«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2010-11-27 | #220, 2010-11-30 | #221, 2010-12-01


ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻՆ

Ձախողել դրանքՙ կնշանակի կանխավ ձախողման դատապարտել Արեւմուտքի ծրագրերը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մինչ հայաստանյան մամուլն աշխուժորեն արծարծում էր դեկտեմբերի 1-2-ը Աստանայում հրավիրվող ԵԱՀԿ գագաթաժողովի հարցը եւ որոշ հայ վերլուծաբաններ չբացառելով այնտեղ ղարաբաղյան կարգավորման գործընթացի համար վճռորոշ նշանակություն ունեցող փաստաթղթի ընդունումը, «ճանապարհային քարտեզի» ընդունման մասին նկրտումներում անուղղակի քաջալերում էին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին, ահա նոյեմբերի 28-ին WikiLeaks կայքէջը հրապարակում է գաղտնիության տարբեր աստիճան ունեցող ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր:

Այս փաստաթղթերը լայն արձագանք են գտնում աշխարհում, նաեւ Հայաստանում, քանի որ վերաբերում են հարավկովկասյան տարածաշրջանի երկրներին, Ռուսաստանին, Թուրքիային, Իլհամ Ալիեւին եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մանրամասնություններին: Այդ մանրամասների համար քողազերծված փաստաթղթերի մեջ առանձնակի նշանակություն ունի Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրիի Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին վերլուծությունը, որը նա պատրաստել էր 2010-ի հունվարի 20-ին:

Դեսպանը մատնանշում է իր իսկ ցուցաբերած քաղաքական նախաձեռնությունները ավարտին հասցնելու Անկարայի անկարողությունն ու Հայաստանի հետ նորմալացման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին շաղկապելու վարչապետ Էրդողանի կառավարության համառությունը:

Վերոհիշյալ կայքի Թուրքիային վերաբերող քողազերծված փաստաթղթերը առանձնակի նորություն չեն պարունակում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական նորմալացման գործընթացը ղարաբաղյան կարգավորման գործընթացին շաղկապելու թուրքական նկրտումներին, ապա դրանք սոսկ Էրդողանի կառավարությանը հատուկ դրսեւորումներ չեն: Դեռ 90-ականներին ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը, ղարաբաղյան հակամարտությունը ի նպաստ Ադրբեջանի կարգավորելու համար Հայաստանից ակնկալվող միակողմանի զիջումների դիմաց փորձում էր հայկական կողմին գայթակղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարով, ներառյալ հայ-թուրքական սահմանի բացումը:

Այսինքնՙ Արեւմուտքը տարիներ շարունակ տուրք էր տալիս թուրքական այն նկրտումներին, որոնք ժամանակին ինքն է դրսեւորել: Հետեւաբար ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ներկայումս վարչապետ Էրդողանի կառավարությանը վերագրվող շաղկապումը Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը, նույնպես նորություն չէ:

Պարզապես Արեւմուտքը, ելնելով շահագրգռություններից, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ ծավալվող մրցապայքարի ընթացքից, եւ քաղաքական զարգացումների առանձնահատկություններից, փոխում է այս երկու գործընթացների առաջնահերթությունը, ընդգծելով, որ դրանք առանձին գործընթացներ են:

Ակնհայտ է, որ առանց այդ ընդգծման, շաղկապողի դերում կհայտնվի ինքըՙ երկու գործընթացները շաղկապելու համար Էրդողանի կառավարությանը քննադատող Արեւմուտքը: Այդ դեպքում արդեն հայկական կողմը կմերժի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ամեն մի գործընթաց եւ դրանով կձախողվի գործընթացի արեւմտյան նախաձեռնությունը: Դա Արեւմուտքին կզրկի ոչ միայն առաջնահերթությունը գործընթացներից որեւէ մեկին տալու, այլեւ սեփական նախաձեռնությամբ Հայաստան-Թուրքիա նորմալացման նոր գործընթաց սկզբնավորելու եւ գործընթացը շահախնդիր շահագրգռություններին ծառայեցնելու հնարավորությունից:

Կասկածից վեր է, որ այդ նախաձեռնությունները, անկախ հաջողության աստիճանից, Հարավային Կովկասում քաղաքական ներկայություն են ապահովում Արեւմուտքին: Դրա շնորհիվ նա միջամտում է այնտեղ ծավալվող զարգացումներին, որքան էլ ի վիճակի չլինի կասեցնելու Ռուսաստանի հարաճուն ազդեցությունը: Խնդիրը, սակայն, Ռուաստանը չէ, այլ Արեւմուտքի նախաձեռնությունների մեջ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի առանձնահատուկ դերը:

Ի՞նչ առումով: Այն, որ դրա հաջողության պարագայում Հայաստանն էլ, թեկուզ մասնակի, կներքաշվի Արեւմուտքի ուղեծիր: Դա կհանգեցնի՞ Արեւմուտքի առաջնահերթությունների նոր փոփոխությանը, թե՞ ոչ, դժվար է կռահելը: Բայց որ Թուրքիան, շաղկապելով Հայաստանի հետ նորմալացման գործընթացը ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ձախողել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Արեւմուտքի նախաձեռնությունն ու կանխավ ձախողման է դատապարտել վերջինի համապատասխան ծրագրերըՙ ակնհայտ է:

Թերեւս դրանով են պայմանավորված Հայաստանի հետ նորմալացման գործընթացը ձախողելու համար Թուրքիային հասցեագրված քննադատությունները, առաջնահերթությունները նորմալացման գործընթացին տալու, համանուն նոր գործընթաց սկզբնավորելու եւ դրաՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ շաղկապման անընդունելիությունն ընդգծելու արեւմտյան դրսեւորումները: Դրանք վերստին ի հայտ են եկել ինչպես ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերի գաղտնազերծման, այնպես էլ ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովի նախօրյակին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4