Նիոնում կայացավ 2011/12-ի ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնությունների ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Մինչեւ 19 տարեկանների մրցաշարի մասնակից 48 հավաքականները բաժանվել են 12 խմբի: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է ընտրական 10-րդ խմբում, որտեղ մրցելու է Սլովակիայի, Հունաստանի եւ Անդորրայի պատանիների հետ: Մրցաշարը կանցկացվի Հայաստանում 2011-ի հոկտեմբերի 21-26-ը:
Մինչեւ 17 տարեկանների մրցաշարի 52 մասնակիցները բաժանվել են 13 խմբի: Մեր հավաքականը հանդես կգա ընտրական 9-րդ խմբում, որտեղ կմրցի Ուելսի, Սերբիայի եւ Լիտվայի հավաքականների հետ: Ընտրական մրցաշարի կազմակերպիչը Սերբիան է: Հանդիպումները կանցկացվեն 2011-ի հոկտեմբերի 17-22-ը:
Մրցակարգի համաձայն, մինչեւ 19 տարեկանների մրցաշարում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճում խմբերում 1-2-րդ տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաեւ 3-րդ տեղը գրաված հավաքականներից լավագույն արդյունքի հասած թիմը: Ընդ որում հաշվի են առնվելու միայն խմբերում 1-2-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ հանդիպումների արդյունքները: Մինչեւ 17 տարեկանների մրցաշարի մրցակարգը նույնն է, միայն այն տարբերությամբ, որ 3-րդ տեղը զբաղեցրած հավաքականներից 2 լավագույններն են շարունակելու պայքարը հաջորդ փուլում:
Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի 2012-ին Էստոնիայում: Այդ երկրի հավաքականն առանց ընտրական մրցաշարի կմասնակցի եզրափակիչ փուլին: Մյուս 7 հավաքականները եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն ընտրական 2-րդ փուլում: Մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչը տեղի կունենա 2012-ի մայիսին Սլովենիայում: