Հոկտեմբերի վերջերին, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյր» շաբաթաթերթի հաղորդագրության, լույս է տեսել վեցամսյա պարբերականությամբ հրատարակվող եւ բազմաբնույթ գիտական հոդվածներ պարունակող «Հայկական ուսումնասիրությունների ընկերության հանդես»-ի (ՀՈւԸՀ) նոր համարը, որտեղ ամփոփված են հինգ հետաքրքրական ուսումնասիրություններ Ամերիկաներում ապրող հայերի մասին: Դրանց թվում են Նելիդա Բուլղուրջյան-Թուֆեքսյանի «Օսմանյան կայսրությունից դեպի Արգենտինա: Հետցեղասպանական ժամանակաշրջանի հայերի ընդունումը: Ներգաղթողնե՞ր, թե՞ փախստականներ», Ֆելիպե Արոսենայի եւ Ադրիանա Թոփալյանի «Երիտասարդ ուրուգվահայերը: Ինքնություն եւ համայնքային մասնակցություն», Կառլոս Անթառամյանի «Հայերը 1930-ականների Մեքսիկայում եւ ապրիլ 24-ի հիշատակությունները», Մոնիկա Նալբանդյանի եւ Լուսինե Եղիազարյանի «Ակնարկներ Բրազիլիայի հայկական համայնքի վերաբերյալ» եւ Գաբրիել Լեւիտայի «Էթնիկական եւ կրոնական լրատվության ապավերահսկումը: Մարտավարություն եւ ելույթներ» գիտական հրապարակումները, որոնց ձեռքբերման եւ իսպաներեն ու պորտուգալերեն բնագրերից անգլերենի թարգմանության գործում մեծ ներդրում է ունեցել Նելիդա Բուլղուրջյան-Թուֆեքսյանը:
Հանդեսի նոր համարում ընդգրկվել են նաեւ Հելեն Փիլիպոսյանի «Չորս բանաստեղծությունները», Ռազմիկ Շիրինյանի եւ հանդեսի գլխավոր խմբագիրՙ Ջոզեֆ Քեշիշյանի մեկնաբանությունները հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, պրոֆ. Սթիվն Լեռնարդ Ջեյկոբսի հոդվածը հայերի ցեղասպանության մասին, յոթ գրախոսականներ եւ մեկ փորձարարական ակնարկ, որտեղ առաջին անգամ քննության են առնվել թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» օրաթերթում տպագրված 36 հոդվածներ եւ խմբագրականներ, որոնք առնչվում են ժամանակակից հայկական հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին եւ թուրք մտավորականների մտահոգություններին:
Հանդեսի վերաբերյալ մանրամասնություններ ունենալ ցանկացողներին խորհուրդ է տրվում այցելել barlowd@csufresno.edu կայքը:
Հ. Ծ.