Որեւէ իրադարձության մենք ավելի հաճախ վերաբերվում ենք այն ընդամենը արձանագրելով: Չենք փորձում խորանալ եւ հասկանալ, թե, ասենք, ինչո՞ւ անհրաժեշտություն ծագեց, որ հենց ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովից առաջ Երեւանում բանավեճ սկսվի ադրբեջանական ֆիլմերի փառատոնի թեմայով: Ո՞ւմ էր դա պետք: Հնարավո՞ր է, որ մի որոշ ժամանակ անց մեզ մատուցվի եւս մեկ անակնկալ եւ այլն:
Ահա այդպես էլ լրատվամիջոցները պարզապես տեղեկացրին, որ նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում քննարկվել է մի հռչակագրի նախագիծ, որն իբր հեղինակել են Արտաքին քաղաքականության հարցերով ԼՂՀ հանրային խորհրդի փորձագետները:
Նախ, ի՞նչ ասել է Արտաքին քաղաքականության հարցերով հանրային խորհուրդ: Դա այլընտրանքային հաստատությո՞ւն է, թե՞ փորձագիտական կենտրոն: Ոչինչ պարզ չէ: Իսկ ինչ վերաբերում է Հռչակագրին, ապա այն շրջանառվել է ամիսներ առաջ: Եվ դրա հեղինակը Մանվել Սարգսյանն ու Անդրեաս Ղուկասյանն են: Նրանք էլ, ի դեպ, նախագիծը ներկայացրել են Ստեփանակերտում:
Փաստաթուղթը կոչվում է Հռչակագիր ԼՂՀ ժողովրդի խաղաղ ապրելու եւ զարգացման իրավունքի մասին: Հեղինակների կարծիքով, այն պետք է ընդունվի Արցախի Ազգային ժողովում:
Թե ի՞նչն է նրանց դրդել նման նախաձեռնության, դժվար է գուշակել: Բանն այն է, որ ԼՂՀ-ն ունի սահմանադրություն, որը եւ նրա ժողովրդի համաձայնեցված կամքի արտահայտությունն է` ապրել խաղաղ, ինքնիշխան, զարգացնել բնականոն հարաբերություններ բոլոր հարեւանների հետ:
Սահմանադրություն ընդունած ժողովուրդը Հռչակագրի կարիք ունի՞: Քննարկման նախաձեռնողները գտնում են, որ «դա կլինի ԼՂՀ ժողովրդի պատասխանը Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությանը»: Մանվել Սարգսյանը Ստեփանակերտում նույնիսկ ասել է, որ «այդ հայտարարության վերաբերյալ ԼՂՀ-ից արձագանք չի եղել»:
Սա այն դեպքն է, երբ, իրոք, «եզան տակ հորթ են փնտրում»: Բանն այն է, որ ԼՂՀ խորհրդարանի քաղաքական ուժերը դեռեւս 2008թ. տարեվերջին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ շատ հստակ ասված է, որ «բանակցային գործընթացի կոնտեքստը ԼՂՀ-ի համար հետաքրքրություն չի ներկայացնում»: Ավելի վաղՙ նույն տարվա ապրիլին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ասել է, որ «մադրիդյան սկզբունքները ԼՂՀ-ի համար անընդունելի են»:
Եթե Մանվել Սարգսյանը համարում է, որ հիշյալ անդրադարձները չեն վերաբերում ՄԽ համանախագահների եւ միջնորդ երկրների առաջնորդների հայտարարություններին եւ հստակ չեն ներկայացնում ԼՂՀ պետական, քաղաքական ու հանրային շրջանակների տեսակետը, ապա դա արդեն, ինչպես ասում են, «ընկալման խնդիր է»: Ամեն դեպքում, սակայն, որեւէ նախաձեռնություն, թվում է, պարտադիր չէ կառուցել ինչ-որ բան ժխտելու կամ ինչ-ինչ իրողություններ անտեսելու մղումով: Այսպիսի եզրահանգման համար հիմք է տալիս Ստեփանակերտում Մանվել Սարգսյանի արտահայտած այն միտքը, որ «միայն ԼՂՀ-ի ճանաչումը նրան կդարձնի գործոն»:
Եթե Արտաքին քաղաքականության հարցերով ԼՂՀ հանրային խորհուրդը ընդունում է այդ տեսակետը եւ փորձում է բավարար հող նախապատրաստել, որպեսզի հարցի քաղաքական ընկալումը տեղափոխվի այնպիսի հարթություն, որ, ահա, «Ղարաբաղն է պահանջում, որ իր անկախությունը ճանաչվի», ապա իմաստ չկա նպատակը խճողել:
Անհրաժեշտ է, որ հարցը քննարկվի հստակ դրվածքով: Իսկ դրա համար պետք է կատարել լուրջ փորձագիտական աշխատանք, որից հետո միայն ներկայանալ հանրային կամ քաղաքական շրջանակներին:
Կարելի է չկասկածել` այս կարգի այլ քննարկումներ լինելու են նաեւ առաջիկայում: Հայտնվելու են ամենատարբեր «նախագծեր», «ծրագրեր» եւ «խորհրդատվություններ»: Բայց լուծման ամեն մի առաջարկ պարտադիր պետք է պարունակի առաջին հերթին ենթադրվող մարտահրավերների ճշգրիտ հաշվարկն ու դրանք չեզոքացնելու հնարավորությունները:
Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է առաջարկում Հռչակագիրը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) ինքնիշխան ժողովրդավարական պետություն է»: Այս դրույթն ամրագրված է սահմանադրությամբ, բայց դա Հռչակագրի հեղինակներին բավարար չի թվացել, եւ նրանք ավելացրել են, որ ԼՂՀ-ն «Խորհրդային Միության իրավահաջորդն է նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի (պետք է լիներ` Ադրբեջանական ԽՍՀ- Վ. Ա.) ԼՂԻՄ- ի եւ Շահումյանի շրջանի տարածքներում»: Ինչպես ասում են, հետաքրքրականն սկսվում է այստեղից:
Նախ, ինչո՞ւ ԼՂԻՄ-ը եւ Շահումյանի շրջանը հատկապես անվանված են որպես «նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի», այսինքն` վերջինիս «պատկանող» միավորներ: Շահումյանի հարցում գուցե այդպես հնարավոր է ասել, բայց չէ՞ որ Լեռնային Ղարաբաղը օժտված էր ինքնավարությամբ, ուստի եւ չէր պատկանում Ադրբեջանական ԽՍՀ-ին, այլ «գտնվում էր նրա կազմում»: ԽՍՀՄ սահմանադրության մեջ, ի դեպ, օգտագործվում էր հենց «գտնվում է» ձեւակերպումը: Իսկ «գտնվելը» եւ «պատկանելը» տարբեր բաներ են: Մանավանդ որ Հռչակագրի հեղինակները ԼՂՀ-ն համարում են ԽՍՀՄ իրավահաջորդ: Ադրբեջանական ԽՍՀ-ին «պատկանած» ԼՂԻՄԻ-ի եւ Շահումյանի շրջանի «տարածքներում» անկախություն հռչակած ԼՂՀ-ն չի կարող լինել ԽՍՀՄ իրավահաջորդ, բայց նա իրավահաջորդ է, քանի որ անկախացել է ոչ թե Ադրբեջանից, այլ` որպես ԽՍՀՄ` միասնական միութենական պետության իրավական համակարգի օրինական սուբյեկտ, երբ այդ Միությունը լուծարվել է:
Երկրորդ, ըստ Հռչակագրի այդ ձեւակերպման, ԼՂՀ տարածքը սահմանափակվում է նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի վարչական սահմաններով: Ավելին, հեղինակների կարծիքով, «ԼՂՀ պետական սահմանները կարող են փոփոխվել միջազգային իրավունքին համապատասխան, խաղաղ ճանապարհով եւ համաձայնությամբ: ԼՂՀ սահմանադրության համաձայն, մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ-ի իրավազորության ներքո»:
Այստեղ արդեն Հռչակագրի հեղինակները «սայլ են ձիու առջեւից կապել»: Նրանք, ըստ էության, իրենց իրավունք են վերապահել յուրովի մեկնաբանել ԼՂՀ հիմնական օրենք սահմանադրությունը: Այսինքն, դատելով Հռչակագրից, ԼՂՀ պետական տարածքն այն է, որի սահմաններում անկախություն է հռչակվել 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, իսկ փաստացի սահմանները «կարող են փոփոխվել միջազգային իրավունքին համապատասխան, խաղաղ ճանապարհով եւ համաձայնությամբ»:
Ոչինչ չի ասվում, թե որն է «խաղաղ ճանապարհը», ինչ է նշանակում «համաձայնությամբ» սահմաններ ենթարկել փոփոխության: Եվ` միջազգային իրավունքում կա՞ որեւէ ունիվերսալ նորմ, որի համապատասխան կարող են գործել սահմանների փոփոխության «խաղաղ ճանապարհի» եւ «համաձայնության» մեխանիզմները:
Որքան հայտնի է, պետություններն իրենք են որոշում իրենց սահմանները փոփոխության ենթարկելու կամ չենթարկելու հետ կապված հարցերը: Եվ բոլոր դեպքերում գերակա է դիտվում քաղաքացիների կամքի ազատ արտահայտությունը: Հնարավոր է` կան պետություններ, որ սահմանների, ինչպես պատերազմի ու խաղաղության հարցերի լուծումը վերապահում են խորհրդարանին, բայց դրանից սկզբունքը չի փոխվում. խորհրդարանը բարձրագույն ներկայացուցչական մարմին է, որ արտահայտում է դարձյալ բոլոր քաղաքացիների կամքը:
Այս Հռչակագրի պարագայում դա անտեսված կամ, առնվազն, հստակեցված չէ: Մինչդեռ շատ ավելի տրամաբանական եւ, ելնելով իրավիճակից, նպատակահարմար կլիներ, եթե նրանում առաջնային համարվեին ԼՂՀ ներկա փաստացի սահմանները, իսկ դրանց հնարավոր փոփոխության իրավունքը վերապահվեր բացառապես համաժողովրդական կամարտահայտությանը: Տրամաբանական է, որ եթե քաղաքացիների կամքի արտահայտության մասին ոչինչ ասված չէ, ապա, ըստ Հռչակագրի, այդպիսի «համաձայնություն» կարող է ձեռք բերվել քաղաքական որոշումների հարթությունում, այն է` բանակցությունների միջոցով: Այս դեպքում էլ, սակայն, անորոշ է մնում, թե ո՞ւմ է վերապահվում այդ հարցով բանակցություններ վարելու լիազորությամբ օժտելու իրավունքը:
Հռչակագրում վիճելի շատ այլ կետեր եւս կան: Բայց այն, ինչի մասին խոսվեց, ունի սկզբունքային նշանակություն: Քանի որ որեւէ հռչակագիր ենթադրում է նաեւ հետագա քայլեր: Իսկ եթե հիմք ընդունենք իրավահաջորդության, սահմանների, դրանց փոփոխության իրավունքի հետ կապված հռչակագրային ձեւակերպումները, ապա դրանցից բխում է մի մոտեցում, որն ընդհանրության մեջ ղարաբաղյան կարգավորման հայեցակարգը մոտեցնում է խաղաղ ապրելու նպատակի իրացմանը: Իսկ դա արդեն բոլորովին այլ նյութ է, եթե ավելին չասվի:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ