«Սեդրակ Ջալալյան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի 17-ին Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառումՙ նվիրված մեծ հայրենասեր Սեդրակ Ջալալյանին: Ներկա էին «Սեդրակ Ջալալյան» կազմակերպության անդամներ, դպրոցի մանկավարժներ, ծնողներ եւ բազմաթիվ հյուրեր: Նույն օրը դպրոցի VI ա դասարանըՙ ի պատիվ հերոսի, անվանակոչվեց Սեդրակ Ջալալյանի անունով:
Ժապավենի կտրման պատվավոր արարողությունը վստահվեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործադիր տնօրեն Տեր-Մխիթար Սարիբեկյանին եւ «Բաշ-Ապարանի ճակատամարտը» գրքի հեղինակ Կարապետ Ղազարյանի դուստր, Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչության անդամ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամ Սուսաննա Ղազարյանին:
Բացման խոսքով հանդես եկավ «Սեդրակ Ջալալյան» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, Արցախյան պատերազմի մասնակից Էդուարդ Սմբատյանը :
Միջոցառան ընթացքում VI ա դասարանի աշակերտները ներկայացրին Սեդրակ Ջալալյանի կյանքն ու գործունեությունը, նրա անցած ուղինՙ կենտրոնանալով, իհարկե, Բաշ-Ապարանի հերոսամարտի դրվագներին, որտեղ անգնահատելի է եղել Սեդրակ «աղի» դերն ու նշանակությունը: Միջոցառման ընթացքում հնչեցին ազգային-ազատագրական հայրենասիրական բանաստեղծություններ: Ակնհայտ երեւում էր նույն դասարանի դասղեկ Հռիփսիմե Քութուկյանի եւ աշակերտների ոգեւորությունը, որը փոխանցվում էր հյուրերին:
Հրավիրվածներից ողջույնի եւ երախտիքի խոսք ասաց «Նիգ Ապարան» ՀՄ-ի գործադիր տնօրեն Տեր-Մխիթար Սարիբեկյանը եւ աշակերտներին հորդորեց սիրել մեր երկիրը եւ հայրենիքը: Ճակատամարտին նվիրված գրքի մեկ այլ հեղինակ, պատմաբան, գիտությունների դոկտոր Ս. Ջալալյանի համագյուղացի Համլետ Գեւորգյանն իր բովանդակալից ելույթով մանրամասնեց Ս. Ջալալյան հերոսի կերպարը:
Վերջում ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը: Նա նշեց, որ հայրենասիրության այսպիսի դասերը ոգեւորում, ոգեշնչում են աշակերտներին եւ բարձր պահում հայրենասեր ոգին, օգնում, որ ձեւավորվի 21-րդ դարի հայ քաղաքացին, որը լավ է ուսանել անցյալի դասերըՙ հանուն իր վաղվա օրվա եւ ապագայի: Նա նշեց նաեւ, որ VI ա դասարանի աշակերտներից յուրաքանչյուրն իր ստացած գիտելիքներով կարող է պատմության ուսուցչի դեր ստանձնելՙ մտնելով դպրոցի տարբեր դասարաններ եւ ներկայացնել Ս. Ջալալյանիՙ մեծ հայրենասերի անձնվեր գործն ու փորձը: Սերունդները պարտավոր են երախտագիտությամբ հիշել այն հայորդիներին, որոնք մեծ դեր են խաղացել այսօրվա հայոց պետականության կերտման գործում:
Ս. ՂԱԶԱՐՅԱՆ
Նկար 1. Ժապավենի մոտ է Սուսաննա Ղազարյանը: