Դրանք պատմության խոսուն վկաներն են
ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի բազմաթիվ երկրներում խորհրդային ամեն ինչից ազատվելու փորձերը երբեմն հասնում էին անհեթեթության: Փորձելով ԽՍՀՄ հապավումը մաքրել իրենց պատմության էջերից, ոչնչացվում էին ոչ միայն հուշարձաններն ու քանդակները, այլեւ երբեմն վանդալները դիմում էին ծայրահեղ միջոցների` քանդում Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանները:
1991-ին Հայաստանի Հանրապետության հրապարակից հանվեց 70 տարի մի քանի տասնյակ պետությունների միլիոնավոր բնակչության պաշտամունք հանդիսացող Լենինի արձանը: Հրապարկում բազմությունը շատ էր: Պահպանված կադրերում երեւում է, որ մարդիկ գիտակցում էին` արձանը հանվեց, սակայն դրանով Խորհրդային Միության մասին հիշողությունները չջնջվեցին: Այսօր պահպանված է միայն պրոլետարիատի առաջնորդի արձանի գլուխը Ազգային պատկերասրահի նկուղում:
Մի քանի ամիս առաջ Ուկրաինայի Զապորոժիե շրջանում խուլիգանները գլխատեցին Լենինի արձանը: Ջարդել էին արձանի գլխի հատվածն ու նետել աղբարկղը: Հուլիսին էլ Օդեսայում երիտասարդները Լենինի արձանը պարանով կապել էին մեքենայից եւ գցել պատվանդանից:
Լենինի արձանի հանդեպ վանդալիզմ արձանագրվեց նաեւ 2009թ. ապրիլի 1-ին, երբ Սանկտ Պետերբուրգում` Ֆիննական կայարանի դիմաց մի խումբ երիտասարդներ պայթեցրին նրա հուշարձանը:
Ռուս քանդակագործ, մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության վարպետ Լեոնիդ Բարանովի ներկայացմամբՙ Խորհրդային Միության մասին կան բազմաթիվ փաստաթղթեր, անուններ, սակայն չկան այդ ժամանակաշրջանը ներկայացնող հուշարձաններ, քանդակներ:
«Հուշարձաններն ու քանդակները պատմական փաստաթղթեր են, կապ չունիՙ նա լավ, թե վատ քաղաքական գործիչ էր: Քանդակները պետք է պահպանվեն: Քայլում եմ Մոսկվայի փողոցներով, եւ ինձ ոչինչ չի հիշեցնում 20 տարի առաջվա քաղաքից, ամեն ինչ փոխվել է, պատմություն չի մնացել: Մենք պետք է պահպանենք այն, ինչ որ մնացել է, Մոսկվան հսկայական քաղաք է, բայց դատարկություն է զգացվում, որովհետեւ չկան հուշարձաններ, որոնք տվյալ ժամանակաշրջանը կբնորոշեն», ասաց նա երեկ «Նովոստի» մամուլի սրահում «Խորհրդային ժամանակաշրջանի հուշարձանների ճակատագիրը: Քանդե՞լ, թե՞ պահպանել» խորագրով Երեւան-Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ տեսակամրջի ժամանակ:
Ուկրաինայի կոմկուսի պատգամավոր Ալեքսանդր Գոլուբի ներկայացմամբՙ խորհրդային շրջանում կառուցված հուշարձանները միայն գաղափարախոսությամբ չէին առաջնորդվում. նրանցից շատերը արվեստի գլուխգործոցներ էին:
«Եթե հուշարձանը քանդես, մի՞թե ժամանակաշրջանը կմոռացվի: Սա պարզունակ մտածելակերպ է: Հասարակությանը չեն հարցնում, երբ քանդում են այս կամ այն հուշարձանը», ասաց պատգամավորը` հավելելով, որ Կիեւում բազմաթիվ հուշարձաններ են քանդել: Պատգամավորը նշում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն դեմ էր խորհրդային դարաշրջանի հուշարձանների պահպանմանը, մինչդեռ նախագահական նստավայրը, որտեղ նա ապրում էր, կառուցվել էր Խորհրդային Միության ժամանակ:
Արվեստաբան Ելենա Ժիրկովան առաջարկում է պայքարել գաղափարախոսության դեմ, բայց ոչ արվեստի: «Դրանք պետք է մնան, որպեսզի ավելի ցայտուն արտացոլվեն խորհրդային բարքերն ու հասարակարգը: Չէ՞ որ յուրաքանչյուր ժամանակաշրջան իր առանձնահատկությունն ունի, իսկ դրա լավագույն արտահայտչամիջոցը արվեստն է», նշեց նա:
Ճարտարապետ Գրիգորի Բասենովը այն հասարակական շարժման ակտվիստներից էր, ովքեր դեմ էին, որ Քիշնեւի կենտրոնում Մարքսի եւ Էնգելսի արձանը քանդեին: Ճարտարապետի բնութագրմամբՙ արձանը խորհրդային հասարակարգի գաղափարախոսություն չէր խորհրդանշում. երկու փիլիսոփաներ էին, որոնք զրուցում էին: «Բայց իշխանությունները այդ արձանի մեջ գտան գաղափարախոսություն եւ քանդեցին: Մի՞թե դրանով Մարքսի կամ Էնգելիս մասին մարդիկ մոռացան»:
Երեւանի Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի գնահատմամբՙ պետք է հասարակությունն իրավունք տա` քանդե՞լ արձանը, թե՞ ոչ: Իգիթյանը պատմում է, որ Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնած է Սպանդարյանի արձանը: «Վերջերս քաղաքապետարանում քննարկում տեղի ունեցավ, երկար բանավեճից հետո եկանք այն եզրակացության, որ արձանը կպահպանվի, սակայն այլ վայրում: Սպանդարյանը վատ մարդ չէր, նա ազնիվ հեղափոխական էր եւ ցանկանում էր օգնել ժողովրդին»:
Իգիթյանը հավելում է, որ Փարիզի ամենագեղեցիկ կամուրջներից մեկը կոչվում է Ալեքսանդրովյան: «Ֆրանսիայում չեն ամաչում իրենց պատմությունից, պահպանում են ու փոխանցում սերունդներին, իսկ մենք մեր ապագա սերունդների փոխարեն որոշում ենք, թե ինչ պետք է իմանան, ինչը` ոչ: Դա մեր ժառանգությունն է, կան բացարձակ արժեքներ, որ պետք է պահպանել»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ