«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2010-11-19 | #214, 2010-11-20 | #215, 2010-11-23


ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց «ProFC» վարկածով ընդհանուր մենամարտերի աշխարհի թիմային առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Սերբիայի հավաքականները: Յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված էին 70, 76, 84, 93 եւ 93-ից բարձր կգ քաշային կարգերի 5 մարզիկներ:

Հայաստանի «Արմֆայթինգ» թիմի մրցակիցը սերբական «Serbian Top Team»-ն էր: Մինչեւ մրցամարտի մեկնարկը հայտնի դարձավ, որ սերբական թիմի 3 անդամներ վնասվածքների պատճառով չեն կարող մրցասպարեզ դուրս գալ: Իսկ դա նշանակում էր, որ անկախ մյուս երկու մենամարտերի արդյունքներից, Հայաստանի թիմը հաղթել է սերբերին: Սակայն շատ կարեւոր էր գործով ապացուցել, որ մեր մարզիկներն իրոք ուժեղ են մրցակցից: Եվ դա նրանք ապացուցեցին կայացած երկու մենամարտերում:

Առաջին մենամարտում Դավիթ Խաչատրյանը խեղդող հնարք կիրառելով, պարտության մատնեց Սինիշա Վլադիմիրովիչին: 2-րդ գոտեմարտում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած վրացի Լյադո Չոչիշվիլին 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Դեյան Նովակովիչին: Այսպիսով, Հայաստանի «Արմֆայթինգ» թիմը 5-0 հաշվով պարտության մատնեց սերբերին: Մյուս մրցախաղում ուկրաինական «Ֆրիֆայթը» բավական ծանր ու համառ մրցակցությունում 3-2 հաշվով պարտության մատնեց ռուսական «Պերեսվիտին», որն անցյալ տարվա մրցաշարի հաղթողն է:

Մրցաշարում կայացավ եւս 3 մենամարտ: Դրանցից առաջին երկուսն անցկացվեցին քիքբոքսինգի կանոններով: Հայաստանը ներկայացնող Վարդան Մնացականյանը ծնկի հարվածով նոկաուտի ենթարկեց իր մրցակցինՙ վրացի Ջաբա Տկաբլաձեին: Մյուս մենամարտում Հարություն Սիմոնյանը վրացի Միխայիլ Գորիաշվիլուն պարտության մատնեց տեխնիկական նոկաուտով:

Մրցաշարի գլխավոր իրադարձությունը թեթեւքաշային կարգում «ProFC» վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտն էր Հայաստանի հավաքականի անդամ, արցախցի Միխայիլ Մալյուտինի եւ ֆրանսահայ Գոռ Հարությունյանի միջեւ: Նշենք, որ Մալյուտինի մայրը հայ է: Գոռ Հարությունյանը ներկայացնում էր Հայաստանը, Մալյուտինըՙ Ռուսաստանը:

Բավական հետաքրքրական պայքարում անցավ երեկոյի գլխավոր մենամարտը: Մալյուտինը հարձակման անցնելով, փորձեց խեղդող հնարք օգտագործել: Սակայն Գոռին հաջողվեց ձերբազատվել մրցակցից ու անցնելով հակահարձակմանՙ հարվածել պառկած վիճակում հայտնված Մալյուտինի գլխին:

Բոլոր ռաունդներն էլ անցան լարված մրցապայքարում: Առաջին 2 ռաունդներում Գոռին հաջողվել էր միավորներով զգալիորեն առաջ անցնել մրցակցից: Հենց դա էլ ապահովեց Գոռ Հարությունյանի ընդհանուր հաղթանակը: Նա հռչակվեց «ProFC» վարկածով թեթեւքաշային կարգում աշխարհի չեմպիոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4