Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, այդ մասին գիտեն բոլորը: Արցախցիների մեծ մասի կարծիքով (բնակչության երկու երրորդը), սակայն, կառույցը հակամարտության գոտում խաղաղություն հաստատելու իրական շահագրգռվածություն չունի: Հանրային կարծիքի ուսումնասիրության բրիտանական Populus կազմակերպության իրականացրած հարցախույզը վկայում էՙ Մինսկի խմբի հանդեպ վստահություն է տածում արցախցիների մեկ քառորդից ավելի քիչ մասը:
Ի վերջո կարելի է փաստել` «Դա Արցախի եւ արցախցիների խնդիրն է», եւ շարունակել խաղաղության կառուցմանն ուղղված տեւական ջանքերը: Սակայն որքանո՞վ է հնարավոր հարատեւ խաղաղության ու կայունության հաստատումը, եւ ընդհանրապես կարգավորման որեւէ ձեւաչափի կիրառումը մի տարածքում, որի բնակչությունը վստահություն չի տածում այդ խաղաղության պահպանման ձեւաչափը մշակողների նկատմամբ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դաշտային երկու օգնականներով, ովքեր պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում ոչ այնքան հանգիստ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում, այն է, ինչի հետ Արցախում առաջին հերթին ասոցացվում է ԵԱՀԿ առաքելությունը:
Մինչդեռ գաղտնիք չէ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված որեւէ միջոցառման իրականացում կախված է լինելու առաջին հերթին հենց այս տարածքի բնակչության պատրաստակամությունից: Եվ որքան էլ միջնորդները խոսեն ղարաբաղյան կարգավորման «փայլուն» կամ «ոսկե» հնարավորության մասին, ակնհայտ է, որ հակամարտությունը հնարավոր չէ կախարդական փայտիկի մեկ հպումով լուծել, այն տեւական գործընթաց է, որի ընթացքում այդ կարգավորմանն առաջին հերթին պատրաստ պետք է լինեն հակամարտող կողմերի հասարակությունները:
Այս անհանգիստ տարածքում խաղաղություն ապահովելու կոչված ԵԱՀԿ-ն ինչպե՞ս կարող է ունենալ հակամարտությունում ներգրավված կողմի` Արցախի վստահությունն, առանց այդ տարածքի բնակչությանն իր առաքելությունը ներկայացնող թեկուզ որոշակի աշխատանքի...
Բալկանները ժամանակակից Եվրոպայի ամենաանհանգիստ հատվածն ու նրա անվտանգության հիմնական սպառնալիքը դարձան: Ուստի եւ բավականին մեծ էր ինչպես միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ, այնպես էլ հնարավորինս արագ կարգավորման հասնելու պատրաստակամությունը: Ուստի խաղաղության հաստատման եւ նախկին Հարավսլավիայի երբեմնի սահմանների վերաձեւման գործընթացներին զուգահեռ միջազգային հանրությունն աշխատանք սկսեց այդ խաղաղությունը ժամանակի ընթացքում հնարավորինս երաշխավորելու ուղղությամբ:
1999 թ. հունիսի 10-ին Միլոշեւիչի վարչակարգի դեմ ՆԱՏՕ-ի գործողությունների ավարտից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետկոնֆլիկտային Կոսովոյի իրադրության շուրջը ընդունեց հայտնի 1244 բանաձեւը: Փաստաթուղթը նախկին Հարավսլավիայից պահանջում էր ինչպես ռազմական, այնպես էլ ոստիկանական ուժերը Կոսովոյից դուրս բերել: Այս տարածքում, որը ֆորմալ առումով դեռեւս Սերբիայի մաս էր համարվում, սահմանվեց ՄԱԿ-ի ներկայությունը: Մինչեւ 2005-ի հոկտեմբերը Կոսովոյում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի առաքելությունն իրականացնում էր Նորվեգիայում ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչը, որից հետո այս առաքելությունը փոխարինվեց քաղաքացիականով: 2005 թ. հոկտեմբերի
24-ին Անվտանգության խորհուրդը հավանության արժանացրեց այս տարածքում քաղաքացիական գործընթաց նախաձեռնելու եւ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու գլխավոր քարտուղարի մտադրությունը: Այսպես էլ սկիզբ դրվեց Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարթի Ահթիսաարիի գործունեությանը Կոսովոյում, ով եւ նախապատրաստեց երկրամասի ապագա կարգավիճակի հաստատման գործընթացը:
Նախկին Հարավսլավիայի եւս մեկ անհանգիստ հատված Բոսնիա-Հերցեգովինայում մինչեւ այժմ գործում է հատուկ ներկայացուցչի գրասենյակը, որը հիմնվել է 1995 թ. Դեյթոնի խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո` քաղաքացիական մասով պայմանագրի պահպանմանը հետեւելու նպատակով:
Խաղաղության կայացմանն ուղղված ջանքերում միջնորդների անմիջական աշխատանքը նպատակային համարվող տարածքում թերեւս այդ խաղաղության իրական ապահովման ամենամեծ երաշխիքն է: Մյուս կողմից, ինչպե՞ս կարելի է կարգավորման ուղիներ մշակել կամ քննարկել որեւէ տարածքի ճակատագիրն ու ապագա կարգավիճակնՙ առանց հաշվի նստելու այդ տարածքի բնակիչների իրական ձգտումների, մտահոգությունների հետ:
Գուցե ժամանակն է արդեն, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող հիմնական մարմինը` ԵԱՀԿ-ն կամ առավել նեղ ձեւաչափով Մինսկի խումբը, մշտական ներկայացուցչություն ունենան հենց Ստեփանակերտում, որի գործունեությունը թերեւս փոխի հակամարտության անմիջական կողմ հանդիսացող ժողովրդի վերաբերմունքն ինչպես կարգավորման գործընթացի, այնպես էլ կազմակերպողների նկատմամբ: Մյուս կողմից, հակամարտության բուն տարածքում իրական տրամադրություններին տիրապետելը թերեւս Մինսկի խմբին կօգնի կողմերի տեսակետներն իրապես մերձեցնող առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել` ի վերջո ապահովելով իրական խաղաղ կարգավորում:
ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ