ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ վերջին պատրաստությունների հարցերը կարգավորելու նպատակով, կրկին տարածաշրջանում են: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (Միացյալ Նահանգներ) այսօր հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ, ապա կժամանեն Երեւան` նմանատիպ հանդիպումներ անցկացնելու:
Համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Ռուսաստանից են ժամանել Բաքու` այնտեղ հանդիպելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հայաստանի արտգործնախարարությունից հաստատեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կլինեն Երեւանում եւ կհանդիպեն Հայաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն էլ, ինտենսիվ ընթացող հանդիպումների ֆոնին, վերջին անգամ հանդիպել են այս շաբաթ` նոյեմբերի 22-ին, Մոսկվայում, ՌԴ արտգործնախարարի մասնակցությամբ:
Ա. Հ.