերահսկիչ պալատի գործառույթների մասին խոսեց ողջ աշխարհի համեմատության շրջանակում ` հայկական ցավ չէ միայն պետական գումարների ոչ ճիշտ օգտագործումը, այդ առումով գործառույթը տեղին է: Իսկ գումարները ճիշտ չօգտագործող մարզպետներին եւ համայնքապետներին ճիշտ ընտրելու առումով նա ցավ էր ապրում, բայց եւ` խախտումները համատարած չեն, ըստ Հ. Բիշարյանի:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն այդ առթիվ ակնհայտ համարեց կոռուպցիայի շուրջը հանրային քննարկումներ ծավալելու երկրի ղեկավարության եւ իշխող կոալիցիայի կամքը: Իսկ կոնկրետ Սպարտակ Մելիքյանի մեղադրանքների իսկությունը պարզելը դատարանի գործը համարեց, մնում է միայն ապահովել գործընթացի թափանցիկությունը: «Սպարտակ Մելիքյանի հետ կապված ՎՊ-ն դատարան է դիմել, եւ այդ գործը հրապարակային դատավարության ընթացքում կքննարկվի: Ես տեղյակ եմ նաեւ, որ Սպարտակ Մելիքյանն իր ասածների վերաբերյալ ունի ծանրակշիռ ապացույցներ, այնպես որ ոչ մի մեկնաբանություն չեմ անիՙ մինչեւ հրապարակային դատը», ասաց նա: Գնահատելով Վերահսկիչ պալատի գործունեությունը` նրա կուսակից, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը կարծում է, թե ՎՊ-ն իր գործառույթներն ավելի հրապարակային պետք է դարձնի եւ բյուջեի հետ կապված ավելի շատ ստուգումներ անցկացնի. «Զավեշտ է, որ դժվարություններով հավաքվում է ծախսային մասը, նույնիսկ դեֆիցիտ ունենք` լրացնում ենք, եւ նման անփույթ վերաբերմունք է լինում», ասաց:

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը Մելիքյանի եւ Վերահսկիչ պալատի նախագահի փոխադարձ մեղադրանքները միջանձնային հարաբերությունների հարթությունում դրեց, որոնք հրապարակային գործողությունների տիրույթ են տեղափոխվել. «Կարծում եմ, այդ հարցի պատասխանն իրենք պետք է տան», ասաց Ա. Մինասյանը: Իսկ Հայաստանում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք նա Հայաստանի իշխանության մեջ տեսավ` նշելով, թե Վերահսկիչ պալատը որքան էլ ցանկություն ունենա օբյեկտիվություն դրսեւորել, կառավարությանն ու մյուս մարմիններին ստիպի աշխատել, այնուամենայնիվ, կա այն վտանգը, որ բավարար անկաշկանդությամբ օժտված չէ համանման մարմինների պես. ըստ պատգամավորի` ՎՊ-ում կամ այլ վերահսկողական գործառույթներով օժտված մարմիններում, անպայման քաղաքական ընդդիմությունն իր տեղը պետք է ունենա, որպեսզի ապահովի ավելի անաչառ մոտեցում:

«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը գնաց ընդհանրացումների. «Ես կարծում եմՙ եթե կառավարման ամբողջ համակարգը հիվանդ է ոտքից մինչեւ գլուխ, բնականաբար որեւէ օղակի, այդ թվումՙ միայն Վերահսկիչ պալատի գործունեությամբ իսկապես հնարավոր չէ արդյունավետություն ակնկալել` կառավարման համակարգում կոռուպցիան ոչ միայն կա, այլեւ այն աստիճանի է բարգավաճել, որ իսկապես խլում է մեր կենսական ամբողջ ռեսուրսը: Այնպես որ չեմ կարծում, թե այսօր ՎՊ-ն կարող է արդյունավետությունը բարձրացնել, առավել եւս, որ ՎՊ-ն եւս իշխանւթյան մի ճյուղ է»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4