«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2010-11-20 | #215, 2010-11-23 | #216, 2010-11-24


ՆԱՄԱԿ` ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԿՈՒՅՐ ՈՒ ԽՈՒԼ ՄՆԱՑԱԾ ՄԱԿ-ԻՆ

Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում տարբեր ատյաններում եւ տարբեր միջոցառումների ընթացքում իր տեսակետն աշխարհին մատուցելու եւ հակահայկական հայտարարություններ ընդունելու նպատակով: Սակայն երբ հակահայկական քարոզչությանն ու պատմական փաստերի ակնառու աղավաղումներին ու կեղծումներին ավելանում են «տարածքային պահանջները Հայաստանից», սա արդեն հիմք է տվել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչին նամակ հղելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, նոյեմբերի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Պան Կի Մունի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ հերթական կեղծարարությամբ լցված բովանդակություն ունեցող նյութեր են տարածվել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 19-ին եւ 22-ին: Այդ առնչությամբ Նազարյանը նամակում ընդգծել է, որ Ադրբեջանը միջոց չի խնայում ռասայական ատելություն, թշնամանք սերմանելու հայերի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի խոսքերով, ահավոր է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը «սուր է ճոճում» անգամ երեխաների հետ հանդիպումներում` հայտարարելով, թե «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է»: Եվ այսպիսի կեղծումներ Ադրբեջանն անում է շատ հաճախ, դրանց թվում էլ Հայաստանի նախագահի վերջերս արած հայտարարությունը, որի ամերիկյան արձագանքներին անդրադարձել էր նաեւ «Ազգը»:

Այս ամենի կողքին, ըստ Նազարյանի, զարմանալի չէ, որ ատելության հայտարարություններն ուղեկցվում են Ադրբեջանի տարածքում հայկական ժառանգության ոչնչացմամբ: Նախիջեւանում 9-16 դդ. խաչքարերի ոչնչացումը վանդալիզմի օրինակ է, մինչդեռ Հայաստանի բազմաթիվ խնդրանքներըՙ անդրադառնալու այդ փաստին, մնում են անպատասխան, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Ադրբեջանը, ըստ նամակի, շարունակում է ուժի դիրքերից հարց լուծելու սպառնալիքները, մինչդեռ եթե Ադրբեջանը հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ, ապա պետք է իր ջանքերն ուղղի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցություններին իրական, այլ ոչ ձեւական մասնակցություն ապահովելուն:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4