Վլադիմիր Արզումանյանը եւ Hip-Hop Life պարային խմբի անդամները, ովքեր փայլուն կերպով ելույթ ունենալով Մինսկում կայացած «Մանկական Եվրոտեսիլ 2010» երգի մրցույթում` զբաղեցրին առաջին տեղը, հյուրընկալվեցին Հայաստանում միջոցառման հեռարձակման պաշտոնական գործընկեր Orange-ի կողմից: Մեծ հաղթանակի առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Orange-ի կողմից պատանի արտիստներին հանձնեց գեղեցիկ բրենդավորված դպրոցական պայուսակներ եւ դրամապանակներ, Վլադիմիրին` iPad, իսկ Hip-Hop Life-ի անդամներին` հեռախոսներ: Հանդիպման ընթացքում պատանիները նաեւ հայտնեցին իրենց «եվրոտեսիլյան» տպավորությունները:
«Մենք ուրախ ենք լինել այսպիսի մեծ ժողովրդականություն վայելող համաեվրոպական երաժշտական մրցույթի պաշտոնական գործընկերը Հայաստանում: Ամբողջ Հայաստանը միասին մեծ հետաքրքրությամբ ու լարվածությամբ հետեւեց այս միջոցառմանը` հիանալով հայ մասնակցի գեղեցիկ ձայնով, վարպետությամբ եւ բեմական կեցվածքով: Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր օգնել են Վլադիմիրին եւ իր ընկերներին նվաճել այս հաղթանակը, ինչպես նաեւ շնորհավորում եմ Հայաստանին այս աննախադեպ հաջողության համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը, երաժշտությունը դիտարկելով որպես համախմբող ուժ, աջակցում է Հայաստանում այնպիսի երաժշտական միջոցառումների, որոնք հետաքրքրում եւ միավորում են իր բաժանորդներին, ինչպես նաեւ թույլ են տալիս Հայաստանը ներկայացնել եվրոպական բեմերում: