Մի քանի օր առաջ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց. «Առանց Իրանի մասնակցության արդի աշխարհում, մանավանդ մեր տարածաշրջանում չի կարող լուծվել ցանկացած հարց»: Իհարկե, հանուն արդարության նկատենք, որ Ահմադինեժադը իրեն հատուկ այս հայտարարությունն արեց Կասպյան ավազանի երկրների ղեկավարների Բաքվում կայացած գագաթաժողովին մասնակցելուց առաջ, հետեւաբար, առավելապես վերաբերում է հենց ծովի «բավական շատ» խնդիրներին: Սակայն, մյուս կողմից, Իրանն ու իր նախագահը արտահայտությունների մեջ միշտ էլ պատահական բառեր չեն ասել եւ «ցանկացած հարց» տերմինը պատահականորեն չի հայտնվել Ահմադինեժադի հայտարարությունում:
Այս վերջին տերմինի մեջ վստահաբար կարելի է ներառել ԼՂ հիմնահարցը. քանի որ նախ` Թեհրանը լուրջ գործակցության մեջ է ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ, ունի երկու երկրներում էլ շահեր ու նախագծեր, բացի այդ` Ղարաբաղը Իրանին անմիջականորեն սահմանակից է, եւ ինչպես «Ազգ» -ի հետ զրույցում ամիսներ առաջ նկատեց Իրանի «Նոր հայացք» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Միրխասեմ Մոմմենիին` «ԼՂ-ում կան հատկապես գյուղատնտեսության զարգացման հիանալի հնարավորություններ, Ղարաբաղը, կարեւոր տեղ զբաղեցնելով Իրան-Հայաստան-Ադրբեջան սահմանագծին, անչափ կարեւորվում է Իրանում»:
Հիշեցնենք նաեւ, որ Թեհրանը տարբեր մակարդակներով բազմիցս հանդես է եկել կողմերի միջեւ միջնորդ լինելու պատրաստակամությամբ: Ունենալով «բարեկամական, ամուր, գործնական» հարաբերություններ Երեւանի եւ գրեթե նույն հարաբերությունները Բաքվի հետ` Թեհրանը կարող է գոնե իրեն թույլ տալ նման հայտարարություններ անելՙ ի տարբերություն, ասենք, կողմերից միայն մեկի «եղբայր» Անկարայի:
Երեկ կայացած ասուլիսում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց, թե Իրանը այժմ էլ ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում լուրջ դերակատարում ունի. «Իրանը Ռուսաստանի հետ եկել է փոխհամաձայնության, ըստ որի արտատարածաշրջանային ուժերի թույլ չի տալու տարածաշրջանում որեւէ բան պարտադրել: Իսկ համանախագահող երկրները Իրանի դերակատարության համար հիմք են ստեղծել 2001-ին, երբ քիվեսթյան բանակցություններից հետո, պարտավորվել են Իրանին տեղյակ պահել բոլոր որոշումների, ծրագրերի ու նախատեսվող քայլերի մասին:
Ինչքան ես եմ հիշում, ոչ ոք 2001 թվականի այդ համաձայնությունը չեղյալ, ուժը կորցրած չի համարել: Փաստորեն Իրանն այսօր էլ անուղղակի կերպով ավելի շատ ներգրավված է բանակցություններում, քան Թուրքիան», ասաց Շաքարյանցը: Բանախոսը նաեւ նկատեց. «Երբ խաղաղարար ուժերի տեղակայման հարց է ծագում, այդ ժամանակ արդեն աշխարհում երկիր չկա, որ հաշվի չնստի Իրանի կարծիքի հետ, այդպիսի երկիր գոյություն չունի ու չի էլ կարող ունենալ»:
Ի դեպ, երեկ Բաքվում ԼՂ հիմնահարցին «իրանական հայացք»-ի մեկ այլ ներկայացնող էլ եղավ: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը խնդրի կապակցությամբ, ասել է. «ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են` արդարության, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս առումով Իրանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության լուծմանը: Մինչդեռ տարածաշրջանի թշնամիները եւ կայունության հակառակորդները չեն ցանկանում, որ լուծվի հակամարտությունը», ըստ «ԻՌՆԱ» իրանական գործակալության` հայտարարել է դեսպանը:
Հ. ԱՖՅԱՆ