«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2010-11-18 | #213, 2010-11-19 | #214, 2010-11-20


ՄԱՆՐ ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԻՆ ԿՈ՞ՒԼ ԵՆ ՏԱԼԻՍ

Մեկ օր առ առաջ տեղի է ունեցել հայ ձկնաբույծների արտակարգ համագումարը, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել ոլորտի 4 հիմնական խնդիրները. ձկնաբուծարաններին ամրակցված հողերի նշանակության փոփոխության, հորատանցքերում ջրաչափերի տեղադրման, ձկնաբուծարաններում ջրի հեռացման եւ ջրի օգտագործման թույլտվության ժամկետների երկարացման հարցերը: Այդ համագումարին հրավիրված էին խորհրդարանական խմբակցությունները, մասնակցել են ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի ` ոլորտում առկա խնդիրները բարդ կացության առջեւ են կանգնեցրել 300-ից ավել ձկնաբույծների: Ոլորտի խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում, այդ թվում` օրենսդրական բնույթի:

Ձկնաբույծների ընկերության բարձրացրած խնդիրներին գումարվում է ձկնաբուծության օրենքի ընդունման հրամայականը: «Ժառանգությունն» այդ պրոբլեմների առիթով արդեն դիմել է երկու խորհրդարանական հանձնաժողովների` առաջարկելով խորհրդարանական լսումներ կազմակերպել: «Ժառանգությունը» երեկ դիմել է նաեւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` խնդրելով, որ կառավարությունը եւս հարցի քննարկում կազմակերպի, հրավիրելով մասնագետների եւ ձկնաբույծների միավորումների անդամների: Հարցն այնքանով է հրատապ, որ ոլորտը պետության կողմից արժանանալով աջակցության (պետությունը ժամանակին հարկային արտոնություններ է տրամադրել ոլորտին), այժմ կայացել է, անգամ ձկնային ռեսուրսները Հայաստանն արդեն սկսել է արտահանել: Մանր ձկնաբույծները կայացրել են արդյունաբերության այս ճյուղը փաստորեն:

Սակայն ոլորտի կայացումը չի վրիպել օլիգարխների աչքից` նշաններ են երեւում, որ ինչպես տնտեսության այլ ճյուղեր, այս ճյուղը եւս հայտնվել է օլիգարխների շահագրգռության կենտրոնում, նրանք փորձում են օգտագործել պետական կառավարման մարմինների վրա իրենց ազդեցությունը եւ դուրս մղել փոքր ձկնաբուծարաններին: Եթե օլիգարխներն իրենց ախորժակը չզսպեն եւ փորձեն կուլ տալ մանր ձկնաբույծներին, վերջիններիս կմնա մեկ բան` վաճառել մանր ձկնաբուծարարանները եւ հեռանալ երկրից, համենայն դեպս` ձկնաբույծներն իրենք այդպես են ասում: Ոլորտն, ըստ Ս. Սաֆարյանի, ազգային անվտանգության նշանակություն ունի եւ կառավարությունը պարտավոր է կանոնակարգել այն:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4