Սա հենց այն դեպքն է, երբ կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը: Սա նաեւ այն դեպքն է, երբ բոլոր մասնակիցները հաղթել են, եւ, իհարկե, սա այն դեպքն է, երբ մասնակցությունը պարտադրված չէ:
Սեպտեմբերի մեկից հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում անցկացվեց Ռուսաստանի հայերի միության, «Ռուսկի միր» հիմնադրամի եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնած «Երգը բարեկամության կամուրջն է» ռուսերեն երգի փառատոն-մրցույթը: Երկու ամսից ավելի հայաստանյան գրեթե բոլոր դպրոցներում հնչեցին ռուսական հայրենասիրական եւ ազգային երգը, ռուսական ռոմանսն ու էստրադային երգը, ինչպես նաեւ հայկական երգը` ռուսերեն լեզվով. հետեւելով փառատոնին հենց սկզբից, պետք է փաստենք` այս ամենը հնչեց մեծ սիրով: Միայն փառատոնի թվերը ապացուցում են դրա հաջողությունը: Այսպեսՙ դպրոցական փուլին մասնակցել են 67318 աշակերտ: Եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում այսօր կան 400 հազար աշակերտներ, ապա սա նշանակում է, որ ռուսերեն երգել է հանրապետության ամեն չորրորդ աշակերտը: Մարզային փուլին արդեն 67318 աշակերտից ընտրվել են 667-ը, որոնցից էլ 55 աշակերտ իրավունք է ստացել մասնակցելու հանրապետական փուլին: Ընդ որում` մարզային փուլի մասնակիցներից շատերը` 143 հոգի, ակտիվ մասնակցության համար ստացել են պատվոգրեր ինչպես Ռուսաստանի հայերի միությունից, այնպես էլ մարզային ղեկավարությունից: Հայաստանյան դպրոցներում անցկացվել են նաեւ ռուսերենի բաց դասեր (1032), վարպետության դասեր, ցերեկույթներ (760), վիկտորինաներ, կլոր սեղաններ, ռուս նկարիչների ցուցահանդեսներ եւ այլ միջոցառումներ:
Նոյեմբերի 20-ին մայրաքաղաքի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ ռուսերեն երգի փառատոնի հանրապետական փուլը. Հայաստանի բոլոր մարզերից մասնակիցները` մարզպետարանների ներկայացուցիչների եւ ծնողների ուղեկցությամբ Երեւանում էին: Ընդ որում` Ռուսաստանի հայերի միությունը իր վրա էր վերցրել մարզերից երեխաների գալու, Երեւանում բնակվելու, սննդի հարցերը:
Եթե ուզում ես ճանաչել ազգին...
Պարտադիր չէ գնալ այդ երկիրը, լսել այդ երկրի պաշտոնյաներին, պարտադիր է լսել այդ երկրի ազգային երգը: Բաբաջանյան համերգասրահում 15 հայ աշակերտներ ներկայացրին ռուսական ազգային երգը` նուրբ ու միեւնույն ժամանակ խրոխտ, քնքուշ, բայց եւ ուրախ ու հումորային: Այս ժանրում ներկայացավ նաեւ փառատոնի ամենակրտսեր մասնակիցը` Վերոնիկա Խաչատրյանը Լոռու մարզից` «Վո պոլե բերյոզա ստոյալա» երգով: Նա, ինչպես նաեւ ժանրի այլ մասնակիցները ռուսական ազգային տարազով էին: Բեմում հանդիսատեսը իրոք հնարավորություն ուներ «տեսնելու ռուս մարդուն»` հզոր, բարի, ուրախ... Իսկ Երեւանից Անահիտ Հակոբյանի ներկայացրած`«Օյ ցվետյոտ կալինա» երգով ակնհայտ դարձավ, որ հայ երեխաները ոչ միայն կարողանում են փայլուն երգել ու խոսել ռուսերեն, այլեւ զգալ ռուսական երգը:
Ժպիտ եւ հուզմունք
Իսկ մեկ բառով` ռուսական ռոմանս: Մենք արդեն իսկ նշել էինք` նախորդ հրապարակումներում, որ հատկապես այս ժանրում երեխաների կատարումները հիացնում են: 16 աշակերտներ ստիպեցին Բաբաջանյան համերգասրահում հավաքված հանդիսատեսին էլ ժպտալ ու հուզվել:
Հույս, միեւնույն ժամանակ` վստահություն
Ռուսական հայրենասիրական երգերի զգալի մասը ստեղծվել է Հայրենական պատերազմի տարիներին, երբ մեր պապերը, հայրերն ու եղբայրները գնացին պատերազմ, երբ մեր մայրերն ու քույրերը` նրանց սպասելով ու նրանց վերադարձին վստահ` սկսեցին երգել: Այս ժանրում մասնակիցները 14-ն էին: Ընդ որում` «Պարոնայք սպաներ» երգով մասնակցեց նաեւ միջազգային, մանկական «Նոր ալիք» փառատոնի հաղթողներից Ռազմիկ Աղաջանյանը:
Ռուսական էստրադա
Այս ժանրում մասնակցեցին 16 աշակերտներ: Ընդ որում, եթե 3-րդ դասարանցի Գայանե Թամազյանը` Աշտարակից, իր փոքրիկ «դերասանական խմբի» հետ ներկայացրեց «Մալենկայա ստրանա» երգը, ապա 9-րդ դասարանցի Հռիփսիմե Աղաբաբյանը` Վանաձորից, երգեց այն մասին, թե ինչքան գեղեցիկ է սերը: Իսկ երեւանցի Անուշ Մելքոնյանի ոչ հասարակ` «Սեւ կատու»-ին ծափահարում էին բոլորը:
«Հայկական երգ ռուսերեն կատարմամբ»
Մի՞թե այս խորագիրը միայն բարեկամության ապացույց չէ: Բաբաջանյան համերգասրահում լսեցինք հայ մեծանույն կոմպոզիտորի` «Կամուրջներ», «Կիրակի», «Վերադարձրու ինձ երաժշտություն», «Գեղեցկության թագուհի» եւ այլ երգերը: Բարեկամության տոն էր նոյեմբերի 20-ին մայրաքաղաքում. դրանում համոզվելու համար պետք է պարզապես մտապահել` ամեն չորրորդ հայ աշակերտ երգեց ռուսերեն:
Հ. ԱՖՅԱՆ
Հ.Գ. - Նոյեմբերի 30-ին արդեն փառատոնի դափնեկիրների մասնակցությամբ տեղի կունենա «Երգը բարեկամության կամուրջն է» փառատոնի գալահամերգը: Որտեղ նաեւ կհանձնվեն բոլոր պատվոգրերն ու մրցանակները: