«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2010-11-27 | #220, 2010-11-30 | #221, 2010-12-01


ՍՓԻՎՌՔԻ ԲԱԲԱԽՈՂ ՍԻՐՏԸ...

Այդ օրը Ազգային ամփիթատրոնը կիսով պարապ էր: Շարունակ տեղացող անձրեւը, հավանաբար, պատճառ եղած էր, որ շատերը մնան տանը: Մարդը, լինի երեսփոխան կամ նախարար, ի վերջոյ աղաւնու ճաշակը չունի, որ անձրեւից հրճուի... Նկատելի էր սակայն, որ ներկաների մեծամասնութիւնը վայելուչ «քոսթիւմով» էր ու փողկապով: Պրոլետարական տեսքը էլ չի սազում: Հիմա «սերսուբ» (մաքուր) երեսով չեն: Էլ չեն ածիլվումՙ վաբշե մոդա ա...

Բազմաթիւ խօսք առնողներ եղան: Երկար չէին խօսում: Ճիշտն ասած, հետաքրքիր տեսակետներ, առաջարկներ չունեին: Նրանցից մեկը բամբ ձայնով սկսեց ռուսերէն մի քանի բառ բաց թողնել: Իսկոյն մի ուրիշն էլ նրան ընդհատեցՙ «Արա, հայերէն խօսա, ցաւդ տանեմ, հայերէն խօսա»: Յետոյ կարգը եկաւ Սփիւռքի նախարարուհի տիկին Հրանոյշ Յակոբեանին : «Ասելիքս մի գուցէ մի քիչ երկարի, ներողամիտ եղէք: Ինչպէս գիտէք, 1915-ի ցեղասպանութիւնից վերապրող մեր հայրենակիցները, պոկուած Արեւմտահայաստանից, մեծ մասամբ ապաստան գտան հիւրընկալ օտար երկիրներում: Նրանք գաղթականներ չէին, այլ արմատախիլ տանջուած հայեր, որոնց սիրտը միշտ բաբախեց Հայաստանով: Տնտեսական ծանր պայմաններում իսկ նրանք շարունակ աջակից եղան հայրենիքինՙ անդամահատուած Հայաստանին... Հարկաւոր է յիշել 1926ի Լենինականի երկրաշարժը: Սփիւռքի մեր հայրենակիցներից շատերը, կծկուած թիթեղեայ տնակ-խրճիթներում, իսկոյն հանգանակութիւն կատարեցին եւ օգնութիւն հասցրին աղէտեալներին: Նոյն աջակցութիւնը, աւելի մասսայական, կատարուեց 1988-ի երկրաշարժի ժամանակ: Պարտաւոր ենք նաեւ յիշել, որ Եղեռնից հազիւ ազատուած այդ բախտաւոր-թշուառ հայրենակիցները, 1933-ին, Ֆրանսայում հիմնեցին Հ. Օ. Կ.-ը (Հայաստանի օգնութեան կոմիտէն), որի գոյութիւնն անարդարօրէն կարճ տեւեց, բայց նրա դերը եզակի ու անգնահատելի եղաւ Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ: Անցեալում, արտասահմանի աշխարհագրական քարտէզներում, հազուագիւտ էր հանդիպել Արմենիա երկիրը: Դրանով հանդերձ Սփիւռքի մեր հայրենակիցները միշտ կառչած մնացին ու մնում են Հայաստանին: ԻՆչ գոյնի էլ որ լինի նրա կտուրը... Քանի որ Հայաստանի գոյութիւնը- թէկուզ կրճատուած վիճակում-իր բազմաթիւ խայթող փուչերով, արդարացնում, պահպանում է օտար երկիրներում հայ մնալու իմաստը: Չմոռանանք որ աշխարհում ցրիւ-լքուած այդ արմատախիլ զանգուածը, ուր էլ որ պատսպարուեց, նեղ պայմաններում, առանց ուշացումի, կառուցեց եկեղեցիներ, մատուռներ, դպրոցներ: Ահա այսպիսով է որ մեր արեւմտահայ հայրենակիցները պահպանեցին իրենց ազգային ինքնութիւնը: Ուստի մենք պարտաւոր ենք համարել որ Սփիւռքի ամէն մի եկեղեցի, ամէն մի դպրոց Հայաստանի սրբազան մի հատուած է: Մենք ուրեմն պարտաւոր ենք թիկունքով դառնալ այդ ազգային պատնեշներին: Ճիշտ է որ սովետական ժամանակաշրջանինՙ 1964-ին ստեղծուեց Սփիւռքի կոմիտէն: Առաջին դրական մի ձեռնարկ, նման մի թեթեւ կամուրջի, որի շնորհիւ Սփիւռքը աւելի մօտիկացաւ, աւելի զգաց Հայաստանի գոյութիւնը: Սակայն իրաւ է որ Կոմիտէի հնարաւորութիւնները համեստ էին: Նա ընդունակ էր միայն ու միայն ընդունել Սփիւռքի բարոյական եւ նիւթական աջակցութիւնը: Այդ կամուրջը նպաստեց, որ հարստանայ Մատենադարանը: Թանկագին, անգնահատելի ձեռագիրներ փրկուեցին կորստից: Այդ տարիներին Սփիւռքի կոմիտէն, ասենք, մի պողոտայի նման էր, որի երթեւեկութիւնը միակողմանի էր... ինչպէս մասամբ այսօր: Մինչդեռ մեր երկրի վերանկախութիւնից ի վեր չկայ այլեւս սովետական ճնշող ծանր կափարիչը: Ուստի մեր նախարարութիւնը պարտաւոր է գործնականօրէն համագործակցել Սփւռքի հետ:

Ցաւալի է հաստատել, որ մեր ազգը թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում գոյատեւման վիճակի է մատնուած: Այս դիմադրական, մտահոգ վիճակի նկատմամբ, բարերա՜ր կամ հայրենանուէ՜ր լինել, անընդունելի, նոյնիսկ վիրաւորական մի որակում է: Հայրենիքը բարեսիրական մի հաստատութիւն չէ: Մեր ազգը կարիք ունի պարտաճանաչ նախանձախնդիր հայերի:

Ամէն տարի Ապրիլ 24-ի Եղեռնի ոգեկոչումից զատ, 1915-ի մեր մէկուկէս միլիոն անշիրիմ զոհերը, ինչպէս նաեւ ստալինեան դաժան տարիների նահատակները, պահանջում են որ ամէն մի հայ, ուր էլ բնակուի եւ որեւէ ասպարէզում, դառնայ համոզուած հայրենավրէժ: Այսպէս ասածՙ բացառիկ յաջողութեան տէր, որ դա համարուի իր ազնիւ ազգային վրէժը: Ի դեմս մեր բազմաթիւ պարտութիւնների, հալածանքների: Առանց զէնքի, առանց արիւնի... Միշտ մնալով փարած, պարտական Հայաստանին: Ահա այդպիսին են սփիւռքահայ Էդուարդօ Էօրնեկեանը, «Զուարթնոց» փառահեղ օդանաւակայանի կառուցողը: Ինչպէս նաեւ Ժերալդ Քաֆեսջեանըՙ Քասքադ թաղամասի հոյակապ թանգարանի հեղինակը: Իսկ անցեալում Պօղոս Նուբարը:

Բնականաբար չենք կարող անտեսել Fond Armenien de France-ը այդ արտակարգ ու պատուաբեր կազմակերպութիւնը, որի անխոնջ աջակցութիւնը ի նպաստ մեր երկրի եւ Արցախին, անգնահատելի է:

Հարկաւ լսած կը լինէք, որ անցեալ ապրիլին Էրդողանը Փարիզում էր: Այդ առիթով թուրք վարչապետը վայելեց բազմահազար թուրք գաղթականների խելագար ընդունելութիւնը: Ողողուած թրքական դրօշակների մթնոլորտում, Էրդողան շռնդալից մի ճառում ասաց. «Պէտք է լինեք թէ՛ ֆրանսացի, թէ՛ թուրք քաղաքացիներ, որպէսզի դառնաք Թուրքիայի դեսպաններ Եւրոպայում: Ոչ ոք կարող է ձեզ ստիպել որ ձուլուէք: Ձուլումը մի ոճիր է ի դեմ մարդկութեան: Մերուէք Ձեր բնակած օտար երկրում, որ բազմանան Եւրոպայում թրքական անունները: Ֆրանսան ձեզ չի արգելում որ կառուցեք թրքական դպրոցներ»:

Նկատի առնելով թուրք վարչապետի այս համարձակ առաջարկները, ցաւալի է հաստատել մեր տկար վարմունքը հանդէպ մեր Սփիւռքին: Պիտի ընդունել, իհարկէ, որ մեր երկրի ներկայ տնտեսական պայմանները եւ շրջափակ վիճակը մեզ թոյլ չեն տալիս նիւթապէս օժանդակել արտասահմանի մեր կրթական ու մշակութային օջախներին: Այնուամենայնիւ, մեր նախարարութիւնը որոշել է համեստ գումարով գոնէ կնքահայր լինել Սփիռքի դպրոցների մի քանի դասարանի: Այսինքն մի քանի դասարան կոչուեն Եղիշէ Չարենց, Ա. Բակունց, Զ. Եսայան, Վ. Թոթովենց, Գ. Մահարի, Դ. Վարուժան, Գ. Զօհրապ եւ... Այլ խօսքով, թող Հայաստանի գոյութիւնը դառնայ աւելի զգալի, աւելի ներշնչող, հե՛նց պատանի սերնդից սկսեալ: Մենք միշտ ի մտի ունենանք, որ մեր արեւմտահայ հայրենակիցները դաժանօրէն պոկուեցին պապենական հարազատ հայրենիքից: Այն Հայրենիքի, որի մեծագոյն տարածքը, այսօր, ոչ թէ պատմակա՜ն, այլ բռնագրուած Արեւմտահայաստան է... Մօտ հարիւր տարի հեռու Արարատից, Սիփանայ սարից, այդ արմատախիլ զանգուածը, ապերախտ պայմաններում, պահպանեց մեր լեզուն, հաւատարիմ մնալով դասական ուղղագրութեան: Մենք սրտակից ենք Սփիւռքին եւ մնում ենք նրան երախտապարտ ու պարտական: Նա մեզ հարկաւոր է, որ այլեւս վերջնականապէս պոկուենք 1922-ի մեզ պարտադրուած «ինվալիդ» ուղղագրութիւնից: Զուգահեռաբար, հանդարտ ու մտածուած ձեռնարկներով, վերադառնալ մեր դարերի սրբազան ժառանգութեանՙ դասական, հարազատ ուղղագրութեան: Այսպիսով, իսկապէս նպաստած կը լինենք մեր լեզուի բարգաւաճ տարածման: Ինչպէս նաեւ խթանած կլինենք, որ Սփիւռքի սիրտը միշտ բաբախի հայրենիքով եւ շարունակի թթուածին ներարկել Հայաստանին...»:

Ծափերից արթնցայ: Ափսո՜ս որ երազ էր...

ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇՅԱՆ, Փարիզ, 20 նոյեմբեր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4