«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2010-12-01 | #222, 2010-12-02 | #223, 2010-12-03


ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ ԹՈՒՅԼ ՉՏԱԼ

2010 թ. ընթացքում ՀՀ-ի տնտեսական փոփոխությունները աչքի են ընկնում ապրաքների եւ պարենի գների աննախադեպ թանկացմամբ: Ամառվա ամիսներին գյուղմթերքների աննախադեպ բարձր գները իշխանությունները բացատրում էին անբարենպաստ եղանակային պայմաններով: Սակայն թանկացումները նկատելի են ոչ միայն պարենային, այլեւ այլ տիպի ապրանքների ու ծառայությունների պարագայում, որոնց գնագոյացումը եղանակային պայմանների հետ կապ չունի: Վերջին մեկ ամսվա ընթացքում պանրի գնի բարձրացումը, օրինակ, մեկ անգամ եւս հաստատեց, որ խնդիրը ոչ թե եղանակային պայմաններն են, այլ ՀՀ-ում իշխող տնտեսության ոչ ազատ մրցակցային շուկայական համակարգը, որը մոնոպոլիզացրել է տնտեսության հիմնական ճյուղերը, Հայաստանը դարձրել ներմուծող երկիրՙ թույլ արտադրությամբ եւ արտաքին առեւտրի բացասական աննախադեպ մեծ սալդոյով: Այս ամենը մտահոգում է մեր երկրի քաղաքացիներին, սպառողներին, երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց, ովքեր հասկանում են, որ հարկավոր են արմատական փոփոխություններ երկրի տնտեսական համակարգը կարգի բերելու, ներքին արտադրողին աջակցելու եւ մենաշնորհները վերացնելու ուղղությամբ: Գնագոյացման ներկա մեխանիզմը ուղղակիորեն կապված է նաեւ ՀՀ-ում առկա կոռուպցիոն ռիսկերի հետ, որոնք սպառնում են մեր պետության պարենային անվտանգությանը:

Արմենական-ՌԱ կուսակցությունը կոչ է անում իշխանություններին գործնական քայլեր ձեռնակել Նոր տարվա նախաշեմին պարենային ապրանքների թանկացման հերթական ալիքը թույլ չտալու, սպառողների շահերը պաշտպանելու եւ պարենային անվտանգության ռազմավարություն մշակելու ուղղությամբ:

ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ, Հանրապետական վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4