Թերեւս դա է պատճառը, որ Մինսկի խմբի երկրները ամեն մի գագաթաժողովի նախօրյակին «կարգավորման ջանքերն ակտիվացնելու» կոչով են բավարարվում
Երեկ Աստանայում 11 տարվա ընդմիջումից հետո հրավիրվեց ԵԱՀԿ գագաթաժողովը, որի աշխատանքներին մասնակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու 38 երկրների պետության ու կառավարության ղեկավարներ: Գագաթաժողովի օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրները: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների բացակայությամբ արդեն քննարկվել է, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:
Այս հայտարարությունը, հակառակ Հայաստանում հայի ազգանունով թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալող պնակալեզ թափթփուկների «հակամարտության կարգավորման համար բեկումնային որոշումների ընդունման» ցանկատեսությանը, միանգամայն անբովանդակ է: ի դեպ, դա կանխավ ենթադրելի էր, ընդ որումՙ ոչ միայն գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների բացակայության, այլեւՙ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կրած խայտառակ պարտության պատճառով:
Այլ կերպ, արցախահայությունը մայր հայրենիքի օգնությամբ ոչ միայն արժանի հակահարված է տվել «սումգայիթյան հերոսներ» հորջորջվող ադրբեջանական ոհմակներին, այլեւ ստիպել է, որ Ադրբեջանը զինադադարի խնդրանքով բացի Հայաստանից, դիմի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու դրանով վերջնականապես լուծել է ղարաբաղյան հիմնահարցը:
Ըստ երեւույթին, հիմնահարցի ռազմի դաշտի կարգավորման փաստի հետ ի սկզբանե հաշտվել են Մինսկի խմբի համանախագահող երկրներըՙ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որ նրանք ամեն մի գագաթաժողովի կամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրյակին «կարգավորման ջանքերն ակտիվացնելու» վերացական կոչ են անում կողմերին եւ դրանով էլ բավարարվում:
Կարծում ենքՙ այս պարզ ճշմարտությունը կհասկանա նաեւ ադրբեջանցի հրոսակը, եթե ի վիճակի լինի բանականությունը գերադասել ոհմակային բնազդից: Հարկ է սակայն նշել, որ ղարաբաղյան հակամարտության պարագայում խնդիրը ադրբեջանցի հրոսակի ոհմակային բնազդը չէ, այլ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը զուգընթաց հակամարտությունը կարգավորելու Թուրքիայի ապարդյուն ջանքերը, որոնք ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի հակազդեցությանը բախվելիս, միաժամանակ պատճառ են դարձել, որ միջազգային այս ուժերը փոխեն նշված երկու գործընթացների առաջնահերթությունը եւ նախապատվությունը տան նորմալացման գործընթացին:
Այս հանգամանքը եւս նախապես կանխատեսելի էր դարձնում, որ Աստանայի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ Լեռնային Ղարաբաղին առնչվող հայտարարությունը լինելու է սովորականի պես անբովանդակ: Ինչ վերաբերում է նախապատվությունը Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին տալու հանգամանքին, ապա նախորդ համարում նշել էինք, որ Թուրքիան, ձախողելով Արեւմուտքի նախաձեռնությամբ սկզբնավորված այս գործընթացը, ձախողման է դատապարտել վերջինի համապատասխան ծրագրերը:
Դա Թուրքիային կանգնեցնում էր հակազդեցությանը բախվելու փաստի առջեւ, իսկ նա ճնշումներից խուսափելու համար պատրանք էր ստեղծում, թե հայկական կողմի հետ շարունակվում են դիվանագիտական լուռ շփումները, ուստի շուտով կսկզբնավորվի գործընթացի երկրորդ փուլը:
Միջազգային հանրությանը ապակողմնորոշելու թուրքական այս նկրտումները ի չիք դարձրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոկտեմբերի 12-ին «Ուոլ սթրիթ ջոռնըլում» հրապարակված հոդվածը, որտեղ նա գրել է. «Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն, ո՛չ Ցյուրիխի «երկրորդ շրջան», ո՛չ էլ բանակցությունների որեւէ նոր փուլ»:
Ստեղծված իրավիճակում թուրքական կողմը, որը մինչ այդ փորձում էր նորմալացման գործընթացի ձախողումը բարդել Հայաստանի վրա, սկսեց «2011-ին դրական զարգացումների» հավաստիացումներով արդարանալ, թե հետամուտ է գործընթացինՙ հիշատակելով արդեն ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարակից շրջանների մասին միայն, ինչն, այնուամենայնիվ, դրական զարգացում է Թուրքիայի պարագայում:
Այս ամենի առումով հատկանշական է նոյեմբերի 26-ին նախագահ Աբդուլլահ Գյուլի Շվեյցարիա կատարած այցը, որտեղ նա շվեյցարացի գործընկերոջ հետ մամուլի համատեղ ասուլիսում, «Սթար» թերթի վկայությամբ, ասել է. «Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը եւ շրջակա երկրների հետ բարիդրացիությանը: Ղարաբաղը գուցե վիճելի տարածք է, սակայն Ադրբեջանի հողերի մի մասն օկուպացված է: Եթե դա այդպես շարունակվի, ապա կարող եք հայտնվել վտանգավոր այլ իրավիճակում: Կարգավորման համար պետք է ջանքեր գործադրել»:
Նոյեմբերի 28-ին ինքնաթիռում Անկարա վերադառնալիս նախագահ Գյուլը, ինչպես թուրքական հանրայինն է նշում, արտահայտվել է «2011-ին ակնկալվող դրական զարգացումների» մասին եւ ասել է, որ Շվեյցարիան Կիպրոսի ու Հայաստանի հարցերում վերստին ցանկանում է միջնորդական առաքելություն դրսեւորել: Ապա նա ավելացրել է. «Այդպիսի հարցերում շվեյցարացիները միջնորդությամբ հանդես գալու դիվանագիտական ավանդույթ ունեն: Ես էլ աջակցում եմ նրանց: Խորհրդակցում ենք»: Նույն օրը Վանշինգտոնում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրացրել է նրան. «Շարունակում ենք պաշտպանել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները: Դեռեւս չենք հանձնվել»:
Ինչ վերաբերում է Արեւմուտքի առաջնահերթություններիՙ հօգուտ Հայաստան-Թուրքիա նորմալացման փոփոխությանը, ապա դա էլ արտացոլում է լոնդոնյան Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը «Հայ-թուրքական հաշտեցման փշրված հույսերը» հրապարակման մեջ, որին բացի «Ազգից», նոյեմբերի 25-ին անդրադարձել էր թուրքական haberx.com կայքէջը:
Ըստ կայքէջի, ինստիտուտը, համարելով քիչ հավանական նորմալացման գործընթացի կարճ ժամանակահատվածում արդյունքի հանգելը, այնուամենայնիվ, անդրադառնում է դրան նպաստող գործոններին եւ նշում. «Կարեւոր ազդակներից մեկն էլ այն փաստարկներն են, ըստ որոնց նորմալացման գործընթացին կտրականապես հակադրվող Ադրբեջանն այդ հարցում վերանայել է իր դիրքորոշումը, քանի որ գործընթացը կանխելու պատճառով ավելի ծանր կացության մեջ է հայտնվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չսրելու առումով Թուրքիայի ճնշումներին ենթարկվող Ադրբեջանըՙ սկսած 2000-ից, թեեւ անընդմեջ ավելացնում էր ռազմական ծախսերը, սակայն հակառակ դրան, շատ քչերն են հավատում, որ Բաքուն ի վիճակի է զենքի ուժով վերցնել Լեռնային Ղարաբաղն ու օկուպացված տարածքները»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ