Եվրոմիության Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին դիվանագիտական լավատեսությունից էլ այն կողմ է անցել:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության մի քանի հարցերին ի պատասխան` Բաքվում գտնվող Սեմնեբին, եթե հավատալու լինենք ադրբեջանական գործակալության տարածած տեղեկությանը, հայտարարել է, թե չնայած 2010 թվականը նշանավորվել է «ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի բարդ ժամանակահատվածով, այսինքն` բանակցություններն ընթացել են ոչ լավագույն տեմպերով, շփման գծում եղել են միջադեպեր, այդուհանդերձ, կան որոշակի առաջխաղացումներ»:
Ըստ Սեմնեբիի, «փաստը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշ արագացումներ են սպասվում, այդ թվում` երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, հիմք է տալիս ակնկալել, որ կարգավորման բարդ փուլը մնացել է հետեւում»:
Պարզվում է, Սեմնեբին իր հուսադրումներում ավելի հեռուն է գնացել: «Ակնհայտ է բանակցային գործընթացում որոշակի առաջխաղացումների առկայության փաստը: Սա արդեն նշան է, որը մենք ողջունում ենք», ասել է ԵՄ դիվանագետը:
Նշենք, որ Պիտեր Սեմնեբին երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի հետ, հանդիպմանն էլ քննարկել են ԵՄ-Ադրբեջան համագործակցությանը, ղարաբաղյան խնդրին առնչվող հարցեր:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ