«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2010-11-24 | #217, 2010-11-25 | #218, 2010-11-26


ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ՇԻՐԱԿԸ»

Ինչպես տեղեկացանք «Շիրակ» ակումբի մամուլի քարտուղարությունից, Հայաստանի առաջնությունների անփոփոխ մասնակից Գյումրիի «Շիրակի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հանրապետության փորձառու եւ բանիմաց մասնագետներից մեկը` Սամվել Պետրոսյանը: 56-ամյա մասնագետի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Նա մարզչական գործունեությունը սկսել է 1980-ականներին` ավարտելով ֆուտբոլիստի իր հաջող մրցելույթները Երեւանի «Արարատում» եւ Աբովյանի «Կոտայքում»: Մինչեւ Հայաստանի ազգային առաջնության անցկացումը, Սամվել Պետրոսյանը որպես գլխավոր մարզչի օգնական է աշխատել Աբովյանի «Կոտայքում» եւ Երեւանի «Արարատում», այնուհետեւ գլխավորել է Հոկտեմբերյանի «Արաքսն» ու Աբովյանի «Կոտայքը»: 1992-ի ՀՀ անդրանիկ առաջնությունում Սամվել Պետրոսյանը գլխավորել է նորաստեղծ «Կիլիկիան», իսկ հոկտեմբերին, երբ կազմավորվեց Հայաստանի ազգային հավաքականը, նշանակվեց գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովի օգնական:

1993, 1995-1996-ին նա Աբովյանի «Կոտայքի» գլխավոր մարզիչն էր: Նրա գլխավորությամբ «Կոտայքը» 2 տարի անընդմեջ հանդես է եկել ՀՀ գավաթի եզրափակիչում: 1996/97-ի առաջնությունում Սամվել Պետրոսյանը գլխավորել է «Երեւանը», իսկ 1997-ի մրցաշրջանում կրկին ստանձնել է «Կոտայքի» ղեկը: Այնուհետեւ նա կարճ ժամանակահատված գլխավորել է Արարատի «Արաքսը» (2000-ին, 1-10-րդ տուրեր) եւ Աշտարակի «Միկան» (2001-ին, 8-22-րդ տուրեր):

2006-ին Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ «Փյունիկը» հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճեց: 2007-ի մայիսին հեռանալով «Փյունիկից», նա հունիսից ստանձնեց Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա օրոք 2008-ին «Գանձասարն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՀՀ առաջնությունների մրցանակակիր` նվաճելով բրոնզե մեդալ: Անցած մրցաշրջանի 3-րդ տուրից հետո Սամվել Պետրոսյանը հեռացավ «Գանձասարից»:

Սամվել Պետրոսյանը մարզչական բեղմնավոր աշխատանք է կատարել նաեւ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան հավաքականներում: Մասնավորապես, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ հաղթահարել է Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարի 2 փուլերը եւ եզրափակիչ փուլում 8 թիմերի մրցավեճում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Հուսանք, որ փորձառու մասնագետին կհաջողվի հանրապետության ամենահեղինակավոր թիմերից մեկին դուրս բերել խաղային ճգնաժամից, եւ շիրակցիները հաջորդ մրցաշրջանում իրենց խաղով կրկին կուրախացնեն թիմի բազմահազար երկրպագուներինՙ իրենց արժանի տեղը գրավելով հայկական ֆուտբոլում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4