Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ կազմակերպած «ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, դրանց իրավական եւ հասարակական-քաղաքական հնարավոր հետեւանքներն ու արդյունքները» նոյեմբերի 24-ի քննարկման սկզբում գործընկերներից մեկը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ստորագրությամբ մի երկտող փոխանցեց` ասելով` Հայրիկյանը գնաց: Հայրիկյանն իրոք հեռացել էր քննարկումը չսկսած, իսկ «Ազգ» -ի թղթակցին փոխանցել էր նաեւ իր զարմանքըՙ երկտողը չհրապարակելու համար: Երկտողը հրապարակելու լրագրողների խնդրանքը մերժեցի, քանի որ, նախ, կարծում եմ, որ երկտողը կազմակեպիչներին էր ուղղված, երկրորդ` վստահ չէի, որ Հայրիկյանը կուզենար հրապարակել, երրորդ` չէի ուզում, որ քննարկումն ընթանար Հայրիկյանի հեռացման եւ երկտողի բովանդակությունը վերծանելու շուրջը: Քննարկման` «Ազգ» -ի լուսաբանումից զգացի, որ թղթակիցը շատ է կարեւորել այդ երկտողը եւ այն չհրապարակելու փաստը: Հետագայում Հայրիկյանից երկտողի բովանդակության մասին պարզաբանում խնդրելիս լրագրողը ստացել էր հետեւյալ պատասխանը. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում ընտրական օրենսգրքի հետ կապված, էական որեւէ բան չի կարող փոխել Հայաստանի ընտրական համակարգում» («Ազգ», 24 նոյեմբերի, 2010): Այժմ չեմ ուզում օգտագործել քաղաքական տեխնոլոգիաների իմ որոշակի իմացությունը, քանի որ մասնագիտական եւ մարդկային հարաբերություններում առաջնորդվում եմ ազնվությամբ` առաջնային համարելով միայն ճշմարտությունը:
Եվ այսպես. Հայրիկյանը երկտողում նշել է բառացիորեն հետեւյալը. «Այս ընթացքում առաջիկայում էական փոփոխություններ ակնկալելի չեն»: Հայրիկյանը կամ մոռացել է երկտողի բովանդակությունը, կամ ԵԱՀԿ նախաձեռնած նախորդ երկօրյա քննարկումներին մասնակցելուց հետո է հանգել այդ եզրակացությանը, որ հետին թվով ներկայացրել է լրագրողին, կամ մտածել է, որ երկտողի տողատակերում ես դա պետք է գլխի ընկնեի: Երբ քննարկումը սկսելուց առաջ նրան խնդրեցի ներս մտնել, ասաց, որ հեռախոսազանգին պատասխանի` կգա: Երեկոյան իմ հեռախոսազանգին, թե ինչո՞ւ հեռացավ, Հայրիկյանը պատասխանեց, որ զանգահարեցին, կանչեցին, անհետաձգելի գործեր առաջացան, եւ ինքը պիտի գնար: Նախորդ օրը քննարկմանը մասնակցելու իմ հրավերին ի պատասխան ասել էր, որ որոշ պայմանավորվածություններ ունի, եթե կարողանա հետաձգել` կգա, իսկ հաջորդ օրն առավոտյան հաստատեց իր մասնակցությունը, եւ նրա անունը ներառեցինք օրակարգումՙ որպես հիմնական զեկուցողներից մեկի: Այսքանը:
Եվ վերջում` մի քանի մասնագիտական խորհուրդ երիտասարդ գործընկերուհուս: Լրագրության մեջ մի քանի կարեւոր կանոններ են գործում, որոնք օգնում են մասնագիտական աճին: Դրանից մեկը կարեւորն անկարեւորից տարբերելու ունակությունն է: Հայրիկյանի երկտողն այդ առումով բնավ դարակազմիկ չէր, մանավանդ որ իր հեռացումը նա չներկայացրեց որպես բոյկոտ, ինչը քաղաքական առումով ընկալելի կլիներ: Եվ մյուս հորդորս լրագրողներին. սթափ եղեք քաղաքական գործիչների նկատմամբ. նրանք կարող են ձեզ թյուրիմացության մեջ գցել, երբ բացատրություն չեն ունենում իրենց այս կամ այն քայլի մասին:
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ, Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Ազգ»-ի նախկին խորհրդարանական լրագրող
Կարեւորը անկարեւորից տարբերելը լրագրողի եւ խմբագրի որոշելիքն է. դա ՄԱԱ նախագահի գործառույթի մեջ չի տեղավորվում:
Թե ինչու է լրագրողը զանգել քաղաքական գործչին եւ պարզաբանում ստացել, դա նույնպես ՄԱԱ-ի նախագահին չի վերաբերում. հասկանալի է, որ նա ԱԻՄ առաջնորդի հեռացման վերաբերյալ պարզաբանում չի ստացել, մինչդեռ Ն. Մկրտչյանը պարտավոր էր Հայրիկյանի հեռացման մասին տեղյակ պահել քննարկման մասնակիցներին եւ լրագրողներին:
Ինչ վերաբերում է խորհուրդներին, մեկ խորհուրդ էլ իմ կողմից: Հատկապես քաղաքական գործիչներից երկտող ստանալուց պարզեքՙ այն պե՞տք է հրապարակվի, թե ոչ` տհաճ միջադեպերից խուսափելու համար:
Հ. Հ.