«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2010-11-30 | #221, 2010-12-01 | #222, 2010-12-02


ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ` «ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ»

Բաքուն խորհուրդ է տալիս ՄԱԿ-ին

Աստանայում` ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշել է. «Հուսով եմ, որ կողմերը կշարունակեն բանակցությունների ընթացքում քննարկել բոլոր հարցերը: Որքան հասկանում եմ, վերջին քննարկումները որոշակի թափ են առել: Հուսով եմ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը որքան հնարավոր է արագ համաձայնության կհասնեն այս հարցի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջը: Միաժամանակ հորդորում եմ Հայաստանին եւ Ադրբեջանինՙ ձեռնպահ մնալ շփման գծում սադրիչ քայլերից եւ հեռացնել շփման գծում գտնվող նշանառուներին: Դա օգտակար կլինի ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ այն բոլոր խմբերի համար, որոնք լարված աշխատանքով ջանում են արագացնել խաղաղ բանակցությունները»: Անշուշտ` բավական տրամաբանական, խաղաղասիրական, ասել է թեՙ ՄԱԿ-ի սկզբունքերին ու էությանը համապատասխան հայտարարություն:

Ամենաներկայացուցչական այս միջազգային կառույցը բոլոր ժամանակներում էլ հանդես է եկել մարդասիրության դիրքերից (համենայն դեպս` ըստ հայտարարությունների) եւ խիստ կարեւորել է մարդկային կյանքի գործոնը: Եվ, հորդորը կողմերինՙ հանել դիպուկահարներին շփման գծիցՙ հենց փաստում է, որ ՄԱԿ-ը շատ լավ գիտակցում է, որ հենց նրանց առկայությունն է պատճառը` այսքան շատ մարդկային զոհերի:

Սակայն պարզվում է, որ շփման գծում մի շարք զինվորների, անհատ քաղաքացիների կյանք խլած դիպուկահարների հեռացումը ընդամենը «երկրորդական հարց է»: Այսպես` ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Ակշին Մեհտիեւը երեկ հարցազրույց է տվել ադրբեջանական կայքերից մեկին, որտեղ հանդես է եկել` որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` ոչ ավել, ոչ պակաս, խորհրդատու: «Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում մենք, բացի ԵԱՀԿ-ից մտադիր ենք ներգրավվել նաեւ այլ միջազգային կառույցների», ասել է Մեհտիեւը` հավելելով, որ կոնկրետ ՄԱԿ-ում իրենք պատրաստել էին հատուկ հռչակագիր, սակայն հետագայում հետ են վերցրել: «Այժմ մենք սպասում ենք օկուպացված տարածքներ կատարած միջազգային առաքելության արդյունքներին, որից հետո կհստակեցնենք մեր հետագա քայլերը»: Հիշեցնենք, որ, ըստ Մինսկի խմբի համանախագահ ֆրանսիացի Ֆասիեի` զեկույցը` առաքելության արդյունքների մասին, կողմերին կներկայացվի հունվարին: Ինչեւէ: Մեհտիեւը, իհարկե, առիթը բաց չի թողել անդրադառնալու Պան Կի Մունի հայտարարությանը: Ադրբեջանցի դիվանագետը նշել է. «Ես խորհուրդ կտամ Պան Կի Մունին, որ նա, լինելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, զբաղվի հակամարտության լուծմամբ, այլ ոչ թե երկրորդական հարցերով»: Կա երեք տարբերակ` կա՛մ Մեհտիեւը չի ըմբռնում կոնկրետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բազմիցս արած հայտարարությունները, որ «ՄԱԿ-ը չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության լուծմամբ», կա՛մ ադրբեջանցին առհասարակ չի հասկանում, որ դիպուկահարները նաեւ կրակում են ու հաճախ էլ սպանում: Բոլոր դեպքերում, պետք է նկատել, Ակշին Մեհտիեւի` եթե ավելի կոշտ` մտավոր կարողությունները, եթե ավելի նուրբ` հավակնությունները առնվազն կասկածի տեղիք են տալիս: Ի դեպ, խոսելով Աստանայի գագաթաժողովից սպասելիքների մասին, Մեհտիեւը նշել է, որ «Ղարաբաղի հարցում կարելի է սպասել բեկում»: Թերեւս Ակշինը դեռ չգիտեր, որ իր իսկ նախագահը ստորագրելու է մի հայտարարություն, այնուհետեւ ելույթով հերքելու է իր իսկ ստորագրությունը` հակասելով «այդքան սիրելի» միջազգային հանրությանը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4