ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մասնագիտացված լրագրողների, փորձագետների ու քաղաքագետների շրջանում այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկը 2010 թվականի դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովն է, որտեղ նախատեսվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Հետաքրքրությունը Աստանայի նկատմամբ արդարացված է առնվազն այն իմաստով, որ հենց ԵԱՀԿ-ն ու այս կազմակերպության հովանու ներքո գործող Մինսկի խմբի եռանախագահությունն են (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ներգրավված ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Աստանան կարող է բեկումնային լինել: Հաշվի առնելով վերջին ամիսներին ավելի ինտենսիվ դարձած պատերազմական հռետորաբանությունն ու շփման գծի երկայնքով տիրող անհանգստությունը, թվում է, հակամարտության մեջ ներքաշված կողմերը ավելի շատ նախապատրաստվում են հերթական անողոք պատերազմին ու նույնքան անողոք հակահարվածին, քան պատրաստ են ցավոտ փոխզիջումների: Չպետք է բացառել, որ Աստանայում ընդունվի փաստաթուղթ, որը հետագայում ղարաբաղյան կարգավորման գործընթացում ունենա վճռորոշ նշանակություն: Սակայն, բանակցային գործընթացում տիրող այսօրվա անորոշ վիճակը հաշվի առնելով, դժվար է ակնկալել բեկում:
Կանխատեսումների եւ զարգացումների հնարավոր սցենարների մասին վերլուծությունների պակաս չկա: Առաջարկում եմ վերհիշել ԵԱՀԿ-ի նախկին վեց գագաթաժողովներն ու նախագահների մակարդակով այդ հանդիպումներում ղարաբաղյան հակամարտության շուրջ ընդունված փաստաթղթերը:
ԵԱՀԿ-ն առաջին երեք գագաթաժողովների (30 հուլիս 1975 թ., Հելսինկի, 19-21 նոյեմբեր 1990 թ., Փարիզ, 9-10 հուլիս 1992 թ., կրկին Հելսինկի) իր վերջնական փաստաթղթերում ղարաբաղյան խնդրին չի անդրադարձել:
Այստեղ պիտի հիշել, որ Հելսինկիի 1992 թ. գագաթաժողովի նախօրեին` մարտի 24-ին, ԵԱՀԿ-ն ընդունեց ղարաբաղյան կարգավորման հարցում իր առաջին ու կարեւորագույն որոշումներից մեկը, որով ձեւավորվեց մինչեւ այսօր այդպես էլ չկայացած Մինսկի խորհրդաժողովի պատվիրակ 11 երկրների կազմը, որոնց շարքում նաեւ` Թուրքիան: Որոշման մեջ ասվում էր, որ կարգավորման բանակցություններին պետք է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի «ընտրված եւ այլ ներկայացուցիչները»: «Ընտրված» ասելով նկատի էր առնվում Արցախի օրինական իշխանությունը` ի դեմս նրա խորհրդարանի, որն ընտրվել էր 1991-ի դեկտեմբերի 28-ին: «Այլ ներկայացուցիչներ» ասելով ԵԱՀԿ-ն նկատի ուներ Շուշիի ադրբեջանական քաղաքային իշխանությանը:
1990 թ. Փարիզի գագաթաժողովում ղարաբաղյան խնդրին անդրադարձ չի եղել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ Խորհրդային Միության մաս էին կազմում, եւ միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս համարում էր Խորհրդային Միության ներքին հարց:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել Բուդապեշտում 1994 թ. դեկտեմբերի 5-6-ը կայացած գագաթաժողովը: Ավելին, այն համարձակ քայլը, որին դիմեց Հայաստանը` ունենալով ընդամենը երեք տարվա անկախություն ու դիվանագիտական փորձ, կարելի է համարել վերջին 20 տարիների արտաքին քաղաքական ամենալուրջ ձեռքբերումներից մեկը: Հայկական դիվանագիտության պատմության մեջ հիշատակվել եւ թմբկահարվել է 1996 թ. Լիսաբոնի գագաթաժողովում Երեւանի կողմից կիրառված վետոն` այն ներկայացնելով որպես Հայաստանի դիվանագիտական պարտություն: Շատ քչերն են հիշում կամ գիտեն, որ Հայաստանը վետոյի իր իրավունքից օգտվել է նաեւ 1994-ի Բուդապեշտի գագաթաժողովում:
Բուդապեշտում օրակարգ էր բերվել գերմանա-հոլանդական մի առաջարկ «Կինկել-Կույմանսի նախաձեռնություն» անվան տակ: Այն նախատեսում էր «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւը: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ն կոնսենսուսով գործող կառույց է եւ երբ կազմակերպության անդամ ավելի քան հինգ տասնյակ երկրներից մեկն անգամ դեմ է լինում որեւէ փաստաթղթի, իսկ մյուս բոլորը` կողմ, այդ մեկ երկիրը կարող է վետո դնել, եւ փաստաթուղթը չի ընդունվում: Գերմանա-հոլանդական նախաձեռնությունը ընդունելու դեպքում գործելու էր «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւը: Հայաստանը եղավ միակ երկիրը, որը, չնայած ուժող ճնշումներին, կարողացավ վետո դնել: Այլ երկրներ եւս դեմ էին «Կինկել-Կույմանսի նախաձեռնությանը», այդ թվում եւ Ռուսաստանը, հասկանալով, որ դա մի օր կարող է իրենց դեմ աշխատել: Բայց, ունենալով ղարաբաղյան խնդիր, Հայաստանն ամենաշահագրգիռն էր, որ ԵԱՀԿ-ն մնա կոնսենսուսով գործող կազմակերպություն: Եթե Բուդապեշտում Հայաստանը վետո չդներ, ապա երկու տարի անց Լիսաբոնի գագաթաժողովում այլեւս Երեւանի գործադրած վետոն չէր կարող օրակարգից հանել այն փաստաթուղթը, որով ԵԱՀԿ-ն ամենաբարձր` նախագահների մակարդակով, ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Բուդապեշտյան գագաթաժողովի հաջողություններից էր նաեւ ղարաբաղյան հակամարտության մասին ընդունված փաստաթուղթը, որտեղ առաջին անգամ` թեկուզ անուղղակի, բայց ԵԱՀԿ-ն ընդունեց, որ հակամարտությունն ունի ավելի քան երկու կողմ: Ամփոփիչ փաստաթղթի երկրորդ «Տարածաշրջանային հարցեր» գլխում` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ ԵԱՀԿ-ի գործողությունների ակտիվացում» վերնագրով փաստաթղթում, առանց ԼՂ անունը նշելու, օգտագործվել են անգլերեն երկու ձեւակերպումներ` «all sides» եւ «among parties», ինչը հայկական կողմը մեկնաբանեց այսպես` եթե ԵԱՀԿ-ն ԼՂ-ն չհամարեր հակամարտության կողմ, ապա կօգտագործեր «both sides» եւ «between parties»: «All sides» նշանակում է «բոլոր կողմեր», ընդ որում` երկուսից ավելի, իսկ «among parties» նշանակում է «կողմերի միջեւ», բայց ոչ թե երկու, այլ ավելի քան երկու: Այսպիսով, Բուդապեշտում, ինչպես պնդում են որոշ հայ հեղինակներ, այդ թվում` Հայաստանի առաջին նախագահի շրջապատը, չի ընդունվել փաստաթուղթ, որով ԼՂ-ն ճանաչվեր բանակցությունների կողմ: Մյուս կողմից, սակայն, պիտի ընդունել, որ այո, Բուդապեշտում հայկական դիվանագիտությունը հասավ լուրջ նվաճման: Բայց շատ ավելի կարեւոր էր այն ձեռքբերումը, որին օրվա իշխանությունները հասան Պրահայում 1995-ի մարտի 31-ին: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը ընդունեց մի փաստաթուղթ, որում առաջին անգամ ԼՂ-ն նշվում էր որպես բանակցությունների ուղղակի կողմ: Այդ փաստաթղթում Ադրբեջանը եւ Հայաստանը համարվում էին հակամարտության պետական (State) կողմեր, իսկ ԼՂ-ն` հակամարտային կողմ (conflicting party):
Լիսաբոնի 1996 թ. գագաթաժողովի մասին շատ գրվել, բայց շատ քիչ է ուշադրություն դարձվել ամենակարեւոր հանգամանքի. առաջին անգամ ԵԱՀԿ-ի անդամ բոլոր պետությունների, այդ թվում` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահների մակարդակով, փորձ արվեց ամրագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նրա կազմում Լեռնային Ղարաբաղի լայն ինքնավարությունը: Հայաստանը վետո դրեց: Հայ քաղաքական իրականության մեջ Լիսաբոնը ընկալվեց որպես դիվանագիտական պարտություն եւ Հայաստանի միջազգային մեկուսացում: Այն օրերին Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը համաձայն չէ. «Մեզ պարտադրվում էր փաստաթուղթ, որն անընդունելի էր ԼՂ-ի եւ Հայաստանի համար: Մենք առաջնորդվել ենք մեր ազգային շահերով, եթե դա համարվում է միջազգային մեկուսացում, ապա, այո՛, մենք գիտակցաբար գնացել ենք այդ մեկուսացմանը»: 1996 թ. դեկտեմբերի 18-ին, Լիսաբոնի գագաթաժողովից կարճ ժամանակ անց Փարիզում, ֆրանսահայերի հետ հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ Լիսաբոնը ոչ հաղթանակ էր եւ ոչ էլ պարտություն Արցախի համար: Ըստ Քոչարյանի` կարեւորն այն էր, որ Հայաստանը, օգտագործելով իր վետոյի իրավունքը, թույլ չի տվել, որ ադրբեջանամետ բանաձեւը տեղ գտնի վերջնական հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ի հաջորդ` 1999 թ. նոյեմբերի 18-19-ի Ստամբուլի գագաթաժողովում Քոչարյանը արդեն որպես Հայաստանի նախագահ ինքն էր մասնակցում պետությունների ղեկավարների այդ հանդիպմանը: Ստամբուլի գագաթաժողովի հռչակագրի երկու կետերը վերաբերում էին Հայաստանին, Ադրբեջանին եւ ղարաբաղյան հակամարտությանը: Մասնավորապես, հռչակագիրը սատարում էր Քոչարյան-Ալիեւ երկխոսությանը: 1999 թ. ընթացքում շատ էր խոսվում եւ գրվում, որ Ստամբուլը ղարաբաղյան կարգավորման հանգրվանում կարող է ճակատագրական լինել: Գագաթաժողովին նախորդել էր Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչությունը: Ստամբուլի գագաթաժողովին նախորդող եւ հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական եւ միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ բանակցություններում քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը. Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը: Շատ էր գրվում, որ հենց Ստամբուլում պետք է ձեռք բերվեր նախնական համաձայնություն կարգավորման այն փաթեթի շուրջը, որը ստացավ «Մեղրիի տարբերակ» ոչ պաշտոնական անունը:
Ստամբուլի գագաթաժողովից հետո ԵԱՀԿ-ն արդեն ավելի քան տասը տարի չէր կարողանում կազմակերպել պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպում, քանի որ Ռուսաստան-Արեւմուտք հակասությունների պատճառով հնարավոր չէր լինում համաձայնության գալ ամփոփիչ փաստաթղթի շուրջը: Դեկտեմբեր 1-2-ը Աստանայում սպասվող ԵԱՀԿ գագաթաժողովից ակնկալիքներն առաջին հերթին վերաբերում են Ռուսաստան-Արեւմուտք նոր հարաբերություններ հաստատելուն: Իսկ թե որքանո՞վ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մասնավորապես եւ Հարավային Կովկասն ընդհանրապես տեղ կգտնեն սպասվող միջազգային ու տարածաշրջանային նոր վերադասավորումներում, ցույց կտա ապագան: