Վերջին շրջանում շատ են դեպքերը, երբ մեր մեծերի վերջին հանգրվաններից անհետանում են կիսանդրիները, տառերը, անգամ տապանաքարերն են կոտրվում ու մասնատվում: «Ազգը» այդ բարբարոսություններին անդրադարձել է բազմիցս ու պաշտոնատար այրերի ուշադրությունը հրավիրելՙ կանխելու ոչ հարիր եւ անպատվաբեր ոտնձգությունները:
Երեկ վաղ առավոտից, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը , վարչության պետերը, ավագանու անդամները եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այցելեցին Կոմիտասի անվան այգի: 7 հեկտար տարածք զբաղեցնող նախկին Ստալինյան այգու մոտ 2 հեկտարը զբաղեցնում է գերեզմանոցը: 1936 թվականին, Կոմիտաս վարդապետի աճյունը Փարիզից տեղափոխվեց Հայաստան ու հողին հանձնվեց այդ գերեզմանոցում: 1957 թվից որոշվեց այգու այդ հատվածը դարձնել մեր մեծերի պանթեոն, եւ այգին վերանվանվեց Կոմիտասի անվան: Այգու մնացյալ մասը դարձավ քաղաքային զբոսագի իր կինոդահլիճով, բացօթյա համերգասրահով, մանկական կարուսելներով ու զվարճանքի այլ վայրերով:
Սակայն վերջին 20 տարիների ընթացքում զբոսայգու տարբեր հատվածներ մի գրչի հարվածով օտարվեցինՙ դառնալով ռեստորան, մանկապարտեզ, պահեստ, «Անդրանիկի» թանգարան, մնացյալ չգործող կառույցները թալանվեցին, քանդուքարափ եղան, ժանգոտվեցին կարուսելները եւ դարձան անօգտագործելի մետաղի ջարդոն: Ամիսներ առաջ Կոմիտասի այգու վերջնամասում պանթեոնից 4 հեկտար հեռավորության վրա, սկսվեց մեզանում առաջին դելֆինարիումի շինարարությունը, որը մեծ աղմուկ բարձրացրեց բնապահպանների ու մի շարք այլ կազմակերպությունների շրջանում:
Քաղաքապետն ու նախարարը այցելեցին մեր մեծերի շիրիմներին, տեղում ծանոթացան դրանցից մի քանիսի տապանաքարերի, եզրաքարերի եւ գերեզմանի վերանորոգման ենթակա աշխատանքներին: Նախարար Հասմիկ Պողոսյանը առաջարկեց, որ «Անդրանիկի» թանգարանի ցանկապատը հանվի, որը իր տեսքով ու ձեւով պանթեոնից առանձնանում էր ու ճարտարապետական ճիշտ լուծում չէր ներկայացնում:
Եթե պանթեոնում, կարելի է ասել, հրաշալի մաքրություն, գեղեցիկ ճեմուղիներ, նստարաններ կային, ապա պանթեոնի դարպասներից դուրս, Կոմիտասի զբոսայգու հատվածը ավերակների ու աղբակույտերի վերածված անհասկանալի տարածք էրՙ քարուքանդ անցուղիներով, չորացած ու կոտրատված ծառերով, կիսավեր կառույցներով, որոնց կողքին կառուցվել է սեփական մանկապարտեզՙ չգիտես թե ինչո՞ւ եւ ո՞ւմ թույլտվությամբ:
Այդ ավերակների վերջնամասում աշխատանքային եռուզեռ էր: Լայն թափով ընթանում էին այգու վաղուց չգործող նախկին ատրակցիոնի տեղում դելֆինարիումի կառուցման շինարարական աշխատանքները: Պանթեոնի բարեկարգման աշխատանքները քաղաքապետի հանձնարարությամբ ընդգրկվել են Երեւանի քաղաքապետարանի 2011 թ. ծրագրերի շրջանակներում:
Նախատեսվում է անցկացնել շուրջ 950 գծ/մ ջրագիծ, արտաքին լուսավորության նոր ցանց, նոր, թարմ տեսքի կբերվեն ծառուղիները, կնորացվի ասֆալտե ծածկույթը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ եւ այլն: «Ազգի» այն հարցին, թե ի՞նչ գումարներով են իրականացվելու բարեկարգման աշխատանքները, քաղաքապետը ասաց. «Բոլորը արվելու է դելֆինարիումի միջոցների հաշվին, ու այգին, պանթեոնը ամբողջությամբ վերանորոգված, գեղեցիկ ու կանաչապատ, նոր կինոթատրոնով, ատրակցիոններով կնվիրենք երեւանցիներին վեց ամիս հետո- սա է պայմանը դելֆինարիումի շինարարությունն իրականացնող ուկրաինական «Ներում» ընկերության հետ կնքված պայմանագրի»:
Հետո նույն խումբը այցելեց ու ծաղիկներ դրեց քաղաքային պանթեոնում հանգչող մեր մեծերի շիրիմներին: Այստեղ վիճակը պարզապես անմխիթար էր: Մի քանի հարյուր շիրմաքարեր անձրեւից ու ձյունից դեֆորմացվել, ճաքել, հեռացել էին իրարից: Գերեզմանից գերեզման անգամ մեկ ոտքի ճանապարհ չի մնացել, մի խոսքովՙ աննկարագրելի վատ վիճակ էր:
Շրջայցից հետո ՀՀ մշակույթի նախարարը ասաց, որ անհրաժեշտ է ստեղծել հատուկ մասնագիտական համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի գերեզմանաքարերը, տեխնիկական ու մասնագիտական եզրակացությունից հետո ճարտարապետերի ու հեղինակների հետ կճշտվեն բարեկարգման աշխատանքների չափերը, կհաշվարկեն պահանջվող գումարները:
Նախարարը նշեց, որ արդեն հայտնի են դարձել ու գտնվել են Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրու հափշտակողները:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ շատ արագ կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ, որից հետո միայն կանդրադառնան հուշաքարերին ու գերեզմաններին: Հուսանք, որ գարնանը հնարավոր կլինի մոտենալ յուրաքանչյուր ննջեցյալի գերեզմանին, ծաղիկ դնել ու մեր հարգանքի տուրքը մատուցել մեր ազգի մեծերին, որոնց շիրմաքարերը հայտնվել են անմխիթար վիճակում: Իսկ ՀՀ ժող. արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի հուշաքարի փոխարեն կտեղադրվի հուշարձան, տեղեկացրեց քաղաքապետը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ