«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2010-11-20 | #215, 2010-11-23 | #216, 2010-11-24


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՍՏՅԱՆՆ ԵՆ ՆՄԱՆՎՈՒՄ

Կարծում էինք, թե միջազգային կառույցների կողմից Երեւանում կազմակերպված ընտրական օրենսդրության համաժողովը երկրորդ օրն արդեն ձանձրալի կլինի, քանի որ առաջին օրը քննարկումների ուղղվածությունն էր դրա համար հիմք տվել, սակայն սխալվեցինք: Ձանձրանալու առիթ չկար, իսկ որոշ պահերի էլ լիաթոք ծիծաղելու առիթներ ստացանք: Օրինակ, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին իր տեսակետները ընտրացուցակներում հայտնված բացակա կամ մահացած մարդկանց ազգանունների առիթով ներկայացնելիս մոտավորապես այս կարգի միտք հայտնեց, թե հավատում է Քրիստոսի երկրորդ գալստյանը, որի ժամանակ հանգուցյալները կենդանանալու են, սակայն Հայաստանում ամեն անգամ ընտրությունները Քրիստոսի երկրորդ գալստյանն են նմանվում, քանի որ հազարավոր ընտրողներ կենդանանում եւ քվեարկում են: Կամ ՀՅԴ-ից ԿԸՀ-ի անդամ Համլետ Աբրահամյանը, երբ մի քանի անգամ քվեարկած մարդկանց ցուցակները հրապարակելու մասին ՀՅԴ առաջարկը ներկայացնելուց հետո նույն պատասխանն էր ստանում, թե անձի մասնավոր կյանքի իրավունքի խախտման դաշտում է այդ առաջարկը, մի պահ բարկացավ ու հարցրեց փորձագետներին. «Հիմա դուք ո՞ւմ իրավունքներն եք պաշտպանում, հանգուցյալների՞»: Ընդհանրապես` խորհրդարանական եւ մասամբ` արտախորհրդարանական կուսակցությունների` ընտրակեղծիքների դեմն առնելու առաջարկների եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների տեսակետների բարձրաձայնումը մի պահ վերածվեց փոխհամոզման մրցության: Այն աստիճան, որ իրավագետ Հրայր Թովմասյանը «Ազգին» ընդմիջմանը հայտնած տեսակետը բարձրաձայնեց, թե` մի՛ համոզեք փորձագետներին, նրանք իրենց տեսակետն են հայտնում, բայց որոշում կայացնողը մենք ենք, բացի այդ` երկրի բոլոր պրոբլեմները մի ընտրական օրենսգրքով ինչո՞ւ պայմանավորել, մյուս ոլորտներում հարցերը չլուծած` «մի փորձեք մի ոլորտում հարց լուծել»: Բայց դրան համաձայն չէին ոչ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, որ ասում էր, թե վաղը Դաշնակցության այլընտրանքային նախագիծը մերժելիս, ախր, համաժողովում հնչած կարծիքներն են մատնացույց անելու: Համաձայն չէր նաեւ «Ժառանգության» Ստյոպա Սաֆարյանը, որն «Ազգի» դիտարկմանը, թե եթե նրանք (Վենետիկի հանձնաժողովի փորձագետները) հարց լուծող չեն, ինչո՞ւ եք նրանց ուզում ձեր տեսակետների մեջ ագրեսիվ համոզել, նկատեց. «Վենետիկի հաձնաժողովի եզրակացությունները միշտ մանիպուլյացիաների առարկա են դառնում, իշխանություններն իրենց ցանկություններն հիմնավորում են մի փորձագետի մասնավոր մեկնաբանությամբ»: Նրա կուսակից Ռուբեն Հակոբյանը եւս կարծում է, որ վտանգավոր է, երբ իշխանությունը օգտագործում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետներն ընդդիմության առաջարկներ մերժելիս: Արտյուշա Շահբազյանն ակնկալում էր, որ քննարկումները (ոչ միայն համաժողովում, այլեւ հետագա, այդ թվում` խորհրդարանական քննարկումները) ինչ-որ բանի կհասցնեն` եթե ոչ ողջ փաթեթը, այնուամենայնիվ, հիմնական հարցերը կարտացոլվեն ԸՕ-ի վերջնական տարբերակում: Բայց երբ հարցրինք, թե արդյո՞ք նորմալ, տանելի ընտրական օրենսգրքի հույս ունի. «Չէ, հո այդքան երազկոտ չե՞մ», ասաց:

Իսկ հիմնական առաջարկները, որ ներկայացնում էր խորհրդարանական ընդդիմությունը, վերաբերում էին քվեարկած մարդկանց ցուցակների հրապարակմանը ընտրություններին հաջորդող ժամերին, ընտրությունների ընթացքը տեսանկարահանելու հնարավորությանը (սա հենց հայկական ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչ Է. Հակոբյանի կարծիքով մեր գյուղերում վենդետայի հիմք կարող է դառնալ), բողոքարկման մեխանիզմի արդյունավետ դարձնելուն, ընտրական հանձնաժողովների հավասարակշռված ձեւավորմանը եւ այլն: Անգամ մի փոքր ծայրահեղ ու նաեւ ժամանակից առաջ ընկած առաջարկներ հնչեցին. օրինակՙ ոչ կառավարական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը համոզված էր, որ ընտրության չգնալու համար անձը պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանն առաջարկում էր ընտրակեղծիքների դեմն առնելու համար էլեկտրոնային քվեարկության համակարգ, բայց դա քանի որ հայաստանյան իրականությանը դեռ հասու չէ, միջանկյալ տարբերակով էր բավարարվում` առաջարկելով քվեարկության պահը ֆիքսել միայն էլեկտրոնային համակարգով, իսկ Լյուդվիգ Խաչատրյանը (ՀԿ սեկտոր) ընտրակեղծիքները կանխելու լավագույն ճանապարհ էր համարում ժամը մեկ եւ օրվա վերջում էլ անմիջապես քվեարկությունից հետո ինտերնետով քվեարկության մասնակիցների թվի հրապարակումը:

Ամեն դեպքում համաժողովին մասնակցող միջազգային փորձագետները Ջեք Յանգը, Մարիանա Սկոպան, Վադիմ Ժդանովիչը, Կամերոն Քուինը ու մյուսները, հղում անելով, թե լուծում տվողն ու որոշում կայացնողն իրենք չեն, այլ Հայաստանի քաղաքական էլիտան, այնուամենայնիվ, տեսակետ էին հայտնում, թե քվեարկողների ցուցակների հրապարակումը, կամ տեսաձայնագրումը անձի մասնավոր կյանքի իրավունքի խախտում է ու չի համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ հավասարակշռված ընտրական հանձնաժողովներին եւ որոշ այլ առաջարկների կողմնակից էին: Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Մայքլլ Գետոն ամփոփեց. «2 լավ օր անցկացրինք», միջազգային փորձագետ Նիկոլա Շմիդթը ձեւակերպեց. «Բոլորի համար ընդունելի լուծումները զիջումներով են լինում»:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ, եզրափակելով համաժողովը, տեղեկացրեց, թե խորհրդարանում աշխատանքային խումբ կձեւավորվի բոլոր խմբակցություններից, որն անդրադարձ կանի ընտրական օրենսգրքի բարեփոխմանն ուղղված առաջարկներին, այդ թվում` միջազգային համաժողովում հնչած:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4