Քաղաքական վերնախավն` ըստ սոցհարցման արդյունքների
Հոկտեմբերի 22-24-ը «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սոցիոլոգիական հարցում է անցկացրել: Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին 40.2 տոկոսը ցանկանում է լուծումը տեսնել «անկախություն առանց տարածքների վերադարձման» սկզբունքով, սակայն միայն 23.3 տոկոսն է համոզված, որ այդպես կլինի:
Բնակչության 36.5 տոկոսը ցանկանում է, որ Ղարաբաղը միանա Հայաստանին, միացումը հավանական համարում է 15 տոկոսը, 13.4 տոկոսը չի ցանկանում, իսկ 32.7 տոկոսը համոզված է, որ Ղարաբաղի հարցում փոփոխություն կլինի:
Սոցիոլոգի գնահատմամբՙ Արցախի եւ Հայաստանի բնակչությունները որոշակիորեն տարբեր մտածելակերպ ունեն: Եթե ՀՀ-ում 6 տոկոսն է կողմ զիջումներին, ապա Արցախում զիջումներին կողմ արտահայտվողների թիվը չի գերազանցում 1.5 տոկոսը:
Ադիբեկյանը սեփական միջոցներով նախնական հարցում էլ է կատարել` պարզելու հասարակության ընդհանուր տրամադրությունը մինչ խորհրդարանական ընտրությունների մեկնակը: 2012-ին խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: Իշխող կոալիցիային քվեներ կապահովեն համայնքապետները, այս առումով «առյուծի բաժինը» ՀՀԿ-ինն է` 675 համայնքապետ, 100 համայնքապետ ունի ԲՀԿ-ն, մի քանի տասնյակ համայնքապետ ՕԵԿ-ը:
Խորհրդարանում «ժառանգությանը» տեղեր կապահովի Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը, Դաշնակցությանը կողմ կքվեարկեն ազգայնականները, հատկապես նրանք, որ դեմ են հայ-թուրքական հարաբերություններին:
Սոցիոլոգը քննադատեց «Պոպուլուսի» հարցման արդյունքները, ըստ որոնց ԲՀԿ-ն ամենաբարձր վարկանիշն ունի: «Մեկ հարցով հնարավոր չէ հստակ պատկեր ստանալ: Նախորդ ընտրություններին` քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն 20 տոկոս առավելություն ուներ ՀՀԿ-ի նկատմամբ, իսկ երբ եկան ընտրությունները, այդ մարդիկ ձայն չտվեցին «Բարգավաճին», քանի որ դրանք մեծ մասամբ վերահսկելի էին», ասաց սոցիոլոգը` հավելելով, որ Հայաստանում ձայների 15 տոկոսը սովորաբար գնվում է:
Հարցումներով Ադիբեկյանը պարզել է Հայաստանի քաղաքական ազդեցիկ դեմքերի ցուցակը: 20 հոգուց բաղկացած ցուցակում հայտնվել են այն դեմքերը, որոնք ազդում են քաղաքական գործընթացների վրա: Քաղաքական վերնախավում ամենաազդեցիկ մարդը նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդ հորիզոնականում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, երրորդ հորիզոնականում` վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ցուցակում հաջորդաբար հայտնվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ առաջնորդ` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սոցիոլոգը ցանկն ամբողջությամբ չհրապարակեց, միայն հավելեց, որ եզրափակում է Վիկտոր Դալլաքյանը:
Հ. Հ.